Չհայտարարված հանդիպում Բիշքեկում․ Փաշինյան-Ալիև օրակարգում՝ խաղաղությունից մինչև TRIPP ու առևտուր

Բիշքեկում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի մասին պաշտոնապես որևէ բան նախապես չէր հաղորդվել, սակայն ենթադրվում էր։ Հանդիպման մասին հայտնի դարձավ հանդիպումից բառացիորեն րոպեներ առաջ, ընդ որում՝ առաջինը ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդեցին՝ Փաշինյանն ու Ալիևը «մի քանի րոպեից» հանդիպելու են։ Փաշինյանը Բիշքեկ էր մեկնել առավոտյան, այսինքն՝ հանդիպումը կայացել է մեկնելուց անմիջապես հետո։ Պաշտոնական հաղորդագրությունները հակիրճ են։ Իսկ կադրերից պարզ է դառնում, որ հանդիպումն ընդլայնված կազմով էր։ Հայկական պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ադրբեջանական կողմից՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Հայաստանի վարչապետի խոսնակի հաղորդագրությունների համադրումից կարելի է ենթադրել, որ Փաշինյան-Ալիև փակ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ 20 րոպե։

Ի՞նչ է քննարկվել։  «Ռադիոլուրի» դիտարկումներով՝ հայկական և ադրբեջանական կողմերի հաղորդագրություններում շեշտվում է խաղաղության գործընթացի և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, սակայն դրանց շեշտադրումները որոշ առումով տարբեր են։ Երկու կողմն էլ կարևորում են  Վաշինգտոնի գագաթնաժողովը, որին ստորագրվեց հայտնի հռչակագիրը։ Հայաստանի կառավարությունից 8 պարբերությամբ 8 շեշտադրում է փոխանցվում։

«Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Կարևորվել են խորհրդարանների, քաղհասարակության և գործարար համայնքների միջև շփումները և փոխշահավետ տնտեսական հարցերը, ինչպես նաև՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքը շարունակելու կարևորությունը»։

Փաշինյանը և  Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփմամբ շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը։ Առանձին կետ կա TRIPP-ի կյանքի կոչման հետագա գործնական քայլերի մասին։

Դեռ փետրվարին՝ Աբու Դաբիում Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո ևս ադրբեջանական կողմը  խոսում էր Հայաստանի համար նավթամթերքի տարանցման և երկկողմ առևտրի մեկնարկի մասին։ Այսինքն՝ տնտեսական բաղադրիչը նոր չէ։ Բայց Բիշքեկում այն արդեն ներկայացվում է որպես խաղաղության գործնական արդյունք։

Ուշագրավ է, որ այս անգամ ադրբեջանական կողմը պաշտոնական հաղորդագրության մեջ չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ խոսելով TRIPP-ի և կապակցվածության նախագծերի մասին։ Սա հատկապես ուշագրավ է այն ֆոնին, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի նախագահը TRIPP-ը կրկին անվանել էր «Զանգեզուրի միջանցք», ինչին հայկական կողմն արձագանքել էր, որ արտատարածքային որևէ տրամաբանություն համաձայնեցված չէ։

Երկու կողմերի հաղորդագրություններում էլ չկա հիշատակում Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին։ Սա ևս ուշագրավ է, որովհետև օրեր առաջ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ նոր սահմանադրության ընդունումը երկրի ներքին օրակարգն է, բայց միաժամանակ ընդունել էր, որ Ադրբեջանը սահմանադրական փոփոխությունների թեման ակտիվորեն բարձրացնում և գործիքայնացնում է։

«1990 թվականի Անկախության հռչակագրի նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի, ինչո՞ւ, մի պարզ պատճառով մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին»։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է սահմանազատման հարցով  հանձնաժողովների  աշխատանքը շարունակելու համաձայնությունը։ Այս թեման անմիջականորեն կապվում է անկլավների թեմայի հետ։ Իր վերջին ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների և էքսկլավների հարցը ներկայում Ադրբեջանի հետ առանձին բանակցության առարկա չէ։ Փաշինյան․

«Ես, դա ասում եմ, հենց ձեր ասած, վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար։ Ես էդ թեմային ներվը հանում եմ, որպեսզի, դ հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիան էսկալացիան կառուցել»։

Ընդդիմության գնահատականները, սակայն, Բաքվի հետ շփումների մասով շարունակում են մնալ կտրուկ։ Օրեր առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը պնդում էր, որ Փաշինյանի քաղաքականությունը կապված է Ադրբեջանի պահանջների կատարման հետ։

«Վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ ոչ ենք քվեարկելու, թույլ չենք տալու, որպեսզի նման Սահմանադրություն գնա խորհրդարան»։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած տրանսպորտային, լոգիստիկ կամ էներգետիկ ենթակառուցվածք պետք է գործի Հայաստանի համաձայնությամբ և Հայաստանի համար տնտեսական օգուտ ապահովի։

«Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքում, և որևէ երկիր իրավունք չունի «դա կոչել միջանցք», «դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով»։  

Ընդդիմադիրների քննադատության հիմնական հարցն այն է, թե ինչ պայմաններով է այդ հաղորդակցությունն իրականացվելու, ի՞նչ է ստանալու Հայաստանը, և արդյոք դա չի՞ վնասում երկրի ինքնիշխանությանը։

2025-ի սեպտեմբերի 1-ին ևս Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին  Շանհայի  գագաթնաժողովի շրջանակում։ Այն ժամանակ հաղորդվում էր խաղաղության օրակարգի, կառուցողական երկխոսության, փոխադարձ վստահության և տարածաշրջանային կայունության մասին։ Մեկ տարի անց  Բիշքեկում նույն գործընթացը ստացել է ավելի լայն՝ տնտեսական, էներգետիկ և տարածաշրջանային կապակցվածության օրակարգ։

Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվե՞լ է կոնկրետ փաստաթղթերի ստորագրման կոնկրետ ժամկետ՝ չի հրապարակվում։

Leave a Comment