Մարգարայի անցակետը պատրաստ է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ սպասման մեջ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովն այս տարի անցկացվել է Գյումրիում։ Հավաքի շրջանակում դիվանագետներն այցելել են հայ-թուրքական սահման և ծանոթացել Մարգարայի անցակետում կատարված աշխատանքներին։ Այցին անդրադարձել են նաև ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ հայկական հատվածը լիովին պատրաստ է շահագործման։ Սա հերթական առիթն է դարձել խոսելու հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը արտգործնախարարության ղեկավար կազմին և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետի վերանորոգման և վերազինման աշխատանքները՝ ընդգծելով, որ անցակետը լիովին պատրաստ է շահագործման։ Հայկական կողմը վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի հատվածը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ։

Դիվանագետների այցին ու հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձել են ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալությունը, մասնավորապես շեշտել է անցակետի՝ գործարկմանը պատրաստ լինելու հանգամանքը։ Իսկ  AzerNews-ն ավելի վաղ Մարգարա–Ալիջան անցակետի հնարավոր բացումը դիտարկել էր Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային գործընթացների համատեքստում։ Փետրվարին հրապարակված վերլուծության մեջ նշվում է, որ թուրքական կողմում Ալիջանի անցակետի վերակառուցումն արագացվել է, իսկ բացումը կարող է նշանակալի փոփոխություն լինել տարածաշրջանային դինամիկայում։

Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին խոսակցություններն ակտիվացան տարեսկզբին, թեև գետնի վրա դրանք որևէ արդյունք չտվեցին, մայիսի կեսերին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին հայտարարեց՝ Անկարայի և Երևանի միջև առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․

«2022 թվականից ի վեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են ։ Ընդհանուր սահմանը բացելու համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են։ Նոր կարգավորման շնորհիվ այժմ հնարավոր է Թուրքիայից երրորդ երկիր և այնուհետև Հայաստան գնացող կամ նույն երթուղով Հայաստանից եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագման վայրը գրել որպես «Հայաստան կամ Թուրքիա»։

Երևանը ողջունել է Թուրքիայի՝ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու որոշումը՝ շեշտելով, որ այն «կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»:

Մարգարայի անցակետը վերջին անգամ տասը օրով բացվեց հունիսի 12-ին՝ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Այդ օրերին «Ռադիոլուր»-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե արդյոք հնարավոր է, որ անցակետը «սահուն կերպով» էլ չփակվի ու բաց մնա։

«Հարցին չեմ կարող պատասխանել։ Դե քանի դեռ չի հայտարարվել բացման մասին, ուրեմն հնարավոր չէ։ Այսինքն՝ երբ հայտարարվի, որ բացվել է ու բացվի, ուրեմն բացվել է»։  

Հարցին հստակ պատասխան չէր տվել նաև Հայատանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Մայիսի սկզբին Երևանում  եվրոպական քաղաքական համայնքի գագաթանաժողովին մասնակցող բանագնացը ընդգծել էր՝ համաժողովի ժամանակ սահմանի բացման հարց չի քննարկվել․

«Ալիջանի անցակետի շինարարությունը գրեթե պատրաստ է, բայց կան որոշ հարցեր, որոնք պետք է ավարտին հասցվեն, այնտեղ մարդիկ պետք է նշանակվեն, ինտերնետ կապ պետք է հաստատվի և այլն, և այդպես շարունակ»։

Մայիսի կեսերին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ թե հայ-թուրքական երկխոսությունն այնքան է հասունացել, որ ամեն պահի կարող է լինել ամբողջական կարգավորում, ընդ որում՝ տնտեսական լուրջ ձեռքբերումներով: Նա ընդգծել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների․

«Գաղտնիք չի, որ Թուրքիան այս գործընթացը որոշակիորեն կապում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետ։ Մեր գնահատմամբ՝ սա այնքան էլ կառուցողական մոտեցում չէ, և մենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ վարում ենք առանց նախապայմանների, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ սկզբում մասնակի սահմանը բացելու 3-րդ երկրների քաղաքացիների և Հայաստանի ու Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար»։

Թուրքական կողմը, սակայն, շարունակում է սահմանի բացումն ու հարաբերությունների վերջնական կարգավորումը պայմանավորել խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Թուրք փորձագետ, Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս Մուստաֆա Այդընը հուլիսին «Ակոս» թերթին տված հարցազրույցում մանրամասնել է, որ հայաստանյան ընտրություններից հետո սպասվում էր, որ Թուրքիան կբացի իր սահմանային անցակետը, սակայն այդպես չեղավ․

«Ադրբեջանից ստացվող առաջին տպավորությունն այն է, որ «մենք կկարգավորենք հարաբերությունները, բայց խաղաղության համաձայնագիր չենք ստորագրի, եթե Սահմանադրությունը չփոխվի»։ Թուրքիան նույնպես սահմանի բացումը կապել է դրա հետ։ Թվում է, թե Թուրքիան չի բացի սահմանը, բայց կշարունակի կարգավորման գործընթացը։ Աշնանը մենք ավելի լավ կհասկանանք, թե արդյոք սա կշարունակվի։ Այլ կերպ ասած, երբ Թուրքիայի օրակարգը մի փոքր հանդարտվի, երկրի նոր դիրքորոշումը պարզ կդառնա։ Այսօր անհնար է ասել, որ այն կբացվի որոշակի ժամանակահատվածում։ Բայց կարող ենք ասել, որ այն չի բացվի մինչև աշուն»։

Ադրբեջանը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտներում՝ շեշտել է թուրք միջազգայնագետ Մուստաֆա Այդընը։ Նրա խոսքով՝ Անկարան չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները Բաքվի հետ, առավել ևս, որ այս պահին սահմանը բացելու հրատապ անհրաժեշտություն չի տեսնում։

Միաժամանակ Այդընը նկատել է, որ նույնիսկ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման երկու երկրների գործակցությունն աստիճանաբար խորանում է նաև «անսպասելի» ոլորտներում։ Նրա գնահատմամբ՝ սա նշանակում է, որ իրավիճակը հնարավոր է կառավարել և պահպանել որոշ ժամանակ ևս, ինչն իր հերթին կարող է ուղղակիորեն ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամիկայի վրա։

Leave a Comment