17 պետությունների առաջնորդներ հավաքվել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ընթանում է Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Պետությունների ղեկավարները կառույցի երկօրյա աշխատանքի ընթացքում նաև երկկողմ հանդիպումներ կունենան։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն ծրագրված է սեպտեմբերի 1-ին։ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ այս տարվա ապրիլի 1-ին։ Դրանից հետո երկկողմ հարաբերությունները նկատելիորեն լարվել են տարբեր զգայուն հարցերի պատճառով։
Փաշինյան-Պուտին հանդիպումից ժամեր առաջ ՌԴ նախագահը հեռագիր է հղել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին՝ շնորհավորելով ծննդյան 72–ամյակը։ Սա ընկալվել է որպես հայ–ռուսական բիշքեկյան բարձր հանդիպման սպասվող քննարկումների ծանուցում, հատկապես երբ օրերս պաշտոնական Մոսկվան անընդունելի էր համարել ռուսամետ ընդդիմության ղեկավարների համատարած ձերբակալությունները Հայաստանում։ Բնական է, որ Պուտինի հեռագիրը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը խաղաքարտ է համարում․
«Քննարկվելու է այդ թվում կալանքների հարցը, նախագահ Քոչարյանի կալանքի հարցը։ Եթե մեր երկրի ներսում զուտ տնտեսական հարց լիներ, ինչո՞ւ պետք է այդ հարցը նման կարևորագույն հարթակում քննարկման առարկա դառնար։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կալանավորում է Հայաստանում քաղաքական ընդդիմադիր առաջնորդներին, որ հետո առևտուր անի Պուտինի հետ։ Ես կարծում եմ` շատ ավելի մեծ է խաղը, քան դա»։
Պուտինը Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է «մարտահրավեր» և հոգևոր ուժ ու տոկունություն մաղթել երկրորդ նախագահին։ Միաժամանակ նշել է, որ Ռուսաստանը չի մոռացել նրա անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների մեջ։ Այս առումով Ռուսաստանի ընկալումները հակասում են Հայաստանի հասարակական տրամադրություններին։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան․
«Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի կախվածություն Ռուսաստանից անիմաստ էր և ողբերգական, և, այո, դրա ճարտարապետը Ռոբերտ Քոչարյանն էր»։
Սպասվող հանդիպմանն ընդառաջ ևս մեկ ուղղություն–պահանջի մասին Պուտինի խոսնակն է ակնարկել․
Ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ ընգծելով, որ ռուսական կողմը հենց դա է առաջարկում՝ անցկացնել հանրաքվե։ Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտինն իհարկե կօգտագործի հանդիպումը ևս մեկ անգամ ներկայացնելու ռուսական կողմի փաստարկները։ ԵՄ–ին հնարավոր անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցը պետք է լուծում ստանա՝ ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին օրերին պարզաբանել են, որ Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնի, դրական արձագանք ստանա և հստակեցնի քայլերի ժամանակացույցը։ Ավելի պարզ ձևակերպմամբ՝ խոսքը տարիներ տևող գործընթացի մասին է։ Բայց Ռուսաստանն արդեն այս փուլում անընդունելի է համարում ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ գնալու մտադրության համատեղելիությունը։
Բիշքեկ մեկնելուց առաջ վարչապետ Փաշինյանը ենթադրում էր, որ Ռուսաստանի հետ խոսակցությունը այս փուլում ծանր է լինելու։ Մեկ շաբաթ առաջ Աժ ամբիոնից նա խոսում էր կառավարության հնգամյան ծրագրում Ռուսաստանի հետ գործակցության մասին․
«Մեր նպատակը Ռուսաստանի հետ փոխշահավետ, բազմաոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունն է՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։ Սա հեշտ գործընթաց չէ, բայց մենք առանց կրքեր բորբոքելու գնալու ենք այս ճանապարհով։ Բայց պետք է ասել ուղիղ, որ արտահանման այն սահմանափակումները, որոնք ՌԴ-ն կիրառում է Հայաստանի նկատմամբ, խնդրված են հայաստանյան ընդդիմության կողմից, որոնք ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն և ռուսաստանյան նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն և ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ Գաղտնի պլանը, որի մասին խոսում էր առաջնորդներից մեկը, հենց սա է»։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ուշագրավ է համարում այն, որ հանդիպման մասին տարբեր ծանուցումներում անդրադարձ չկա ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հիմնական հարցին․
«Չկա թեմա բացել–չբացել մեզ համար Ռուսաստանի շուկան։ Իմ կարծիքով Ռուսաստանում վատ են պատկերացնում տրամադրությունները Հայաստանի ներսում»։
Բիշքեկյան հանդիպումից առաջ հայ վերլուծաբանները կանխատեսում են ծանր հանդիպում՝ կոշտ պահանջներով և նույնքան կտրուկ պատասխաններով։ Ենթադրում են նաև, որ իրավիճակի հանգուցալուծումը մոտենում է։
Փաշինյան–Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 1-ին Մոսկվայում։ Այդ դեմ առ դեմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահն ունեցել են երկու հեռախոսազրույց․ հունիսի 1-ին Պուտինը
զանգահարել էր շնորհավորելու Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, իսկ վերջին հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ էր՝ հուլիսի 27-ին։ Այդ ժամանակ պաշտոնյաներն արդեն քննարկում էին զգայուն հարցեր՝ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները և ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին առնչվող հնարավոր հանրաքվեի թեման։