«Շուշի. անհերքելի փաստեր» գիտավավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի պրեմիերան կկայանա օգոստոսի 31-ին Երևանում։ Ցուցադրությունը տեղի կունենա Նարեկացի արվեստի միությունում՝ ժամը 19։00-ին։
Ֆիլմը նվիրված է Շուշիի պատմությանը և հիմնված է պատմական սկզբնաղբյուրների, արխիվային նյութերի և գիտական ուսումնասիրությունների վրա։ Այն անդրադառնում է քաղաքի ձևավորմանը, նրա բազմադարյա մշակութային ժառանգությանը, 1920 թվականի ողբերգական իրադարձություններին և 1992 թվականի ազատագրմանը։
Ֆիլմի հեղինակային և ստեղծագործական խումբը միավորել է պատմաբանների, հետազոտողների և կինոգործիչների փորձն ու գիտելիքը՝ հանդիսատեսին ներկայացնելու պատմական ճշգրտության վրա հիմնված ամբողջական և փաստարկված աշխատանք։
Ֆիլմի ռեժիսորն ու օպերատորն է Գևորգ Տեր-Ղազարյանը, սցենարի հեղինակը՝ Արսեն Մելիք-Շահնազարովը։
Ֆիլմի վրա աշխատանքները տևել են մոտ վեց տարի։ Տեր-Ղազարյանի խոսքով՝ այդ ընթացքում այն մի քանի անգամ վերամշակվել է՝ 2020 թվականի պատերազմի, համավարակի, Արցախի շրջափակման և դրան հաջորդած հայ բնակչության բռնի տեղահանության ֆոնին։ Կինոնկարում օգտագործվել են արխիվային կինոխրոնիկա և հայ ու ռուս գիտնականների ու փորձագետների մեկնաբանություններ։
Առաջին մասի ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ ժամը 19։00-ին,
երկրորդ մասինը՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին։
Հասցեն՝ ք. Երևան, Նարեկացի արվեստի միություն, Վարդանանց 16/1։
Մուտքն ազատ է։