Նեպալում աղետի զոհերի թիվը հասել է 626-ի․ հազարավոր մարդիկ դեռ անհետ կորած են համարվում

Հիմալայներում սառցադաշտի փլուզման հետևանքները Նեպալն ու Տիբեթը դեռ պետք է հաղթահարեն։ Աննախադեպ հեղեղը քշել, տարել է ճանապարհներ, քանդել կամուրջներ, ավերել բնակավայրեր։ Պաշտոնական վիճակագրությունը ամեն օր նոր զոհերի ու անհետ կորածների մասին է հայտնում։ Ի՞նչ իրավիճակ է այժմ աղետի գոտում, ինչպե՞ս են ընթանում փրկարարական աշխատանքները։

Հիմալայների բարձրադիր հատվածում՝ Նեպալի ու Տիբեթի սահմանին տեղի ունեցած բնական աղետը մասնագետները աննախադեպ են համարում։ Բայց նաև նշում են, որ սառցադաշտի սողանքի վտանգը բառացիորեն միշտ կախված է եղել տարածքի բնակավայրերի գլխին։ Եղանակային փոփոխությունները մշտական վտանգ են բարձր լեռնային գոտիներում։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, իր մասշտաբներով ու հետևանքներով, ոչ ոք չէր կարող կանխատեսել։

Լեռներից գահավիժող ջրի, սառույցի, քար ու ցեղի զանգվածն այնքան արագ է հասել բնակավայրերին, որ մարդիկ նույնիսկ չեն հասցրել հասկանալ՝ ինչ է կատարվում։ Տեղի բնակիչներից մեկը՝ Շոյամ Ռաջբհանդարին պատմում է, որ աղետի պահին ինքը շուկայում է եղել․

 «Երբ հասա Դհունգե շուկա, կես ժամ անց հեղեղը եկավ, վնասեց ու քանդեց ամբողջ շուկան։ Այդ պահին մարդիկ, ինչպես միշտ, պատրաստվում էին գնալ աշխատանքի։  Բոլորը սարսափեցին։ Չգիտենք՝ քանի մարդ է անհետ կորել կամ զոհվել»։

Աղետից հրաշքով փրկված Օմկար Ջոշինմաքսային ծառայող է։ Նա ողջ գիշեր մնացել է մի բարձունքի վրա, մինչը փրկարարները գտել են իրեն։ Օմկար Ջոշին ասում է, որ հեղեղից հետո իրենց գյուղից ոչինչ չի մնացել։

 « Հսկայական գերեզմանոց է։ Մնացել են միայն ավազն ու խճաքարերը՝ մարդկային արյունից կարմրած։ Մարդիկ արձագանքելու ժամանակ չունեցան. այն պարզապես պայթեց՝ ռումբի կամ երկրաշարժի նման»։

Փրկարարներն աշխատում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Պարաններով և հատուկ զամբյուղներով նրանք փորձում են հասնել լեռներում մնացած մարդկանց, սակայն որոշ հատվածներում ցեխի հաստությունը հասնում է մեկուկես մետրի՝ գրեթե անհնար դարձնելով փրկարարական աշխատանքը։

Փրկարարներից մեկն այսպես է նկարագրում իրավիճակը․

 «Մենք տեսանք ցեխի մեջ խրված բազմաթիվ մարդկանց։ Նրանց մարմնի կեսը ցեխի մեջ էր և նրանք օգնություն էին խնդրում։ Բայց նույնիսկ փրկարարական գործողություն իրականացնելու համար հարմար տեղ չկար։ Անձամբ ես տարհանել եմ ավելի քան 120 մարդու։ Նրանք ամբողջությամբ ծածկված էին ցեխով, ունեին քերծվածքներ, կոտրված ձեռքեր ու ոտքեր և այնքան սարսափած էին, որ անգամ խոսել չէին կարողանում»։

Աղետի գոտում նաև հարյուրավոր օտարերկրացիներ են եղել։ Նրանց մեծ մասը Հնդկաստանից ժամանած ուխտավորներ են, որոնք ճանապարհորդելիս են եղել  դեպի Տիբեթի սրբավայրեր։ Նեպալի իշխանությունների տվյալներով՝ առնվազն 540 օտարերկրացի դեռ անհետ կորած է համարվում։

Ամերիկուհի Անջանա Ռաջան պատմում է, որ ինքն ու ամուսինը սահմանային անցակետում են եղել, ավտոբուսում, երբ հեղեղը հասել է իրենց․

 «Այն հսկայական ալիքի պես եկավ՝ իր հետ տանելով բազմաթիվ ավտոբուսներ, ամենագնացներ, մարդկանց, բազային ճամբարը և ամեն ինչ»։

Փրկարարական աշխատանքներին խանգարում է նաև վատ եղանակը․ Նեպալը ժամանակավորապես դադարեցրել է որոնումները։ Ջրհեղեղից հետո նոր վտանգ էլ է առաջացել։ Հիմալայների բարձրադիր հատվածում նոր լիճ է գոյացել և մտավախություն կա, որ այն նույնպես կարող է դուրս գալ ափերից ու նոր հեղեղ առաջացնել։Վերջին տվյալներով՝ լճի մակարդակը նվազել է մոտ 10 մետրով, սակայն ջրհեղեղի վտանգը դեռ պահպանվում է։

Որքան հստակեցվում են բնական աղետի մասշտաբները, այնքան ընդլայնվում է նաև միջազգային օգնությունը։ ԵՄ-ի ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Հաջա Լահբիբը հայտնել է, որ Նեպալին 2 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է հատկացվել ․

 «Ճանապարհները մնացել են ջրի տակ, գյուղերը մեկուսացել են, իսկ ընտանիքները փնտրում են իրենց անհետ կորած հարազատներին։ Եվրամիությունը նրանց կողքին է՝ հատկացնելով 2 միլիոն եվրո շտապ բուժօգնության, սննդի, ջրի և կացարանի համար»։

ԵՄ օգնությունն ուղղվելու է տուժած բնակչության հրատապ կարիքներին, բայց Նեպալը միջազգային գործընկերներից ոչ միայն ֆինանսական աջակցություն է ակնկալում ։

Իշխանությունները կարևորում են հատկապես մասնագիտացված տեխնիկական  օգնությունը՝ ավերված ենթակառուցվածքները վերականգնելու, որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու և զոհերի նույնականացման համար։ Այս պահին աղետի հետևանքների ամբողջական գնահատումը դեռ շարունակվում է, իսկ վերականգնման նախնական արժեքը գնահատվում է 4-ից 5 միլիարդ դոլար։

Leave a Comment