ՀՀ–ն նոր բաղադիչներ է մտցնում արտաքին քաղաքականության մեջ․ դիվանագետները հավաքվել են Գյումրիում

Ընդամենը օրեր առաջ հաստատվեց կառավարության կազմը և այդ կազմում մի շարք նախարարությունների անվանափոխությունը։ Փոխված անունով գերատեսչություններից մեկն էլ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն է, որն անմիջապես այդ քայլից հետո աշխատաժողով կազմակերպեց Գյումրիում՝ արտաքին քաղաքականության օրակարգը քննարկելու համար։ Քննարկումները տևել են մի քանի օր։ Դրանց մասնակցել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և գործադիրի ղեկավար կազմը։

Գյումրիի աշխատաժողովը ոչ պաշտոնապես դեսպանահավաք է կոչվում։ Տարբեր երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանները և արտաքին քաղաքականության պատասխանատուները պարբերաբար հավաքվում են քննարկելու և հասկանալու առաջիկա անելիքները և աշխատանքների ուղղությունները։ Այս անգամ հավաքը տեղի է ունեցել կառավարության նոր կազմի հաստատումից և արտաքին գերատեսչության անվանափոխությունից հետո։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ սա ինքնին որոշակի բան է ենթադրում․

«Ենթադրում է՝ կառավարության արտաքին քաղաքականության շարունակականություն, բնականաբար, որոշակի հղկումներով, որոշակի խմբագրումներով։ Առիթ կունենանք շատ մանրամասն քննարկելու բոլոր նրբությունները։ Բայց, եթե շատ կարճ՝ մենք բոլորս միասին, վարչապետի գլխավորությամբ, մինչև բոլոր կցորդները ողջ համակարգով կշարունակենք իրականացնել խաղաղության օրակարգ, Հայաստանի շուրջ խաղաղ համագործակցային մթնոլորտի ձևավորումը»։

Դիվանագետները այցելել են հայ–թուրքական սահմանի Մարգարայի անցակետ և նոր բացված Firebird գործարան։ Դեսպանահավաքի քննարկումների մի հատվածն էլ նվիրված է եղել Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այդ հարցերը դիվանագետների հետ քննարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանված գերատեսչության յուրաքանչյուր բառից ենթադրելի են առաջնահերթությունները, նոր մարտահրավերները, գիտելիքները, հմտությունները, որոնք դեռ պետք է համապատասխանեցվեն նոր անվանմանը՝ ասում է նախարարը։ Դա է պատճառը, որ դիվանագետները երկու օր շարունակ առանձին հանդիպումներ են ունեցել էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարների, ներդրումների ազգային կենտրոնի տնօրենի, ԿԲ փոխնախագահի հետ, լսել են Համաշխարհային բանկի զեկույցը՝ տարբեր տնտեսական ուղղվածության և Հայաստանի տնտեսական հնարավորությունների մասին։

Արտաքին քաղաքականության մեջ արտաքին առևտրի բաղադրիչը ավելացնելու տեսանկյունից վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ նման փորձ ունեն աշխարհի տարբեր երկրներ և դրա հիմնական նպատակն է՝ միջազգային հարաբերություններում նաև տնտեսական գործառույթը առարկայացնելը։

Նախարարության անվանափոխության որոշումը դեռ չստորագրած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքերից պարզ է դառնում նաև նրա դիրքորոշումը․

«Արձանագրենք, որ դիվանագիտությունը չի սահմանափակվում բացառապես քաղաքական հարաբերություններով, առավել ևս, որ ժամանակակից աշխարհում դրանք մեծապես փոխկապակցված են նաև տնտեսական գործոնի հետ։ Ուստի հետայսու ԱԳՆ ավանդական գործառույթներին կավելանա տնտեսական, եթե կուզեք, նաև առևտրային դիվանագիտությունը։ Ամբողջությամբ կիսում եմ ՀՀ վարչապետի տեսակետն առ այն, որ դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով։ Կարևոր է դիվանագիտական առաքելության աշխատանքի արդյունքը չափել նաև գործնական արդյունքով՝ տնտեսական կապերի խորացմամբ, հայաստանյան գործարարների համար միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ապահովմամբ»։

Դիվանագիտական կորպուսի աշխատանքներին առնչվող այս պահի ամենաքննարկվող հարցերից մեկը ՌԴ–ում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցն է։ Դարձե՞լ է այս թեման դիվանագիտական աշխատաժողովում քննարկման թեմա, թե ոչ՝ հայտնի չէ, քանի որ հանդիպումը դռնփակ է։ Հնարավոր այս փոփոխության մասին գրում են հայկական լրատվամիջոցները, ու թեև պաշտոնական հրամանագիրը դեռևս հրապարակված չէ, մամուլի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն անշրջելի է։ Խոսակցություններն ակտիվացել են հայ–ռուսական հարաբերությունների լարվածության հերթական փուլում և շրջանառվում են նոր դեսպանի հնարավոր թեկնածուների անունները։

Ի դեպ, արտաքին դիվանագիտության հարցում Հայաստանի համար ամենածանր ուղղությունների մեկը դարձած Ռուսաստանի հետ առաջիկայում բարձրաստիճան նոր շփումներ են նախանշվում։ Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում հանդիպում կունենան։ Նրանք կքննարկեն Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ձգտումները։ Ուշակովը նշել է, որ նախկինի պես պնդում են, որ Հայաստանը չի կարող ձգտել Եվրամիություն՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունից: «Այս հարցը ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծել», ասել է ռուս պաշտոնյան։ Ուշակովը նաև ասել է, որ Կրեմլը մտահոգված է Հայաստանում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից ընդդիմադիր առաջնորդների զանգվածային ձերբակալություններով:

Փաշինյան–Պուտին հանդիպումը նախատեսվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Այն կանցկացվի Բիշքեկում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Leave a Comment