Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 դպրոցը նոր կարգավիճակ կստանա

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոցը 2026-2027 ուսումնական տարվանից կվերանվանվի «Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ։ Նախաձեռնության նպատակն է դպրոցի կուտակած մասնագիտական փորձն ու ներուժը ինտեգրել ռեսուրս կենտրոնի գործառույթներին՝ ընդլայնելով տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին և նրանց հետ աշխատող մասնագետներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության հնարավորությունները։

Անհրաժեշտությունը

Ազգային ժողովի 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունած  «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  (ՀՕ-35-Ն) ՀՀ օրենքով, փոփոխություններ են կատարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել  է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ դեկտեմբերի 12-ի  N 2346-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը։ Վերոգրյալի  համատեքստում   2026-2027 ուսումնական տարում «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության  խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց»  ՊՈԱԿ-ը  վերանվանվելու է «Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց – ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի:

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության  խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի (այսուհետ՝  Դպրոց) գործունեության առարկան ու նպատակը՝ համաձայն հաստատված կանոնադրության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրերի պարտադիր նվազագույնի յուրացման ապահովումն է և հանրակրթական բնույթի գործունեության իրականացումը: Համաձայն ՀՀ կառավարության  2002թ. հուլիսի 25-ի N1392 –Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն)  օրինակելի կանոնադրության.

  • Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4 -րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնելու միջոցով, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումն է այլ ուսումնական հաստատություններում սովորող՝ կենտրոնի ուղղվածությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին և ուսումնական հաստատությունների մանկավարժներին։
  • Կենտրոնի գործունեության նպատակը կենտրոնում ընդգրկված յուրաքանչյուր սովորողի կրթության ապահովումն է՝ հաշվի առնելով հանրակրթական առարկայական չափորոշիչները և ծրագրերը, սովորողի տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները, ինչպես նաև հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդգրկված սովորողների կրթությանն աջակցումը՝ ըստ ռեսուրս կենտրոնի ուղղվածության:

Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է երկու բաղադրիչով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների բաղադրիչ և մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպման ու տրամադրման բաղադրիչ։

Նկատի ունենալով վերոնշյալը՝ նպատակահարմար և հիմնավորված է Դպրոցի  վերանվանումը «Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց – ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի: Այդ միջոցով հնարավոր կլինի պահպանել Դպրոցիի կողմից կուտակված մասնագիտական փորձն ու ներուժը՝ այն ամբողջությամբ ինտեգրելով Կենտրոնի գործառույթներին և շարունակելով իրականացնել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների աջակցության գործառույթները՝ արդեն որպես ռեսուրս-կենտրոն ձևաչափով։

Այս կերպ կկանխվի կառույցների գործառույթների կրկնությունը և կապահովվի երեխայի կրթության իրավունքի իրականացում՝ նոր և ավելի համապարփակ մոտեցմամբ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Իրավականակտիկիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կենտրոնում սովորող տեսողության խանգարումներ ունեցող երեխաների  կողմից հանրակրթական ծրագրերի պարտադիր նվազագույնի յուրացման ապահովումը և այլ ուսումնական հաստատություններում սովորող լսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը՝ հանրակրթական ծրագրերի պարտադիր նվազագույնի յուրացման ապահովելու համար:

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝ կրթական գործընթացի մասնակիցների կարիքներին ու հնարավորություններին, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված և առարկայական նոր չափորոշիչների պահանջներին համապատասխան կրթության բոլոր մակարդակներում առանցքային համարվող համընդհանուր ներառականության ընդլայնմամբ, ներառական կրթական համապատասխան միջավայրի ստեղծմամբ:

 Հարկ է նշել, որ համընդհանուր ներառական կրթությունը ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց նկատմամբ, բացառում ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ստեղծում է ուրույն պայմաններ կրթական համակարգում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար: Պայմաններ է ստեղծում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց հասարակության մեջ ներգրավվելու համար և վերջապես սա մի գործընթաց է, որի շնորհիվ հասարակությունից օտարված երեխաների թիվը տարեցտարի կպակասի: Այս ամենը վաղվա հասարակության վերաբերմունքն ու մտածելակերպը կդառնա:

 Դպրոցը «Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց – ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի վերանվանելով՝ վերջինս կշարունակի Դպրոցի կուտակած փորձը՝ այն ամբողջությամբ ինտեգրելով Կենտրոնի գործառույթներին և շարունակելով իրականացնել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների աջակցության գործառույթներն արդեն որպես ռեսուրս-կենտրոն ձևաչափով և կձևավորի պահանջված ռեսուրսային բաղադրիչ մանկավարժահոգեբանական աջակցության համակարգում։

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Leave a Comment