17 միլիարդ դոլարի գործարք․ Meta-ն արմատապես փոխում է դեռահասների հաշիվների կանոնները

Meta-ն կվճարի շուրջ 17 միլիարդ դոլար և կկատարի ծավալուն փոփոխություններ Instagram-ում և Facebook-ում։ Տեխնոլոգիական հսկային արմատական փոփոխությունների դրդել է ԱՄՆ դաշնային դատարանի որոշումը։ Դատարանը բավարարել է 48 նահանգների հայցն ընդդեմ ընկերության՝ ճանաչելով, որ սոցցանցերն ու դրանց ալգորիթմները միտումնավոր կախվածություն են առաջացնում երեխաների շրջանում և վնասում են նրանց հոգեկան առողջությունը։

ԱՄՆ մի քանի տասնյակ նահանգներ, տեղական ինքնակառավարման մարմիններ ու բազմաթիվ ծնողներ համոզված են, որ ընկերությունները խթանել են երիտասարդների հոգեկան առողջության ճգնաժամը ամբողջ երկրում։

Կոլորադոյի գլխավոր դատախազ Ֆիլ Վայզեր — «Գոյություն ունեցող մեխանիզմները չեն գործում․ երեխաների չնչին մասն է հանդիպում անվտանգության արգելքների։ Սա փոխվելու է։ Այլևս չեն լինելու ծանուցումներ, որոնք երեխաներին արթուն կպահեն գիշերը կամ կշեղեն դպրոցում։ Երեխաները պետք է դրսում լինեն, իրական կյանքում շփվեն և անջատվեն համացանցից։ Սա պատմական ու հեղափոխական քայլ է»։

Բացի 10 տարվա ընթացքում փոխհատուցում վճարելուց՝ Meta-ն պարտավորվել է խստացնել տարիքային ստուգումները՝ արգելելով մինչև 13 տարեկանների մուտքը այդ հարթակներ։ Անչափահասների համար կսահմանվի օրական առավելագույնը 2 ժամվա մուտքի թույլտվություն, իսկ կեսգիշերից մինչև առավոտյան 6-ը նրանց մուտքը հավելվածներ ամբողջությամբ կարգելափակվի։ Meta-ում ասում են՝ նոր պաշտպանիչ միջոցները կկիրառվեն միայն Միացյալ Նահանգներում և ուժի մեջ կմնան 10 տարի։

Արդյո՞ք նոր կարգավորումներն ավելի ապահով կդարձնեն սոցցանցերը։ Փորձագետներն ու քննադատները հորդորում են չշտապել։ Դատավարության ընթացքում որպես առաջին վկա հանդես եկած Meta-ի ինժեներական թիմի նախկին  տնօրեն Արթուրո Բեժարը նշել է՝ ընկերությունը պետք է վերանայի իր ալգորիթմները, որոնք կախվածություն են առաջացնում։

«Համաձայնագիրը մեծ խնդիր ունի, քանի որ թույլ է տալիս Meta-ին ինքնուրույն սահմանել վնասի չափը։ Մի բան է ասել. «Այո՛, դուք օրական ընդամենը երկու ժամ եք ալկոհոլ օգտագործում կամ ծխում»։ Մեկ այլ բան է ասել․ «Բայց դա միևնույն է վնասակար է ձեզ համար՝ պայմանավորված նրանով, թե ինչ է մատուցվում ձեզ այդ ընթացքում»»։

Բեժարի խոսքով՝ թեև 2 ժամը լրանալիս դեռահասները ստիպված են լինելու մի կողմ դնել հեռախոսը, հարթակի հոգեբանական մեխանիզմները նրանց շրջանում ավելի շատ բովանդակություն սպառելու ցանկություն և սթրես են առաջացնելու։

Մեկ այլ առանցքային խնդիր է տարիքի ստուգումը։ Դաշնային օրենքով սոցցանցերում գրանցվելու նվազագույն տարիքը 13-ն է, սակայն Meta-ն տարիներ շարունակ աչք է փակել տվայալները ճիշտ չներկայացնող օգտատերերի վրա և ոչ մի հստակ մեխանիզմ  չի սահմանել անչափահասներին բացահայտելու համար։ Այժմ ընկերությունը պարտավորվել է ներդնել տարիքի նույնականացման նոր տեխնոլոգիաներ և անցնել արտաքին աուդիտ։ Բեժարը սա դրական է գնահատում։

«Տարիքային ապահովագրության բաժինը բավականին լավն է, քանի որ ունի չափման համակարգ, անկախ թեստավորում և հստակ նպատակներ։ Meta-ի քայլերը  պետք է չափվեն արդյունավետությամբ, այլ ոչ թե լոկ ջանքերով»։

Եթե նախկինում անվտանգային որոշ գործառույթներ օգտատերերն իրենք  պետք է ակտիվացնեին, ապա նոր համաձայնագրով դրանց մեծ մասն արդեն ավտոմատ կմիանա։ Միաժամանակ տեսանյութերի ավտոմատ նվագարկումն անջատելու կամ լրահոսը ժամանակագրական հերթականությամբ դիտելու հնարավորությունը կմնա օգտատիրոջ ընտրությանը։

Meta-ի գլխավոր իրավաբան Ջոզեֆ Մահոնի — «Մեր բանակցած ձևաչափը ծնողներին թույլ կտա հեշտությամբ վերահսկել երեխաների մուտքը սոցիալական հարթակներ։ Այնուամենայնիվ, այս համակարգը լիարժեք կգործի միայն այն դեպքում, եթե մյուս ընկերություններն էլ միանան նախաձեռնությանը․ ուստի կոչ ենք անում մեր գործընկերներին՝ TikTok-ին և YouTube-ին, անհապաղ ներդնել նոր չափանիշները»։

«Fairplay» կազմակերպության տնօրեն Ջոշ Գոլինը կարծում է, որ համաձայնագիրը բավարար չափով չի սահմանափակում երեխաների համար վտանգավոր գործառույթները և հիմնականում պատասխանատվությունը տեղափոխում է ծնողների վրա՝ նրանց տրամադրելով լրացուցիչ վերահսկողության գործիքներ։

«Մենք հիասթափված ենք, որ նոր կարգավորմամբ չեն անջատվել առաջարկությունների ալգորիթմները, որոնք երիտասարդներին ուղղորդում են դեպի վտանգավոր թակարդներ»։

Դատավարության ընթացքում Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերիին սուր հարցեր են ուղղվել «դադար վերցրու» գործառույթի անարդյունավետության վերաբերյալ։ Թեև Meta-ն այն դարձրել է ավտոմատ ակտիվ, սակայն դեռահասները հեշտությամբ շրջանցում են այն՝ պարզապես փակելով ծանուցումը։

Ուսումնասիրությունները փաստում են, որ նախկինում գործարկված կարգավորումներից շատերն անարդյունավետ են եղել։ Մասնագետներն ընդգծում են՝ դեռ վաղ է պնդել, որ նոր փոփոխությունները կարդարացնեն սպասելիքներն ու ցանկալի արդյունք կտան, բայց համաձայնագիրն ինքնին բեկումնային է, քանի որ ցույց է տալիս՝ խիստ լուծումներն իրապես հնարավոր են։

Leave a Comment