«Չենք պահանջում անհնարինը, պահանջում ենք ճշմարտությունը»․ անհետ կորածների հարազատները ասոցիացիա են ստեղծել

Oգոստոսի 30-ը Անհետ կորած անձանց միջազգային օրն է։ Դրան ընդառաջ անհետ կորածների հարազատները հանդիպել են լրագրողների հետ և ամփոփել անցած տարիների որոնողական աշխատանքները, խոսել են առկա խնդիրների և հետագա անելիքների մասին։ Նրանք հայտարարել են, որ փոխում են իրենց մարտավարությունը՝ ներպետական և միջազգային հարթակներում իրենց պահանջներն այսուհետև ոչ թե առանձին անհատների, այլ իրավաբանական անձի՝ ասոցիացիայի ձևաչափով են ներկայացնելու։

Անհետ կորած անձանց ընտանիքները մի քանի տարի իրենց հարազատներին առանձին-առանձին որոնելուց հետո որոշել են համախմբվել։ Նրանք ստեղծել են Անհետ  կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ Հիմնադիր– նախագահ Գոռ Մուրադյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած Հենրի Մուրադյանի հորեղբայրն է․

«Պայքարի ընթացքում մենք նկատեցինք հանրության անտարբերությունը, թե որքան են նրանք անհաղորդ այս խնդրին։ Բնականաբար, դա վիրավորական էր։ Հետո ես ժամանակի ընթացքում ինձ որսացի այն մտքի մեջ, որ չէ, ես էլ իննսունական թվականների ընտանիքների ցավին եմ անտարբեր եղել։ Մտածում էի` ես էլ իմ մեղքի բաժինը ունեմ, և կարելի է ասել՝ մտածմունքը դարձավ մեղքի զգացմունք։ Մեղքի զգացմունքը` պարտքի զգացմունք, պարտքի զգացմունքը` մտորում, մտորումը` առաջարկ, առաջարկը` գործ, և այսօր կարող ենք ասել, որ այն, ինչ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին մտածմունք էր, այսօր արդեն իրողություն է»։

Ասոցիացիա ստեղծելու նպատակը բոլոր պատերազմների ժամանակ անհետ կորածների ճակատագիրը պարզելն է, նրանց հարազատների իրավունքենրը պաշտպանելը, պետական և միջազգային պատկան մարմինների հետ սերտ աշխատանքը։ Արամ Չանախչյանի հայրը անհետ կորել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 30 տարի նա այդպես էլ չի գտել «որտեղ է իր հայրը» հարցի պատասխանը․

« Անհետ կորածների երեխաները այսօր արդեն իրենք են ծնողներ, բայց դեռ շարունակում են փնտրել իրենց հայրերին, եղբայրներին և հարազատներին։ Մենք այստեղ չենք եկել ամեն մեկս միայն մեր ցավի մասին խոսելու համար։ Մենք ցանկանում ենք, որ մեզ լսեն, որ անհայտ կորածների հարցը մշտապես մնա պետական և միջազգային օրակարգում, և որ ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը նրանց ճակատագրերը պարզելու համար։ Մենք չենք պահանջում անհնարինը, մենք պահանջում ենք ճշմարտությունը»։

44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ ստեղծվեց Անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով։ Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներից բացի, այդ հանձնաժողովում ընդգրկված են նաև անհետ կորածների հարազատներ։ Հանձնաժողովի վերջին նիստը հունիսին է եղել, ասում է Գոռ Մուրադյանը․

«Միակ փոփոխությունը, որ հույս է առաջացել, որ ինչ-որ մի փուլում կարող է գան համաձայնության, որ վերսկսվի որոնողական, նույնականացման աշխատանքները։ Մենք էլ հույսով ենք, Աստված տա, մենք դեռ ողջ երեխեք գտնենք»։

Հունիսի վերջին անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը Բաքվի համաժողովում հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կստեղծվի անհետ կորած անձանց տվյալների բազա, որը հիմնված կլինի նախկին Հարավսլավիայում կիրառված համագործակցության մոդելի վրա։ Նույն համաժողովի շրջանակներում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը հայտարարեց, որ ստեղծվելիք համակարգը հնարավորություն կտա անհետ կորածների վերաբերյալ առկա տվյալների բազաները միավորելու մեկ հարթակում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան անանուն եղանակով տեղեկություններ տրամադրելու անհետ կորած անձանց, այդ թվում՝ նրանց հնարավոր թաղման վայրերի վերաբերյալ։

Սրան զուգահեռ, ամիսներ առաջ առաջին անգամ Հայաստանում ընդունվեց Անհետ կորածնեների մասին օրենքը և ստեղծվեց անհետ կորած անձանց միասնական ռեեստր: Խնդրի վերջնական լուծումը, սակայն առավելապես կախված է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումից։ Անհետ կորած անձանց խնդիրը մարդու իրավունքների միակ խնդիրն է, որն առանձին հոդվածով տեղ է գտել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Ըստ նրա՝ դա նշանակում է, որ երկու երկրները  իրավական ճանապարհով կարգավորելու են խնդիրը, սակայն դրան զուգահեռ խաղաղության պայմանագիրը չի առաջարկում խնդրի լուծման հստակ մեխանիզմ։

Դրա փոխարեն նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կբանակցեն և մանրամասն կհամաձայնեցնեն համապատասխան կարգավորումներն առանձին համաձայնագրով։ Սահակյանի դիտարկմամբ՝ սա ոչ միայն անորոշ, այլև վտանգավոր ձևակերպում է․

«Կարևոր բացթողում եմ համարում, որ այս աշխատանքներում ներգրավված չեն միջազգային կառույցները, այսինքն՝ խաղաղության համաձայնագրում նշված չէ, որ անհետ կորածների խնդիրները լուծելիս պետք է լինի միջազգային ներգրավվածություն։ Մենք ունենք խնդրով զբաղվող բազմաթիվ միջազգային կառույցներ, որոնք կարծես մեկուսացվել են գործընթացից։ Սա, իմ գնահատմամբ, ռիսկային է։ Ցանկացած խնդիր, որը բացառապես մնում է հայ ադրբեջանական հարաբերությունների դաշտում, ռիսկային է, քանի որ Ադրբեջանն ունի այլ՝ քաղաքական, ռազմական, իրավական կապիտալ, և կողմերը հորիզոնական, հավասար հարաբերությունների ներքո չեն»։

Անհետ կորածների հարազատները ասոցիացիայի անունից արդեն մի քանի նամակ են ուղղել միջազգային հումանիտար կառույցներին, ՄԱԿ-ին, ասում է Գոռ Մուրադյանը․

« Մեր առաջարկն է տարբեր երկրներից անհետ կորածների ընտանիքներ հրավիրենք Հայաստան ու իրենց հետ էլ հասկանանք իրենց խնդիրները ու շատ հնարավոր է, որ մի հատ էլ համաձայնության գանք, որ հնարավոր է մի տեղ աշխատենք, մի ինչ֊-որ կառույց միջազգային մենք ստեղծենք անհետ կորածներին վերաբերվող»։

Ծնողները դժգոհություններ ունեն գրեթե բոլոր գերատեսչություններից, սակայն ասում են՝ ֆիզիկական անձանցից իրավաբանական անձ դառնալով, սկսում են այդ կառույցների հետ աշխատանքը զրոյական կետից, բարկացած ու նեղացած չեն ոչ մեկից։ Հիմնադիրների խոսքով՝ անհետ կորածների թիվը մոտ հազար է։ Այդ թվում ներառված են իննսունականների, քառօրյա և 44-օրյա պատերազմների, ինչպես նաև 2023-ի  արցախյան դեպքերի ժամանակ անհետացածները։ Պաշտոնական տվյալներով՝ Բաքուն, ընդհանուր առմամբ, մոտ 4 հազար անհետ կորածի հարց է բարձրացնում, իսկ Երևանը՝ մոտ 1200-ի:

Leave a Comment