Կանադայի պետական հանրային հեռարձակող CBC-ն իր լրագրողներին հորդորել է սեպտեմբերի 11-ի հարձակումները սեփական խոսքում չանվանել «ահաբեկչական հարձակումներ», գրել է New York Post-ը՝ հղում անելով հեռարձակողի ներքին խմբագրական հաղորդագրությանը։
Լրագրողներին առաջարկվել է «ահաբեկչական հարձակումներ» ձևակերպման փոխարեն օգտագործել «սեպտեմբերի 11-ի հարձակումներ» տարբերակը կամ պարզապես նկարագրել ինքնաթիռների առևանգումը և դրանց բախումները Նյու Յորքում, Վաշինգտոնում ու Փենսիլվանիայում։
CBC-ն պարզաբանել է, որ խոսքը վաղուց գործող խմբագրական մոտեցման մասին է։ Հեռարձակողի դիրքորոշմամբ՝ «ահաբեկիչ» և «ահաբեկչություն» բառերը քաղաքական ու հուզական ծանրաբեռնվածություն ունեն, ուստի դրանք հիմնականում պետք է կիրառվեն պաշտոնյաների, փորձագետների կամ իրադարձությունների մասնակիցների կողմից։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քաշ Փաթելը քննադատել է CBC-ի որոշումը։
«Կանադայի ցանկացած կառույց, որը հրապարակայնորեն չի մերժի պատմության այս աղավաղումը և ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության ժամանակ զոհվածների հիշատակի նկատմամբ այս վիրավորանքը, այլևս բարեկամ չի ունենա այս ՀԴԲ-ում։ Էլ չենք խոսում այն հերոսների մասին, որոնք արձագանքել են հարձակումների հետևանքներին։ Մենք երբեք չենք մոռանա սեպտեմբերի 11-ը»,- գրել է Փաթելը։
CBC-ի շուրջ վեճը ծավալվել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների, այդ թվում՝ գինու, կաթնամթերքի, ավտոմեքենաների, հոկեյի պարագաների և ցեմենտի նկատմամբ։ Էներգակիրները, կալիումական պարարտանյութերը և մի շարք կարևոր հանքանյութեր դուրս են մնացել այդ միջոցների հիմնական փաթեթից։
Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը սպառնացել է դադարեցնել էլեկտրաէներգիայի և կարևոր հանքանյութերի մատակարարումն ԱՄՆ-ին, եթե Վաշինգտոնը շարունակի ճնշումը։ Նրա խոսքով՝ Օնտարիոյից մատակարարվող էլեկտրաէներգիան ապահովում է ամերիկյան շուրջ 1,5 միլիոն տան և ձեռնարկության կարիքները։ Ֆորդը Թրամփին խորհուրդ է տվել այդ դեպքում «մարտկոցներ պատրաստել»։
Ֆորդը նման գործիք արդեն 2025 թվականի մարտին 25% հավելավճար էր սահմանել Միչիգան, Մինեսոտա և Նյու Յորք նահանգներ արտահանվող էլեկտրաէներգիայի համար։ Նահանգային կառավարությունը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ առևտրային հակամարտության սրման դեպքում պատրաստ է ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները։ Հավելավճարի կիրառումը, սակայն, կասեցվել էր մեկ օր անց՝ Վաշինգտոնի հետ բանակցություններից հետո։
Կանադան իր հերթին հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ից ամերիկյան 27,6 միլիարդ կանադական դոլարի ապրանքների նկատմամբ կսահմանի 15%, 25% և 50% պատասխան մաքսատուրքեր։ Դրանք կվերաբերեն պողպատին, կաթնամթերքին, կենցաղային տեխնիկային, գյուղատնտեսական սարքավորումներին, թղթին, էլեկտրոնիկային և այլ ապրանքների։ Օտտավան հայտարարել է, որ իր միջոցները համապատասխանելու են ԱՄՆ-ի դրույքաչափերին՝ «դոլարը դոլարի դիմաց» սկզբունքով։
ԱՄՆ-ի և Կանադայի միջև տարաձայնությունները սրվել են առևտրային բանակցությունների ձախողումից հետո։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Վաշինգտոնի առաջարկած պայմաններն անընդունելի էին երկրի ինքնիշխանության և արդյունաբերական շահերի տեսանկյունից։ Կանադական կողմը միաժամանակ պնդում է, որ ապագա համաձայնագիրը պետք է պաշտպանի երկրի ավտոմոբիլային արդյունաբերությունը, աշխատատեղերն ու ԱՄՆ-ի հետ սերտորեն փոխկապակցված մատակարարման շղթաները։
