«Բաքվի բանտում  Արցախի 3 նախագահներին միացավ Քոչարյանը՝ Երեւանում»

Օգոստոսի 22-ին շվեյցարական «Դի վելթվոխե»-ում հեղինակ Ֆիլիպ Գութը վերնագրեց՝ «Սպառնո՞ւմ է Կովկասում երկրորդ Ուկրաինայի ճակատագիրը»:  «Հայաստանը հզորների՝ մասնավորապես ԵՄ-ի քաղաքական շահերում խաղաքարտ է: Բրյուսելն անում է ամեն ինչ, որ գրավի ՌԴ-ի ավանդաբար դաշնակցին, հետ մղի ռուսական ազդեցությունը: Սա ըստ երեւույթին այնքան կարեւոր է ԵՄ-ի համար, որ աչք է փակում ԵՄ կողմնակից  վարչապետ Փաշինյանի՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ժողովրդավարական նորմերի կասեցման վրա: Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ԵՄ-ն սատարեց գործող վարչապետին, որ չի տատանվում ձերբակալել կամ տնային կալանքի ենթարկել մրցակիցներին՝ առանց դատավարության: Ճնշումներն ազդում են նաեւ Հայ եկեղեցու վրա», գրեց «Դի վելթվոխեն»: «Իրականում ակնկալելի էր, որ մարդու իրավունքների, խոսքի, կրոնի ազատության պաշտպանությամբ հպատրացող ԵՄ-ն հստակ դիրքորոշում կընդունի: Փաշինյանի կառավարությունը սեփական իշխանությունը պահելու համար ընդդիմության դեմ այսպես կոչված կեղծ(պսեւդո) իրավական քաղաքացիական պատերազմ է մղում: Բայց ԵՄ-ն լռում է: ԵՄ անդամակցությունը մնում է անիրատեսական, սակայն Հայաստանը՝ լի վտանգներով՝ հարմար է ՌԴ-ին սադրելու համար»: Շվեյցարական սույն աղբյուրը մեր ընթերցած միակ լրատվականն է, որի հեղինակը նման սուր տեսակետ է հրապարակում:

Գերմանալեզու մեդիան հատկապես օգոստոսի 25-ին, 26-ին անդրադարձավ ԱԺ-ում վարչապետ Փաշինյանի 2026-2031թթ-ի կառավարության ծրագրային ելույթում հնչած դրույթներին՝ հասկանալի հետաքրքրությամբ՝ առաջին հերթին ՀՀ-ի դեպի ԵՄ շրջադարձով: Օգոստոսի 24-ին «Բեռլիներ ցայթունգը» վերնագրում արդեն երեւակել էր՝ «Հայաստանը ցանկանում է ԵՄ մտնել: |Փաշինյանը ծանուցում է պաշտոնական դիմումի մասին, Երեւանի վրա Բրյուսելի եւ Մոսկվայի ճնշումն աճում է»:

«Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» օգոստոսի 25-ին վերնագրում արդեն շեշտել էր, որ ՌԴ-ի «նախկին գործընկեր Հայաստանը ցուցադրաբար շրջվում է դեպի ԵՄ»: Ֆլորիան Նաումանի ծավալուն վերլուծությունը հիշեցնում էր, թե ապրիլին Փաշինյանի Կրեմլ այցի ժամանակ Պուտինը պահանջել էր, որ ՀՀ-ն հանրաքվե անցկացնի որոշելու՝ երկիրը պիտի ԵՄ-ի՞ն միանա, թե՞ մնա Եվրասիական տնտեսական միությունում: Այդ ժամանակ ՀՀ վարչապետը մերժեց գաղափարը, քանզի նույնիսկ ԵՄ անդամակցության դիմում չէին ներկայացրել: Այժմ Փաշինյանը հենց դրա մասին է հայտարարել: ԵՄ անդամակցության գործընթացը մտադիր են սկսել «մոտ ապագայում», իսկ հնարավոր հանրաքվեի հարցը կքննարկվի դրանից հետո: Վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը հաշվի կառնի եւրասիական տնտեսական միության իր գործընկերների մտահոգությունները: «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» գրում է, որ վարչապետը հավանաբար գիտակցում է, որ Ռուսաստանից հեռանալը դյուրին չի լինի, սակայն միտումը հստակ է: Այնուհետ վերլուծականն անդրադառնում է հայ-ռուսական երկդարյա հարաբերություններին, որ կառուցվել են հայերին պաշտպանելու հիմքի վրա, ինչպես Փաշինյանի խոսքն է փոխանցում Ֆլորիան Նաումանը՝ «Արմենպրեսին» հղում անելով: «Երբեք չեմ կասկածել Ռուսաստանի՝ այդ դերը կատարելու հանձնառությանը», ասել է Փաշինյանը, բայց  2021-23 թվականների իրադարձությունները հիշատակելով, քննադատել է ԼՂ-ի պատերազմի ժամանակ ՌԴ-ի զսպվածությունը: Գերմանական հիշյալ թերթը նշում է, որ ՌԴ-ն կորցնում է ազդեցությունը գոնե նախկին ԽՍՀՄ որոշ մասերում: Ի հեճուկս ընտրությունների վրա ազդելու փորձերին, Մոսկվան պարտվեց ՀՀ-ում եւ Մոլդովայում կայացած ընտրություններում, Ղազախստանը վերջերս համարձակվեց քննադատել Ուկրաինայի պատերազմը, նույնիսկ Բելառուսը հավասարակշռություն է պահպանում Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ, սակայն առանց ակնհայտ շրջադարձի, գրում է «ՖՌ»: Ըստ հոդվածագրի, ՀՀ-ն այժմ դա է անում, թեեւ զգուշորեն, սակայն դիտորդները լուրջ խնդիրներ են նկատում ԵՄ-ին միանալու ճանապարհին: Ըստ հարցումների, հայ ժողովրդի մեծ մասը ցանկանում է արեւմտյան կողմնորոշում՝ առանց ՌԴ-ի հետ կապերը լիովին խզելու: ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հունիսին ասել է, թե ԵՄ-ն ամուր կանգնած է ՀՀ-ի կողքին, սակայն անդամակցության մասին ուղղակի հիշատակում չի եղել, գրում է թերթի վերլուծաբանը՝ նշելով, թե սա միայն Պուտինի հանդեպ զգուշավորության պատճառով չէ: «Եւրոպա տանող առեւտրի ուղիները երկար են, որոշակի չափով նույնիսկ անիմաստ է ռուսական շուկայից լիովին անջատվելը՝ հայկական արտադրանքի համար կարեւորության տեսակետից», Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության ներկայացուցիչ Շտեֆան Մայստերի կարծիքն է ներկայացնում «ՖՌ» եւ նրա եզրակացությունը՝ հավանաբար տասնամյակներ կպահանջվեն ՌԴ-ի ազդեցության ոլորտից ազատվելու համար: Հետեւաբար Պուտինը դեռեւս լծակ ունի՝ տնտեսական պատժամիջոցներով Հայաստանին իր զայրույթը զգացնել տալու համար: Նման ճնշումը «երկսայր սուր» է որակել Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչ Յակոբ Վյոլենշտայնը՝ նկատել տալով այն հանգամանքը, որ դա ավելի մեծ հարված է հասցնում գործընկեր Ռուսաստանի հանդեպ վստահությանը: «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» ծավալուն իր վերլուծության «Հայաստանը եւ իր հարեւանները» ենթավերնագրյալ  հատվածին կցել է տարածաշրջանային մի քարտեզ, որտեղ ԼՂ-ը ներառված չէ Ադրբեջանի կազմում: «Ազգում» բազմիցս գրել ենք, որ գերմանական մամուլը ԼՂ-ի կողքին շարունակում է նշել Արցախ տեղանունը, իսկ օգոստոսի 7-ին ծանուցել էինք Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւի մեկնաբանությունը՝ «մեր խնդիրը չէ գերմանացի լրագրողներին ասել՝ ինչի մասին գրեն…»: Քարտեզը վստահաբար տեսել է դեսպանը, իսկ X-ի էջում  տարածքային ամբողջականությունը խախտելու մասին (դեռ) ակնարկ չկա: Սա հիշեցում չէ՞ մանավանդ հայերիս, որ չուրանանք պատմական ճշմարտությունը:

Օգոստոսի 26-ին նույն թերթը ժամերի տարբերությամբ երկու հոդված է հրապարակել Հայաստանի մասին: «ՀՀ-ն պատրաստվում է դիմել ԵՄ անդամակցության համար: Պուտինը զգուշացնում է…» վերտառությամբ հոդվածից հետո «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» անդրադառնում է «Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանի ձերբակալությանը»՝ շեշտելով, որ գործողությունը «Պուտինի ամենազդեցիկ դաշնակցի դեմ է»:  «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» նշում է, թե Քոչարյանն ու ավագ որդին մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Եւ ընդգծում, թե վերլուծաբանների մեկնաբանությամբ սա «ազդանշան է Կրեմլին»՝ վկայակոչելով Կովկաս ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքը: Թերթը նշում է, որ վարչապետ Փաշինյանի եւ Լեւոն Քոչարյանի՝ ԱԺ-ում վիճաբանությունից հետո, երբ Քոչարյանը մեղադրել է Փաշինյանին իրավապահների վրա ճնշում գործադրելու միջոցով որոշ անձանց դեմ գործ հարուցելու համար, 24 ժամ չանցած խուզարկություններ են հետեւել, որ Լեւոն Քոչարյանի բնորոշմամբ, «քաղաքական դրդապատճառներով» են, ուղղված են հիմնականում ընդդիմությանը՝ ռուսամետ ուժերին: Իսկանդարյանի կարծիքով, սրվում է ընդդիմության եւ կառավարության միջեւ հակամարտությունը, իսկ ձերբակալությունը ներքին եւ արտաքին քաղաքական հստակ ազդանշան է կառավարության առաջնահերթությունների վերաբերյալ: Թերթը նշում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե է կանչվել նաեւ Սերժ Սարգսյանը: Դիտորդների կարծիքով, սա նշանակում է, որ հետաքննությունը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին է թիրախավորում, այլեւ՝ նախկին քաղաքական վերնախավին: «Իշխանությունները սկսել են ուժեղացված թափով գործողություններ ձեռնարկել ռուսամետ քաղաքական ուժերի դեմ՝ բոլոր հասանելի միջոցները գործածելով», ասում է Իսկանդարյանը՝ հավելելով՝ Մոսկվան ուշադիր կհետեւի զարգացումներին: «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» հոդվածը եզրափակում է Սամվել Կարապետյանի՝ անցյալ տարի ձերբակալության պատճառների մասին իրազեկելով: Ռոբերտ Քոչարյանի (եւ այլոց) ձերբակալության մասին գրեցին նաեւ «Շթեռնը», գերմանական n-tv-ին՝ «Ֆրանսպրեսի» տրամադրած լրատվությամբ:

Քոչարյանի ձերբակալման մասին վերոհիշյալ լրատվամիջոցներից տարբեր կարծիք ներկայացրեց Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության(CSI)-ի ներկայացուցիչ Ջոյել Վելդքամփը՝ օգոստոսի 26-ին X հարթակում Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ հրավիրած առցանց հանդիպմանը, որի ժամանակ անդրադարձ եղավ Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու եւ ընդդիմության նկատմամբ շարունակվող հետապնդումներին, Տիգրանաշենի ռազմավարական դիրքին, ՀՀ-ին սպառանցող վտանգներին: Վելդքամփը ընդգծեց իր ներկայացրած կազմակերպության՝ արցախցիների վերադարձի հանձնառությանը հավատարմությունը եւ նկատել տվեց, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալմամբ Բաքվի բանտում պահվող Արցախի 3 նախագահների շարքը համալրվեց չորրորդով՝ Երեւանում:

Իրավապաշտպան Թեսսա Հոֆմանն էլ Վտանգված ազգերի կազմակերպության կայքում ձեւակերպեց իր մտահոգությունը՝«Կառավարության 5-ամյա ծրագրում ամբողջապես բացառվում է Արցախի, ԼՂ-ի նկատմամբ որեւէ պահանջ: Վարչապետ Փաշինյանը ՀՀ-ն վերածում է ավտորիտար պետության»: Հոֆմանը ծավալուն վերլուծականում ընդգծում է իրավապաշտպանների եւ քաղհասարակության քննադատությունն՝ ուղղված կառավարության ծրագրում ներմուծված «հոգեւոր անվտանգություն» անորոշ բառեզրով առաջնահերթությանը, որ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխմանը»՝ այն սահմանելով որպես ազգային անվտանգության հարց:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ Սույն քարտեզն է հրապարակել «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն»՝ ԼՂ-ն հստակ առանձնացնելով:

Leave a Comment