Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է արդիականացնել պետական կառավարման համակարգում փորձնակների ներգրավման կարգը՝ վերանայելով նրանց ներգրավման պայմաններն ու վարձատրության կարգավորումները։ Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդ մասնագետների ներգրավումը և որակյալ կադրերի մուտքը պետական ծառայություն։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 439-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական կառավարման համակարգում փորձնակների ներգրավման ինստիտուտի արդիականացմանը, արդյունավետության բարձրացմանը և սոցիալական արդարության ապահովմանը։ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի ընդունված N 439-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կարգավորումները ներկայումս չեն ապահովում փորձնակների ներգրավմանն ուղղված նպատակների լիարժեք իրականացումը՝ մասնավորապես՝ երիտասարդ մասնագետների մոտիվացիան, ծրագրի հասանելիությունը և որակյալ կադրերի կայուն ներգրավումը պետական ծառայության ոլորտում։
Նախագծի ընդունումը բխում է 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-324-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից և 5-րդ հոդվածի 4-րդ մասից, որոնցով ընդլայնվել է փորձնակի ներգրավման կարգավորման շրջանակը՝ լիազորող նորմում ներառելով ոչ միայն փորձնակների գրանցման, ստաժի, աշխատաժամանակի, այլև վարձատրության առանձնահատկությունների և փորձնակների ներգրավման պայմանների սահմանումը։
Նախագիծը նպատակ ունի վերացնել առկա իրավական և գործնական խոչընդոտները, ներդնել միջազգային փորձին համահունչ լուծումներ և ձևավորել կանխատեսելի, թափանցիկ և խրախուսիչ միջավայր փորձնակների ներգրավման համար։ Միաժամանակ, գործող կարգավորումներում առկա են մի շարք նորմեր, որոնք գործնականում չեն արդարացրել իրենց կիրառությունը կամ այլևս չեն համապատասխանում փորձնակության ինստիտուտի զարգացման ներկայիս փուլին, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել դրանց բովանդակությունը։
Միաժամանակ, հայտնում ենք, որ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տ․ Խաչատրյանի մոտ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած քաղաքացիական ծառայության ոլորտում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ քննարկման արձանագրության 2-րդ կետի 1․4-րդ ենթակետի հանձնարարականի պահանջների կատարումն ապահովելու նպատակով։