Հանրային ռադիոյի լեգենդար անսամբլը՝ արդեն 48 տարվա պատմություն ունեցող «Արևիկը», շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ բացահայտել երեխաների մեջ թաքնված իրական արևները։ Եթե ձեր երեխան սիրում է երաժշտությունն ու արվեստը և երազում է բեմական մեծ ուղու մասին, «Արևիկի» ջերմ ընտանիքը սպասում է նրան։ Մանկապատանեկան անսամբլը նոր ընդունելություն է հայտարարել։ Ուսուցումն անվճար է։ Գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանն ասում է՝ նշաձողը բավական բարձր է, բայց դա չպետք է վախեցնի ծնողներին։ Պահանջները՝ երաժշտական լսողություն, ռիթմ, մաքուր երգեցողություն, արտիստիզմ և աշխատելու ցանկություն։