ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ օգոստոսի 24-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը երեք հիմքով է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու երեք դրվագ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու երկու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման չորս դրվագ։ Օգոստոսի 27-ին դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է ընդունել։ Նրան առնչվող նոր քրեական գործի որոշ դրվագներ հանրությանը ներկայացվում են առանձնակիորեն ընդգծված, քանի որ դրանցից մեկը վերաբերում է Երևանի խորհրդանիշերից մեկին՝ Կասկադ համալիրին և դրա հարակից տարածքների օտարմանը։
Քոչարյան ընտանիքին առնչվող քրեական գործի բազմաթիվ դրվագներից ամենաշատ արձագանք ստացածներից մեկը Հայաստանի այցեքարտերից համարվող Կասկադ համալիրին է վերաբերում։ Վերջին օրերին թեման բացվեց Ազգային ժողովում։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսպես է արձագանքում մեղադրանքներին, ըստ որոնց՝ երկրորդ նախագահին առնչվող քրեական նոր գործը քաղաքական հետապնդում է․
«Քրեական գործով ինքը անցնում է ոչ թե որովհետև ինքը ասում է Արցախ, այլ որովհետև, ըստ մեղադրանքի, օրինակ, մի հատ տարածք է 2 հա գնել 40 միլիոն դրամով, փոխանակել է մեկ ուրիշ 2 հա պետական տարածքի հետ և վաճառել է 1 միլիարդ 740 միլիոն դրամով։ Ոչ թե որովհետև ասել է՝ Արցախ, հասկանո՞ւմ եք, ոչ թե որ ասել է՝ գերիները պետք է վերադառնան»։
Ըստ Քննչական կոմիտեի ներկայացրած մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2004-ին, Երևանի նախկին քաղաքապետի որոշմամբ՝ Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ, մոտ 2 հա մակերեսով պետական հողատարածքը շուկայականից էականորեն ցածր արժեքով՝ 40 միլիոն դրամով, տրամադրվել է փոխկապակցված ընկերության։
Քննության վարկածով՝ հետագայում այդ հողատարածքը փոխանակվել է Երևանի մեկ այլ՝ ավելի բարենպաստ հատվածում գտնվող պետական գույքի հետ, որն այնուհետև օտարվել է 1 միլիարդ 741 միլիոն դրամով։ Քննչական մարմինը պնդում է, որ այդ գործողությունները պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս։
Այսինքն՝ Կասկադի հարակից հողատարածքի պատմությունը քննության շրջանակում դիտարկվում է ոչ թե պարզապես որպես գույքի օտարման վիճահարույց գործընթաց, այլ ենթադրյալ հանցավոր սխեմայի համատեքստում։
Կասկադի հողատարածքի հետ կապված այս դրվագը, ըստ մեղադրանքի, ներառված է Ռոբերտ Քոչարյանին վերագրվող պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործողությունների շրջանակ։
Քոչարյանի կրտսեր որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չի մեկնաբանել Կասկադի հողատարածքի օտարման և դրա հետագա փոխանակման իրավական մանրամասները․
«Չեմ կարող արձագանքել, որովհետև դրան չեմ տիրապետում։ Ընդհանուր գործը ու մոտիվացիան այս գործի ու ընթացքը ամբողջությամբ քաղաքական է։ Այն ժամանակ Սահմանադրությամբ բոլոր որոշումները վավերացնում էր նախագահը։ Չկա որևէ որոշում, որը նախագահը չվավերացներ։ Եթե չեմ սխալվում՝ 10 հազարից ավելի նման որոշում կա։ Կարելի է ամեն որոշման հետ ինչ-որ խնդիր գտնել կամ պայմանական ինչ-որ մեկին մեզ հետ կապ ունեցող ու բերել քրեական գործ։ Աբսուրդ է թե՛ վաղեմության ժամկետների տեսանկյունից, թե՛ մնացած բոլոր ուղղություններով»։
ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն, հերքում են այս պնդումը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները չեն անցել։
Կասկադին առնչվող այս պատմությունը, քրեական գործի վերջնական դատական գնահատականից անկախ, նորից ուշադրության կենտրոն է բերել Երևանի ամենաճանաչելի համալիրներից մեկի շուրջ տարիներ շարունակվող գլխավոր խնդիրը․ ի՞նչ պետք է լիներ Կասկադի հարակից տարածքներում, և ի՞նչ է այնտեղ այսօր։
Նախնական նախագծով՝ համալիրի երկու կողմում նախատեսված էին ընդարձակ՝ մոտ 50 մ լայնությամբ կանաչապատ տարածքներ։ Սակայն տարիների ընթացքում այդ տարածքների մի մասը սեփականության փոփոխության և հետագա կառուցապատման բերումով այլ կարգավիճակ է ստացել։
Թեև Կասկադի անավարտ հատվածների կառուցապատման համար կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը հաստատել են «Կասկադ մշակութային հանգույց» ներդրումային խոշոր ծրագիրը՝ ըստ ֆրանսիացի աշխարհահռչակ ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի նախագծի, նոր ծրագրերն արդեն էապես տարբերվում են Կասկադի սկզբնական գաղափարից և տարածքի կազմակերպման պատկերացումից։
Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գյուրզադյանի հետ նախագծի համահեղինակ Ասլան Մխիթարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անհամաձայնություն է հայտնել Կասկադի տարածքի ներկայիս զարգացման որոշումների վերաբերյալ և նշել, որ նույնիսկ հողերի սեփականաշնորհումից հետո հնարավոր էր վերադառնալ նախագծին։
«Այս կողքերը շարունակվում էին, այդ թեքությունը գնում, մտնում էր դիտահարթակի տակ։ Բայց այս մասը հետ ընկած է, և դուք տեսնում եք՝ այ սա առաջին պլանում, և դա շատ հետաքրքիր տարբերակ էր։ Բերում էր ավարտին և նոր մասի, ոնց որ սկզբի։ Մարդու արած նախագիծը վերցնել, տալ ուրիշին և հեղինակին էլ տեղյակ չպահել՝ դա․․․»։
Կասկադի հարակից տարածքների սեփականաշնորհման գործընթացով տարիներ շարունակ զբաղվել է նաև Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը և բազմիցս բարձրաձայնել խնդրի մասին։ Բախշյանը նաև այժմ սոցցանցային գրառմամբ պնդում է, որ Ջիմ Թորոսյանի նախագծով նախատեսված կանաչապատման գաղափարը չիրականացավ այն պատճառով, որ Կասկադի հարակից տարածքները, իր բնորոշմամբ, «վայրենի» սեփականացման գործընթացի են ենթարկվել Քոչարյանի նախագահության տարիներից սկսած։
Այս պնդումների իրավական գնահատականը դեռ դատարանը պետք է տա։ Փաստացիորեն, մի կողմից՝ քրեական գործի շրջանակում քննվում է պետական գույքի օտարման կոնկրետ դրվագ, մյուս կողմից՝ կրկին հարց է առաջանում՝ ինչու այդպես էլ չիրականացավ Երևանի խորհրդանիշերից մեկի՝ Կասկադի կառուցապատման նախնական գաղափարը, որը տարիներ շարունակ մնացել էր թղթի վրա։