Սևանի ավազանի պատմությունը հիմա ուսումնասիրում են ոչ միայն հողի տակ, այլև՝ լճի հատակում։ Առաջին անգամ Հայաստանում Սևանա լճի հատակն ուսումնասիրվում է համալիր՝ հնագիտական, երկրաբանական և գեոֆիզիկական մեթոդների համադրությամբ։
Իսկ Ակունքի Կլոր բլուրում արդեն ավարտվել է լայնածավալ գեոֆիզիկական քարտեզագրումը․ ժամանակակից սարքավորումները թույլ են տվել տեսնել, թե ինչ է թաքնված հողի տակ՝ առանց այն քանդելու։ Հայ և իտալացի մասնագետների համատեղ այս ծրագիրը ոչ միայն նախապատրաստում է հաջորդ տարվա պեղումները, այլև նոր տեխնոլոգիաներով փորձում է ամբողջացնել Սևանի ավազանի պատմության այն մասերը, որոնք դարերով մնացել են հողի ու ջրի տակ։
Մի կողմից՝ հնագետները փորձում են հասկանալ, թե ինչ է պահպանվել Սևանի ավազանում գտնվող անտիկ բնակավայրից, մյուս կողմից՝ գիտնականները ջրի տակ վերականգնում են 19-րդ դարի կեսերով թվագրվող մոտ 10-մետրանոց «Վահե-1» նավակի պատմությունը՝ ուսումնասիրելով նաև նավաբեկության վայրը և հնարավոր պատճառները։
Կլոր բլուրը շրջակա տարածքից առանձնացող բարձունք է։ Բայց այսօր այստեղ հնագետները չեն շտապում հողը բացել։ Սկզբում նրանք փորձում են «տեսնել» դրա տակ եղածը։ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյան
«Ակունքի Կլոր բլուրը շրջակա տարածքի համեմատ առանձնացող բարձունք է։ Դեռևս անցյալ դարի 1970-ական թվականների վերջին այստեղ իրականացվել էին նախնական պեղումներ, որոնց ընթացքում բացվել էր բլուրը շրջապատող պարիսպի մի հատվածը։ Առաջիկա աշխատանքների նպատակն է ամբողջությամբ ուսումնասիրել այդ պաշտպանական համակարգը և պարզել բնակավայրի գործառույթը»։
Այս տարվա գլխավոր աշխատանքը գեոֆիզիկական քարտեզագրումն էր։ Բլուրը բաժանվել է երկու մետրանոց գոտիների, որոնցով անցնելով՝ սարքավորումները սկանավորել են ընդերքը։ Այսինքն՝ հնագետները դեռ չեն բացում հողը, բայց արդեն կարող են պատկերացում կազմել, թե դրա տակ որտեղ կարող են կառույցներ լինել։ Մկրտիչ Զարդարյան
«Այս մոտեցումը միաժամանակ և՛ խնայում է ժամանակը, և՛ հնարավորություն է տալիս հնարավորինս անխաթար պահպանել պատմաճարտարապետական և հնագիտական մնացորդները։ Եթե պատկերացնենք, որ որևէ կառույց ամբողջությամբ ծածկված է հողով, ապա գեոֆիզիկական հետազոտության շնորհիվ նախապես հնարավոր է պարզել դրա ուրվագիծն ու տեղադրությունը, իսկ հետագայում պեղումների ընթացքում այն բացահայտել առավել զգուշորեն՝ պահպանելով շերտագրական ուսումնասիրության և փաստագրման բոլոր պահանջները»։
Տվյալները հիմա մշակվում են։ Վերջնական արդյունքները սպասվում են հոկտեմբերի վերջին, և հենց այդ քարտեզի հիման վրա կորոշվի՝ հաջորդ տարի որտեղ են սկսվելու պեղումները։
Բայց Սևանի ավազանի այս հետազոտությունը կանգ չի առնում ցամաքում։ Գիտնականներն իրենց ուսումնասիրությունը հասցրել են նաև լճի հատակ։
Հայաստանում առաջին անգամ Սևանա լճի ստորջրյա տարածքը հետազոտվում է համալիր մոտեցմամբ՝ միավորելով հնագիտությունը, երկրաբանությունն ու գեոֆիզիկան։
Փոքր Սևանում արդեն մանրամասն փաստագրվել է «Վահե-1» պայմանական անվանումը ստացած սուզված նավակը։ Մոտ 10 մետր երկարությամբ նավը, ըստ նախնական գնահատումների, թվագրվում է 19-րդ դարի կեսերով։
Այժմ ուսումնասիրում են ոչ միայն նավակը, այլև ամբողջ տարածքը, որտեղ այն հայտնաբերվել է՝ փորձելով վերականգնել նավաբեկության պատմությունն ու հնարավոր պատճառները։
«Հետազոտություններն իրականացվում են հայ-իտալական մասնագետների համատեղ ուժերով՝ կիրառելով ժամանակակից սոնարային տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս քարտեզագրել լճի հատակը և հայտնաբերել նույնիսկ ամենափոքր ստորջրյա օբյեկտները։ Մասնագետները վստահ են՝ առաջիկա ուսումնասիրությունները կարող են նոր տեղեկություններ բացահայտել Սևանի պատմական ժառանգության մասին»։
Եթե լճի հատակում գիտնականները փորձում են վերականգնել մեկ նավի պատմությունը, ապա Կլոր բլրի վրա նրանց հետաքրքրում է արդեն մի ամբողջ բնակավայրի պատմությունը։
Հուշարձանը հին ճանապարհի վրա է, որը Սևանի ավազանը կապել է Սոթքի լեռնանցքի, Արցախի և Հյուսիսային Կովկասի հետ։ Այս դիրքը գիտնականներին հիմք է տալիս ենթադրելու, որ բնակավայրը կարող էր կարևոր դեր ունենալ անտիկ շրջանի հաղորդակցության և առևտրի համակարգում։
Նախնական պեղումներից արդեն ուշագրավ դետալներ են բացահայտվել։ Դրանցից հատկապես հետաքրքիր են գունավոր սվաղի բեկորները։ Մկրտիչ Զարդարյան. «Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում տարբեր գույների՝ կարմիր, կապույտ և սպիտակ սվաղի բեկորները, որոնք վկայում են, որ այստեղի շինությունների ներքին պատերը հարդարված են եղել գունավոր սվաղով։ Այս նյութերն իրենց առանձնահատկություններով շատ նման են անտիկ Արտաշատի պեղումների ժամանակ հայտնաբերված օրինակներին և թվագրվում են մ.թ.ա. I դարից մինչև մ.թ. I դար»։
Այս գտածոները կարևոր են ոչ միայն Կլոր բլրի, այլև տարածաշրջանի մշակութային կապերը հասկանալու համար։ Այս առումով առանձնակի կարևոր է հայ-իտալական համագործակցությունը։
Հայ գիտնականներն աշխատում են Բոլոնիայի համալսարանի մասնագետների հետ։ Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Պիեռ Ֆրանչեսկո Կալիերի.
«Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանում մեր երկարամյա ուսումնասիրությունները տարածաշրջանի մշակութային կապերը բացահայտելու կարևոր համեմատական նյութ են տալիս»։
Այսպիսով, Սևանի ավազանում միաժամանակ երկու տարբեր աշխարհ է ուսումնասիրվում։ Մի դեպքում՝ հողի տակ թաքնված կառույցներն ու պաշտպանական պատերը, մյուսում՝ լճի հատակին մնացած նավն ու այլ հնարավոր հետքերը։
Հնագետները, գեոֆիզիկոսները, երկրաբանները, ստորջրյա հետազոտողներն ու սուզորդները փորձում են միավորել այս տվյալները՝ ամբողջացնելու Սևանի ավազանի պատմությունը։
Կլոր բլրի գեոֆիզիկական քարտեզի վերջնական արդյունքները սպասվում են հոկտեմբերի վերջին։ Իսկ դրանից հետո արդեն հողի հերթն է՝ հաջորդ տարվա պեղումներով ցույց տալու, թե ինչ է թաքցրել Սևանի ավազանը։