Նոր ուսումնական տարվա մեկնարկ. երեխաների անվտանգությունը՝ ճանապարհից մինչև առցանց միջավայր

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության։ Սեպտեմբերի 1-ից մեկնարկում է «Զգուշացեք, երեխաներ» ամենամյա միջոցառումը։ Ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ոստիկանության գվարդիայի, պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ուժերով ծառայություն կիրականացվի առավոտյան 08։00-ից մինչև 09։30-ը, այնուհետև՝ 12։00-ից մինչև դասերի ավարտը։ Նպատակը միայն դպրոցների մոտ հնարավոր խցանումներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելը չէ։

Ոստիկաններն այս օրերին վերահսկելու են նաև առևտրի խոշոր կենտրոններն ու տոնավաճառները, որտեղ դպրոցական գնումների բերումով մարդկանց և մեքենաների հոսքն ավելանում է։ Ուշադրության կենտրոնում են նաև երեխաների անվտանգությանը սպառնացող այլ ռիսկերը՝ այդ թվում թմրամիջոցների հնարավոր հասանելիությունն ու դրանց վերաբերյալ իրազեկումը։

Նոր ուսումնական տարում ոստիկանությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելմանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3-ի փոխարեն։ Թվային առումով նվազում կա, բայց նույնիսկ մեկ դեպքն արդեն լուրջ ահազանգ է, երբ խոսքը երեխայի մասին է։

ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյան․ «Անչափահասների շրջանում թմրամիջոցների կանխարգելման հարցում շատ մեծ զգուշավորություն է պետք, որպեսզի աշխատանքը քողարկված գովազդի չվերածվի։ Շեշտը դնում ենք ծնողների և օրինական ներկայացուցիչների իրազեկման վրա»։

Այս հարցը վերջին ամիսներին առավել զգայուն է դարձել մի շարք աղմկահարույց դեպքերից հետո։

Հունիսին Աշտարակի Օրգով գյուղի դպրոցական էքսկուրսիայից հետո 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրամիջոց էր հայտնաբերվել։ Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նյութը կարող էր փոխանցված լինել քաղցրավենիքի միջոցով։ Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, մեկ անձ ձերբակալվել էր, իսկ հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։

Ավելի վաղ էլ հրապարակումներ էին եղել դպրոցահասակ երեխային թմրանյութ պարունակող նյութեր պարտադրելու վերաբերյալ։ Այս դեպքերը կրկին օրակարգ են բերում հարցը՝ որքանո՞վ են ծնողներն ու դպրոցը պատրաստ նկատելու այն ռիսկերը, որոնց երեխան կարող է բախվել առանց մեծահասակի անմիջական վերահսկողության։

ԵՊՀ դասախոս, նշանագետ Ամալիա Սողոմոնյանի խոսքով՝ թմրամիջոցների խնդրի մասին երեխաների հետ խոսելը չպետք է դիտարկել որպես հետաքրքրություն առաջացնելու վտանգ։ Ընդհակառակը՝ ճիշտ իրազեկումը ճանաչելի է դարձնում վտանգավոր իրավիճակը և հասկանալի՝ ում դիմել։

«Ծնողների գործը, բնականաբար, դժվարանում է սեպտեմբերին, երբ երեխաները դպրոց են գնում ու հայտնվում նոր միջավայրում։ Այդ դեպքում ծնողները հաճախ չգիտեն, թե իրենց երեխաները ինչ միջավայրում են, ինչի մասին են խոսում կամ որ թեմաներն են ակտուալ նրանց շրջանում։ Շատ հաճախ ծնողները նույնիսկ տանը տեղյակ չեն լինում, թե ինչով են զբաղված իրենց երեխաները»։

Դպրոցական հագուստի, գրենական պիտույքների և դասերի նախապատրաստության կողքին ծնողների անհանգստությունների ցանկում ավելացել է մեկ այլ հարց՝ ինչպիսի միջավայրում է երեխան հայտնվում դպրոցում և համացանցում, երբ ինքը երեխայի կողքին չէ։ Սոցցանցերում մտահոգություններն ու ահազանգերը շատ են, իհարկե, մի մասը՝ չհաստատված լուրեր։ Սակայն իրազեկման խնդիրը միշտ լուրջ է՝ երեխաներին սովորեցնել պարզ կանոններ՝ անծանոթից որևէ նյութ կամ սնունդ չվերցնել և կասկածելի իրավիճակում անմիջապես դիմել վստահելի մեծահասակի։

Ամալիա Սողոմոնյան․ «Այս պարագայում դպրոցի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, որովհետև երեխաները ժամանակի մեծ մասն անցկացնում են դպրոցում կամ հարակից տարածքում։ Թե՛ ուսուցիչները, թե՛ տնօրենն ու անվտանգության աշխատակիցները պետք է շատ ուշադիր լինեն և ցանկացած կասկածելի դեպքում անմիջապես ահազանգեն»։

Ռիսկերի մասին խոսակցությունն այսօր միայն դպրոցի բակի կամ դասարանի սահմաններում չէ։ Թմրամիջոցների տարածման և իրացման համար օգտագործվում են նաև առցանց հարթակները, իսկ երեխան նման առաջարկի կարող է հանդիպել հենց հեռախոսում։ Այստեղ ծնողի վերահսկողությունը, մասնագետի խոսքով, պետք է համադրվի վստահության հետ։ Կարևոր է, որ երեխան իմանա՝ վտանգավոր իրավիճակի մասին պատմելու դեպքում առաջին արձագանքը պատիժը չի լինելու։

«Ցավալիորեն, հասարակությունը շատ երևույթների, այդ թվում՝ թմրամոլության նկատմամբ անտարբեր չէ, բայց պայքարելու մեխանիզմները կարծես թուլացել են։ Հաճախ, փողոցում նկատելով թմրանյութ օգտագործող որևէ մեկին, մարդիկ խուսափում են օգնելուց, ահազանգելուց կամ միջամտելուց։ Բոլորը մտածում են, թե դա իրենց գործը չէ կամ իրենց չի վերաբերում։ Խնդիրն էլ հենց այստեղ է խորանում. եթե առաջնորդվում ենք այն մտայնությամբ, թե տեսնում ենք խնդիրն ու չենք միջամտում, ապա մի օր այդ նույն խնդիրը բախելու է հենց մեր դուռը»։

Ոստիկանությունից ասում են՝ կանխարգելման հարցում շեշտը դրվելու է նաև ծնողների իրազեկման վրա։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին նրանց տրամադրվելու են տեղեկատվական թերթիկներ՝ հնարավոր ազդանշանների և անհրաժեշտ քայլերի մասին։

«Ուսումնական տարվա մեկնարկին տեղեկատվական թերթիկներ ենք փոխանցելու ծնողներին, որտեղ նշված կլինեն այն ազդանշանները, որոնք կարող են կասկած առաջացնել, թե երեխան թմրանյութ է օգտագործել, և թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել»։

Այս աշխատանքը միայն ոստիկանության տիրույթում չէ։ Դպրոցներում տարվում են առողջապահական իրազեկման ծրագրեր՝ աշակերտների, ուսուցիչների և հոգեբանների մասնակցությամբ։

ՆԳՆ-ն ավելի վաղ դպրոցականների շրջանում թմրամիջոցների «համատարած» օգտագործման մասին պնդումները գնահատել էր որպես չհիմնավորված՝ ընդգծելով, որ նման տեղեկությունները պետք է հիմնված լինեն կոնկրետ փաստերի վրա։ Միաժամանակ գերատեսչությունից շեշտում են՝ յուրաքանչյուր ահազանգ պետք է ստուգվի և ստանա արձագանք։

Leave a Comment