Դպրոցահասակների շրջանում թմրամիջոցների տարածումը կանխարգելելու նպատակով նախատեսվում է ներդնել կամավոր սքրինինգի ինստիտուտ։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությունը կարող է արժանանալ ծնողների կամ մեծահասակների որոշակի բացասական վերաբերմունքին կամ ընկալվել որպես ներգործության ինչ-որ միջոց։
«Սակայն դրա նպատակը բացառապես թմրամիջոցների կանխարգելման գործընթացն է»,- նշել է ոստիկանության պաշտոնյան՝ հավելելով, որ ներկայում քննարկումներ են ընթանում գործընթացի իրագործման մեխանիզմների մշակման ուղղությամբ։
Անդրադառնալով թմրամիջոցների օգտագործման դեպքերի բացահայտման վերաբերյալ Armenia Today-ի հարցին՝ Խաչատրյանը հայտնել է, որ 2026 թվականին արձանագրվել է 2 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 դեպքի փոխարեն։
«Թեև ունենք դեպքերի նվազում, ինչը դրական արդյունք է, սակայն այս պահին արձանագրված է 2 դեպք։ Իհարկե, ունենք մտահոգություն, քանի որ, անկախ թվի փոքր լինելուց, եթե կա արձանագրված դեպք, ուրեմն դեռ անելիքներ ունենք»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նա նաև հայտնել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ռազմավարությամբ նախատեսված է միջոցառումների շարք, որը պետք է իրականացվի հենց անչափահասների և նրանց օրինական ներկայացուցիչների շրջանում։
«Տեղեկատվական թերթիկներ ենք փոխանցելու ուսումնական հաստատություններին, որոշ դեպքերում՝ նաև օրինական ներկայացուցիչներին։ Սա կանխարգելիչ աշխատանք է ոչ թե անմիջապես անչափահասների, այլ նրանց ծնողների ու օրինական ներկայացուցիչների հետ»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ թերթիկները պարունակելու են այնպիսի տվյալներ, որոնց միջոցով ծնողը կարող է ստուգել երեխայի կողմից թմրանյութ օգտագործած լինելը, ինչպես նաև ուղեցույցներ՝ այն մասին, թե նման կասկածի դեպքում վարքագծի ինչ մեթոդներ պետք է կիրառի ծնողը։
Ոստիկանության պաշտոնյան նշել է, որ թեման զգայուն է, և աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ ոչ մասնագիտական մոտեցումները չվերածվեն քողարկված գովազդի։
Ներքին գործերի նախարարությունը մարտին հերքել էր դպրոցականների շրջանում թմրամիջոցների «համատարած օգտագործման» մասին ԶԼՄ-երում տարածված տեղեկությունները։
Միևնույն ժամանակ Հայաստանում մայիսից խստացվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսվող պատիժները։
