ԱՄՆ դատարանը չեղարկել է 75 երկրների ներգաղթային վիզաների կասեցումը․ ինչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին

ԱՄՆ դաշնային դատարանը չեղարկել է Հայաստանի և ևս 74 երկրների քաղաքացիների նկատմամբ ներգաղթային վիզաների տրամադրումը կասեցնելու՝ ԱՄՆ պետքարտուղարության որոշումը։ Սա նշանակում է, որ ամիսներ շարունակ կասեցված ներգաղթային գործերի քննությունը այդ թվում ՀՀ քաղաքացիների համար կարող է վերսկսվել։

Նյու Յորքի դաշնային դատարանը որոշել է, որ ԱՄՆ քաղաքականությունը, որով սահմանափակվել էր 75 երկրի քաղաքացիների՝ ԱՄՆ-ում մշտական բնակության նպատակով ներգաղթային վիզա ստանալու հնարավորությունը, հակասում է երկրի ներգաղթային օրենսդրությանը։  Դաշնային դատավոր Ջանեթ Վարգասն այս մոտեցումն «ակնհայտորեն անօրինական» է անվանել՝ նշելով, որ դա կիրառելիս պետքարտուղար Ռուբիոն վերազանցել է իր լիազորությունները։   

«Այն քաղաքականությունը, որը դիմողի միայն քաղաքացիության հիմքով ամբողջությամբ դադարեցնում էր ներգաղթային վիզաների տրամադրումը, ուղղակիորեն խախտում է օրենքով սահմանված այս իրավական շրջանակը»։

Խնդիրը պարզապես վիզաների տրամադրման կասեցումը չէր, այլ այն, որ մի  ողջ երկրի քաղաքացիների նկատմամբ նույն սահմանափակումը կիրառվում էր նախապես՝ առանց նրանց կոնկրետ գործը անհատապես գնահատելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր առիթներով շեշտել է, որ ներգաղթը և վիզաների տրամադրումը պետք է սահմանափակվեն, անգամ՝ արել կոպիտ ձևակերպումներ։

«Միացյալ Նահանգները երկիր է և մեզ սահմաններ են պետք։ Ոչ մի կարեկցանք պետք չէ ցուցաբերել, որ Միացյալ Նահանգները վերածենք աշխարհի համար աղբավայրի»։

Դատարանը նաև չեղարկել է այն մերժումները, որոնք հիմնված էին բացառապես այս քաղաքականության վրա, այսինքն՝ այդ գործերը կրկին օրենքով սահմանված ընթացակարգով հնարավոր կլինի քննել։ Սակայն դա ինքնաբերաբար չի նշանակում, որ այդ քաղաքացիներին արդեն վիզա է տրամադրվում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է ԱՄՆ վիզաների տրամադրմամբ և այցելությունների կազմակերպմամբ զբաղվող տուրիստական կազմակերպության տնօրեն Գայանե Ազաբյանը․

«Դատարանի որոշումը նշանակում է, որ Պետդեպարտամենտը չէր կարող միայն դիմորդի քաղաքացիության հիմքով ընդհանուր արգելք սահմանել ներգաղթային վիզայի տրամադրման նկատմամբ։ Սա կարևոր և դրական զարգացում է այն մարդկանց համար, որոնց գործերը տուժել էին այս սահմանափակումից»։

Բայց այստեղ կարևոր է տարբերել դատարանի որոշումը և դրա գործնական կիրառումը։ Վերացված է 75 երկրների քաղաքացիների նկատմամբ հունվարին կիրառված ընդհանուր կասեցումը, բայց դատարանը որևէ մեկի փոխարեն վիզա չի տրամադրում։  

«Ճիշտ չէ մարդկանց խոստանալ, որ դատական որոշումից անմիջապես հետո բոլորը ավտոմատ վիզա են ստանալու։ Հյուպատոսական մարմինները պետք է համապատասխան ընթացակարգերով շարունակեն կամ վերանայեն կոնկրետ գործերը»։

Ու հենց սա է հիմա Հայաստանի քաղաքացիների համար գլխավոր հարցը՝ ի՞նչ անել, եթե իրենց ներգաղթային վիզայի գործը ամիսներ շարունակ կանգնած է։

Ազաբյան․ «Ես խորհուրդ չէի տա  ողջ գործընթացը զրոյից սկսել կամ նոր դիմում ներկայացնել միայն այն պատճառով, որ նախկին գործը կասեցվել է։ Եթե արդեն ունեք գործող ներգաղթային վիզայի գործ, առաջին հերթին պետք է ստուգել հենց այդ գործի կարգավիճակը»։

Նախկինում կասեցված գործերի դեպքում ի՞նչ ընթացակարգով է շարունակվելու արդեն սկսված գործընթացը։ «Պարտադիր չէ ամբողջ փաստաթղթային փաթեթը զրոյից հավաքել։ Բայց պետք է հաշվի առնել, որ որոշ գործեր բավական երկար ժամանակ են ընթացքի մեջ եղել, և այդ ընթացքում առանձին փաստաթղթեր կարող էին ժամկետանց լինել։ Կախված կոնկրետ գործից՝ հյուպատոսարանը կարող է պահանջել թարմացված փաստաթղթեր կամ, օրինակ, նոր բժշկական հետազոտություն»։

ԱՄն դեսպանատունը դեռ այսպիսիք չի հրապարակել։ Ինչ է սպասվում նրանց, ովքեր մինչև սահմանափակումը հասել էին գործի ամենավերջին փուլ՝ հյուպատոսական հարցազրույցը։

«Կարող է անհրաժեշտ լինել գործի վերանայում, լրացուցիչ փաստաթղթերի ներկայացում կամ այլ հյուպատոսական գործողություն։ Այդ դիմորդները պետք է հատկապես ուշադիր հետևեն իրենց գործի կարգավիճակին և հյուպատոսարանի հաղորդագրություններին»։

Կարևոր է նաև չշփոթել տարբեր սահմանափակումները։ 2026 թվականի հունվարի 21-ից Հայաստանի և ևս 74 երկրների քաղաքացիների համար կասեցվել էր ներգաղթային վիզաների տրամադրումը։ Խոսքը այն վիզաների մասին է, որոնց միջոցով քաղաքացին նախատեսում է մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ 

«Այս սահմանափակումը չէր վերաբերում B1/B2՝ գործնական և զբոսաշրջային վիզաներին։ Նույնպես չէր վերաբերում F1 ուսանողական վիզային։ Այդ պատճառով ճիշտ չէ ասել, որ հունվարից Հայաստանի քաղաքացիների համար ամերիկյան բոլոր վիզաները փակվել էին»։

Սակայն դատարանի այս որոշումը դեռ չի նշանակում, որ ներգաղթային վիզաների գործընթացը հենց այսօրվանից ամբողջությամբ վերադառնում է սովորական ռեժիմի։ Օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը համաշխարհային մակարդակով հետաձգում է ներգաղթային վիզաների հարցազրույցները՝ դա բացատրելով հյուպատոսական աշխատակիցների խորացված վերապատրաստմամբ։  Արդեն նշանակված հարցազրույցներ ունեցող դիմորդներին տեղեկացվում է դրանց հետաձգման մասին, իսկ նոր ժամկետներ դեռ չեն սահմանվել։

Այսինքն՝ դատարանի որոշումը չեղարկել է 75 երկրների քաղաքացիների նկատմամբ հունվարին կիրառված հատուկ քաղաքականությունը, բայց ներգաղթային վիզաների գործընթացի վրա այժմ դրվել է նաև առանձին համաշխարհային դադար։

Ուստի Հայաստանի քաղաքացիների համար այս պահին ամենակարևոր քայլը՝ հետևել իրենց վիզային գործի կարգավիճակին և սպասել ԱՄՆ հյուպատոսական մարմինների պաշտոնական ցուցումներին։  Դրանց ընթացքը կախված է ԱՄՆ համապատասխան մարմինների հետագա քայլերից, իսկ վարչակազմը դեռ կարող է բողոքարկել դատարանի որոշումը։

Տեղ նաև՝ ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը կասեցնելու որոշումը

Leave a Comment