Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները Պարսից ծոցի գոտում խնդիրների կարգավորման օրինակ են՝ միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Օմանի հետ գործընկերությամբ նոր միջանցքի և ականազերծման առաջարկվող կառուցվածքը, ինչպես նաև Հորմուզի նեղուցի հետագա կառավարումը տարածաշրջանային լուծումների օրինակ են», – նշել է Իրանի ԱԳ նախարարը։ Նա նշել է, որ վերջին շրջանում Թեհրան այցելած Պակիստանի և Օմանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում «շեշտը դրվել է հենց տարածաշրջանի երկրների կողմից լուծումների գտնելու վրա»։
Արաղչին հավելել է, որ «Իրանի հավատարմությունը խաղաղությանն ու կայունությանը զուգահեռվում է հարևան պետությունների հետ մշտական դիվանագիտական աշխատանքով»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում համատեղ կառավարմամբ ժամանակավոր ծովային միջանցք ստեղծելու, ինչպես նաև մշտական միջանցքի շուրջ համաձայնեցման նպատակով տեխնիկական բանակցությունները շարունակելու մասին։ Թեհրանում ընդգծել են, որ Իրանը և Օմանը «պատրաստ են հանդիպումներ անցկացնել Պարսից ծոցի արաբական երկրների հետ»՝ տեղեկատվություն փոխանակելու և նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով։