Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ, օգոստոսի 25-ին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Դատարանի որոշմամբ սահմանափակվել է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների հետ հանդիպումների։
«Թեև դատավորը որոշման տեքստը պաշտպանական կողմին դեռևս չի տրամադրել, սակայն արդեն իսկ կարելի է արձանագրել, որ գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ։ Բոլոր դեպքերում, ներկայացված դրվագներով վաղեմության ժամկետներն արդեն իսկ սպառված են, իսկ որոշ ձևակերպումներ պարզապես մտածածին են»,- նշել է Կոչուբաևը։
Ըստ նրա՝ որպես կալանավորման հիմք ներկայացվել է վարույթին խոչընդոտելու ռիսկը, ինչը պաշտպանական կողմն անհիմն է համարում՝ հաշվի առնելով, որ խոսքը 2004, 2006 և 2010 թվականներին կնքված գործարքների մասին է։
«Խոչընդոտման ռիսկը պետք է լինի առարկայական, պարզ չէ, թե տասնամյակներ առաջ տեղի ունեցած գործարքների պարագայում մեղադրյալն ում կարող է խոչընդոտել կամ ինչի նկատմամբ»,- նշել է Կոչուբաևը։
Հակակոռուպցիոն կոմիտեի վարկածով՝ գործով քննվող գործարքները կատարվել են հանցավոր ճանապարհով, իսկ Քոչարյանն օժանդակել է պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։
«Սակայն այդպես էլ անպատասխան են մնում կարևորագույն հարցերը՝ կոնկրետ ո՞ր պաշտոնյային, ի՞նչ եղանակով և ի՞նչ գործողություններով է նա օժանդակել»,- ասել է Կոչուբաևը։
Նա նշել է, որ պաշտպանական կողմը դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո բողոքարկելու է այն։
Քոչարյանների բնակարաններում և նրանց հետ փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ին իրականացված խուզարկություններից հետո Ռոբերտ և Սեդրակ Քոչարյաններին ձերբակալել էին։
Գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
