Ջութակը թագուհին է, և թագուհու պես էլ պետք է վարվես․ Անի Աղաբեկյան

Այս սիրով ու նվիրումով է ջութակահարուհի Անի Աղաբեկյանն անցնում երաժշտական իր ուղին: Հայաստանում նա սովորել է պրոֆեսոր Բագրատ Վարդանյանի դասարանում, իսկ Գերմանիայում կրթությունը շարունակել պրոֆեսոր Նաչիտա Ռիսինի մոտ։ Երկու վարպետներին էլ Անին համարում է ոչ միայն ուսուցիչ, այլև կյանքի կարևորագույն ուղեկից ու մենթոր:

Տարիների վաստակն ու կազմակերպչական փորձն այսօր նրան հասցրել են նոր հանգրվանի. երկամսյա մրցութային փուլերից հետո Անի Աղաբեկյանը նշանակվել է Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի գործադիր տնօրեն։

«Օգոստոսի 1-ից ես գործադիր տնօրենն եմ Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի… Իմ առաջին պայմաններից մեկն էր, որ իմ աշխատանքը ես կկատարեմ Կարլսրուե քաղաքից հիմնականում և ընթացքում կգնամ-կգամ… Այսինքն՝ պայմանը դա էր, որ ես իմ ջութակը կողք չեմ դնում»։

Միջազգային կազմ ունեցող նվագախմբում հայ երաժշտին ու ղեկավարին ընդունել են մեծ ջերմությամբ։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նիկոլայ Բերնշտայն. «Անի Աղաբեկյանը մեզ գրավեց իր դրական ու ուժեղ էներգիայով։ Նա գործնական մարդ է, որ  հիանալի տիրապետում է մեր գործունեության թե՛ կազմակերպչական, թե՛ գեղարվեստական կողմերին։ Մենք նույն ալիքի վրա ենք և շատ ուրախ ենք, որ նա մեր թիմի մաս է»։

Անին  ասում է, որ առաջին իսկ օրվանից նվագախմբում հատուկ տեղ է հատկացվում  հայկական մշակույթին։ Այս պահին էլ համագործակցում են երաժիշտներ Հայկ Կազազյանի, Լուսինե Խաչատրյանի և Միքայել Հախնազարյանի հետ։ 

«Նիկոլայ Բերնշտայնը շատ բաց մտքով մարդ է, շատ հետաքրքրված է, լսում է, և առաջին իսկ օրվանից, ինչ ես հայտնվել եմ այս նվագախմբում, Հայաստանի ու հայ երաժշտության մասին շատ է խոսվում»:

Ֆրանկֆուրտի կամերային  նվագախումբը  ժամանակակից ու նորարար նվագախումբ է։ Այն դասական երաժշտությունը միախառնում է արվեստի այլ ձևերի հետ՝ դուրս գալով ավանդական երաժշտարվեստի սահմաններից։ Նվագախումբը անցյալի երաժշտությունը ներկայացնում է մեր օրերի համատեքստում՝ բարձրացնում   հասարակությանը հուզող արդիական թեմաներ։

Նվագախումբը  հաճախ է հրաժարվում բեմի ու դահլիճի սահմանները և ինտերակտիվ կապ ապահովում հանդիսատեսի հետ։ Դիրիժոր Նիկոլայ Բերնշտայնն ասում է՝ իրենք միահյուսում են երաժշտությունը, պարը, գրականությունն ու կերպարվեստը։ Նպատակը մեկն է՝ երաժշտությունը կապել այսօրվա մարդու հույզերի և հասարակական անցուդարձի հետ։

Նվագախմբի առաջիկա խոշոր նախագծերից է «Vertigo» ծրագիրը, որը պատմում է 1933 թվականի Վայմարյան հանրապետության ու ժողովրդավարության փլուզման մասին։ Այս նախագիծը ջութակահարուհին ներկայացնելու է հայտնի երգիչ, դերասան և շանսոնյե Վլադիմիր Կորնեևի հետ։

«Սա համերգային երեկո է, որը մեզ տանում է Վայմարյան հանրապետության վերջին տենդագին տարիները՝ անսահման ազատության, բայց միևնույն ժամանակ խոր անորոշության դարաշրջան։ Սա պար է հրաբխի վրա՝ վայրի, խոցելի և վախենալիորեն արդիական»։

Ծրագրի առանցքում Կուրտ Վայլի երաժշտությունն է, մասնավորապես՝ նացիստական ռեժիմի արգելած «Զիլբերզե» օպերան։

Դիրիժորն ընդգծում է, որ սա լոկ պատմական հիշողություն չէ, այլ յուրօրինակ կոչ՝  աչքերը բաց պահելու և դիրքորոշում հայտնելու՝ հանուն ազատ և ժողովրդավարական հասարակության։

Գերմանական բեմերում հայկական երաժշտության հնչողությունն ապահովելուց զատ, Անի Աղաբեկյանն այս աշնանը պատրաստվում է նաև իր նախաձեռնած Գերմանահայկական երաժշտական փառատոնի ստեղծման 15-ամյակին։

«Հոկտեմբերի 17-ին՝ հենց բացմանը, ելույթ է ունենալու «Prague Royal Chamber Orchestra»-ն: 

 Իսկ այս տարվա մշակութային միջոցառման առանձնահատկությունն այն է, որ հրավիրված բոլոր արտասահմանցի երաժիշտները սերտ կապեր ունեն հայկական մշակույթի հետ։

Ինչ վերաբերում է Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի հետ Հայաստան այցելելուն, Անի Աղաբեկյանն ասում է՝ այս պահին հստակ ժամկետներ չկան, բայց Հայաստանում համերգային ծրագրով հանդես գալու հնարավորությունն արդեն քննարկվում է։

Leave a Comment