ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացնում։ Այս մասին «RIA Novosti»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Այս պահին ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցություն չի իրականացվում»,- ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանին վերաբերում են ՀԱՊԿ-ում ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմանները։
Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ համապատասխան համագործակցությունը Երևանի հետ իրականացվում է երկկողմ հիմունքներով։
«Գործում է անհրաժեշտ իրավական բազա, որը նախատեսում է, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշման ընդունման համար անհրաժեշտ կլինի կոնսենսուս։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և երկրների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։
Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։