Կանաչ լույս Տոկաևի համար. Ղազախստանն անցում է կատարում միապալատ խորհրդարանի

Օգոստոսի 23-ին Ղազախստանում միապալատ խորհրդարանի՝ Կուրուլթայի ընտրություններ էին։ Դրանք առաջինն էին այս տարվա հուլիսի 1-ից՝ նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։ Ղազախստանի նոր մայր օրենքը նախատեսում է անցում երկպալատ խորհրդարանից միապալատի։ Միապալատ խորհրդարանից, սակայն, արդեն մինչև քվեարկությունը դուրս էին մնացել ընդդիմադիր ուժերը, քանի որ սահմանադրական փոփոխություններին հաջորդել են իշխանության կողմից խիստ վերահսկվող գործընթացներ։

Գլխավոր ինտրիգը, սակայն, Ղազախստանի գործող ղեկավարի վերընտրվելու հարցն է։ Ավելի վաղ նա ասել էր, որ դեռ ժամանակը չէ խոսելու իր՝ 2029-ին առաջադրվելու մասին։ Այնուամենայնիվ, քաղաքական վերջին փոփոխություններով՝ նրա նախորդ ժամկետները զրոյացվել են՝ կանաչ լույս վառելով Տոկաևի հաջորդ նախագահության համար։

Ղազախստանում երկպալատ օրենսդիրը տեղը զիջեց միասնական Կուրուլթային։ Սենատը, որը համարվում էր օրենսդրական որոշումների լրացուցիչ ֆիլտր, լուծարվեց, իսկ անկախ թեկնածուներ նոր խորհրդարանական մոդելում չկան․ պատգամավորական մանդատները բաշխվում են միայն համամասնական ընտրակարգով։

Այս ընտրություններին մասնակցել է պետության ստուգած յոթ կուսակցություն, մի շարք իրական ընդդիմադիր կառույցների ավելի վաղ մերժվել էր քաղաքական կուսակցության կարգավիճակը՝ հիշեցնում են արևմտյան լրատվամիջոցները։

Ներքաղաքական վերջին իրադարձությունները Ղազախստանում փոխել են նաև ընտրություններում դիտորդական գործունեության կանոնները․ երկրի ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք օտարերկրյա ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում են ստանում, չեն կարող դիտորդ լինել  ընտրատեղամասերում: Դրա հետևանքով Ղազախստանի անկախ դիտորդական կառույցները նույնպես դուրս են մնացել դիտարկման գործընթացից:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, որի միջանկյալ զեկույցը ավելի վաղ փաստել էր իրական ընդդիմադիր կուսակցությունների և անկախ թեկնածուների բացակայությունը ընտրություններում, նույնպես դիտարկել է ընտրությունները։

Ընտրողները, որոնց հետ զրուցել է Ռոյթերսի թղթակիցը, հստակ ակնկալիքներ այս ընտրությունների արդյունքներով չեն ձևավորում, ասում են՝ հույս ունեն, որ կյանքն ավելի լավը կդառնա։

Երեկվա ընտրությունները Ղազախաստանում իսկապես համարվում են պատմական, քանի որ ձևավորվում է նոր՝ միապալատ խորհրդարան՝ Կուրուլթայը։ Դրանք ուղիղ կապ չունեն նախագահական ընտրությունների հետ, սակայն մաս են նոր մայր օրենքի ընդունմամբ մեկնարկած քաղաքական փոփոխությունների։

Կասիմ ժոմարտ Տոկաևը հայտարարում է, որ քաղաքական նոր իրողությունների ձևավորմամբ պետականության հիմքերը հիմնանորոգվում են, ձևավորվում է իշխանության նոր համակարգ՝ ուժեղ նախագահով, ազդեցիկ խորհրդարանով և հաշվետու կառավարությամբ։ Ավելի ակնհայտ փոփոխություններից է այն, որ երկրի գործող ղեկավարին նոր հնարավորություն է տրվել զրոյացնելու իր նախորդ նախագահական ժամկետները, ուստի Տոկաևը կարող է 2029-ի նոյեմբերին նախագահության հերթական ժամկետից հետո կրկին առաջադրվել։ Եթե նախորդ տարի Ալ Ջազիրային տված հարցազրույցում Տոկաևն ասել էր, որ նման մտադրություն չունի, օգոստոսի 23-ին՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա չի բացառել առաջադրվելու հնարավորությունը՝ հորդորելով լրագրողներին իրադարձություններից առաջ չընկնել։

Տոկաևը շեշտել է, որ ունի վերընտրվելու օրինական իրավունք, բայց դեռ վաղ է՝ խոսելու ապագա ընտրություններին մասնակցության մասին։ Փոխարենը նա խոսել է անելիքների մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա, ներկայացրել է երկիրը մեծ շինհրապարակի վերածելու մտադրությունը նախևառաջ սոցիալական օբյեկտների կառուցման միջոցով։

«Ինչու ենք մենք գումար պահում արժեթղթերում, եթե այն կարող ենք ծառայեցնել ի նպաստ ժողովրդի»,— արդեն նախընտրական ելույթ հիշեցնող իր ճեպազրույցում ասել է Ղազախստանի գործող նախագահը։

Իշխանական ուժը ձայների հաշվարկի նախնական արդյունքներով ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը։ Այս ընտրություններով Տոկաևը շարունակում է ամրապնդել իշխանությունը՝ նշում են արևմտյան փորձագետները, որոնք մինչև քվեարկության մեկնարկը կանխատեսում էին «Ադիլեթ» կուսակցության հաղթանակը՝ այս ընտրությունների ամենաանհետաքրքրիր մասը համարելով դրանց արդյունքները։

Leave a Comment