Թայվանի հարավային շրջաններից, որոնք տուժել են մուսսոնային հզոր անձրևներից, տարհանվել է ավելի քան 4000 մարդ։ «Focus Taiwan» լրատվական պորտալի տվյալներով՝ տարհանումն իրականացվում է հիմնականում Գաոսյուն և Պինդուն շրջաններում։
Լեռնային շրջաններում նաև ցեխահոսքերի վտանգի վերաբերյալ 119 նախազգուշացում է տրվել։ Որոշ շրջաններում արձանագրվել են ջրհեղեղներ, ճանապարհների վնասում և առնվազն մեկ սողանք, որը ժամանակավորապես փակել էր Տիանլիաո շրջանի ճանապարհներից մեկը։
Կղզու եղանակային պայմանների կառավարման կենտրոնի տվյալներով՝ առատ տեղումները կշարունակվեն ևս մեկ օր. դրանից հետո Թայվանի հարավում եղանակը կարող է կայունանալ, սակայն հյուսիսում կարող են սկսվել հորդառատ անձրևներ։
Կիրակի օրը հորդառատ անձրևներ են տեղացել Թայվանի հարավային և արևելյան շրջաններում։ Հատկապես ծանր հարվածի են ենթարկվել Պինդուն, Գաոսյուն, Տայնան, Տայդուն, Ցյայի և Հուալյան շրջանները. այնտեղ պետական հիմնարկները ժամանակավորապես փակվել են, իսկ դպրոցական պարապմունքները՝ դադարեցվել։