Եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է ընդունելու համապատասխան որոշում և լքելու այդ կազմակերպությունը»,- լրագրողներին ասել է նա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, նշել էր, որ ինքը շատ գոհ կլինի, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին հեռացնի, քանի որ ՀԱՊԿ-ի հանդեպ ՀՀ-ի հետաքրքրությունը սպառված է:
Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին։
Անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, Պեսկովն ասել է, որ ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելուց հետո, Երևանը ԵԱՏՄ շրջանակներում կբախվի խորը հակասությունների, որոնք վնասակար կլինեն հենց Հայաստանի համար։
«Այստեղ կա շատ կարեւոր մի հանգամանք, որի մասին խոսել են նաեւ մեր ներկայացուցիչները եւ առաջին հերթին՝ մեր երկրի ղեկավարը։ Հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի սկսել իր օրենսդրությունը ամենատարբեր ոլորտներում՝ եւ առեւտրային, եւ բուսասանիտարական, եւ մաքսային եւ այլն, եւ այլն, համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, ԵՄ չափանիշներին։ Այդ չափանիշներին չեն համընկնում այն չափանիշներին հետ, որոնք ընդունված են մեզ մոտ եւ որոնք գործում են ԵԱՏՄ տարածքում։ Եվ հենց այստեղ մենք կբախվենք խոր հակասությունների, որոնք առաջին հերթին վնասելու են հենց Հայաստանին»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ- ը։
Տես նաեւ՝ Վարչապետը հայտարարել է մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մտադրության մասին