Եթե Հայաստանը չի տեսնում ՀԱՊԿ-ին անդամակցելու անհրաժեշտություն, ազատ է լքելու կազմակերպությունը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը, եթե իր ազգային շահերից ելնելով այլևս չի տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցելու անհրաժեշտություն, ազատ է որոշում կայացնելու և կազմակերպությունից դուրս գալու հարցում։

«Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է ընդունելու համապատասխան որոշում և լքելու այդ կազմակերպությունը», — լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը գոհ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը հեռացներ Հայաստանին, քանի որ կազմակերպության նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը սպառված է։

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունման համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և այդ հարցը կարող է քննարկվել պետությունների ղեկավարների կողմից։

Միաժամանակ Պեսկովն անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին՝ խորհուրդ տալով հաշվի առնել Թուրքիայի և այլ երկրների փորձը։

«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու դիմումին, ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը, մի շարք այլ երկրների փորձը, որոնց դիմում ներկայացնելու պահից արդեն անցել են տասնյակ տարիներ, տասնյակ տարիներ, իսկ սայլը դեռ տեղն է», — ասել է նա։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը, որը նույն թվականի ապրիլին ստորագրել էր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման և եվրաինտեգրման ուղղությամբ քայլեր կատարելու մասին։ Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ միաժամանակ ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության մաքսային միություններում լինելը հնարավոր չէ։

Leave a Comment