Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքը վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակությունը։
«2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառութային նշանակությունը»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի գործառութային միակ նշանակությունը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։
«Հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին, և այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ Հանրապետություն: Կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է»,- նշել է նա։