Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները բումերանգի պես հարվածում են ամերիկյան տնտեսությանը

Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը հանգեցնում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ակտիվության նվազման և տնտեսության լճացման, իսկ Իրանի նկատմամբ ճնշումը բումերանգի պես հարվածում է հենց Ամերիկային։ Այս կարծիքն է հայտնել Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Իրանի խորհրդարանի խոսնակը X-ում «բումերանգի էֆեկտը» ներկայացրել է մի քանի լուսանկարներով և նշել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ում ապրանքների գների վերահսկման վերաբերյալ վերջին կարգադրությունները չեն կարող նպաստել պարտատոմսերի կամ հիփոթեքային վարկերի շուկայի աշխուժացմանը։

Ղալիբաֆի համոզմամբ՝ «առանց նախաձեռնությունների սառեցված արտաքին քաղաքականությունը հանգեցնում է սառեցված և լճացած տնտեսության»։

«Միակ բանը, որը դեռ շարժվում է, դեպի ԱՄՆ վերադարձող բումերանգն է, որը գործարկվել էր Իրանի դեմ», – նշել է Ղալիբաֆը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ մասշտաբի «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին։ Ամերիկյան առաջնորդը նաև նախազգուշացրել էր, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, ԱՄՆ-ի կողմից կբախվեն լուրջ տնտեսական հետևանքների։

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է և հանցագործություն մարդկության դեմ»։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել էին, որ «ԱՄՆ վարչակազմը, պատժամիջոցների ծրագրերը մշակողները և դրանք իրականացնողները պետք է համապատասխան պատժի ենթարկվեն»։

Leave a Comment