Ամուսնական պայմանագիրը իրավական գործիք է, որի միջոցով ամուսնության պատրաստվող անձինք կամ ամուսինները կարող են նախապես կարգավորել իրենց գույքային հարաբերությունները։ Այն կարող է վերաբերել ինչպես արդեն իսկ ունեցած, այնպես էլ ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքին և որոշակի ֆինանսական պարտավորություններին։
Ամուսնական պայմանագրով կարող են կարգավորվել բացառապես ամուսինների գույքային իրավունքները։ Այն կարող է կնքվել ինչպես ամուսնությունից առաջ, այնպես էլ ամուսնության ընթացքում՝ նոտարական վավերացմամբ։ Պայմանագիրը կարող է վերաբերել անշարժ և շարժական գույքերին, ավանդներին, վարկերին և այլն։ Ամուսնական պայմանագրով չեն կարող կարգավորվել օրինակ ամուսիններից մեկի գործունակության սահմանափակումը, երեխաների խնամքի կամ տեսակցության հետ կապված հարցերը։
Իրավական շաբաթի շրջանակներում թեման մանրամասնել են «Բեսթ Սոլյուշնս» իրավաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Վահե Աստվածատրյանը և «Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, փաստաբան Արմեն Մելքումյանը։