Ադրբեջանը կուլիսների հետևում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այսպիսի պնդմամբ հանդես է եկել Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
Իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր պորտալին հայտնել է, որ Բաքվում «խիստ մտահոգված են» Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությամբ, քանի որ երկուսն էլ Ադրբեջանի դաշնակիցներն են։ Ըստ պորտալի տեղեկությունների՝ ԱՄՆ-ն նույնպես աշխատում է այս լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, սակայն Իսրայելը, ինչպես նշում է Ynet-ը, «ակնհայտորեն չի վստահում» Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարակին։
Նշվում է, որ մեկ տարի առաջ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ուղիղ երկխոսություն Իսրայելի և Թուրքիայի միջև, ինչի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի հարցով երկու երկրների միջև օպերատիվ համակարգման մեխանիզմ ստեղծելու մասին։ Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, Kan պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ տարաձայնությունները կանխելու համար Իսրայելի և Թուրքիայի միջև գործում են կապի գաղտնի ուղիներ։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը օգոստոսի 22-ին «N12» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Երուսաղեմը շահագրգռված չէ Անկարայի հետ հակամարտության սրմամբ, սակայն թույլ չի տա թուրքական ռազմաբազաների հայտնվելը Սիրիայում։ Նա նշել է, որ հրեական պետությանը «հետաքրքրում է Սիրիայում կայունության և ստատուս քվոյի պահպանումը»։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան «կանգնած է» հրեական պետության հետ անվտանգության ոլորտում ձևավորված ստատուս քվոյի խախտման եզրին, քանի որ թույլ է տվել թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։ «Syria TV» հեռուստաալիքն իր հերթին հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել սիրիական Իդլիբում գտնվող «Աբու դուհուր» ռազմական օդանավակայանին։
Իսրայելն ու Թուրքիան պահպանում են դիվանագիտական հարաբերությունները, սակայն երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումները սառեցված են 2023 թվականի հոկտեմբերից։