Oգոստոսի 13-ից ուժի մեջ է մտել Եվրոպական Միության նոր կանոնակարգը, որը խստացնում է ավտոմեքենաների թափոնների վերամշակման և «կենսափուլի ավարտի» (ELV) կանոնները։ Ամեն տարի Եվրոպայում թափոն է դառնում 10-ից 12 միլիոն մեքենա։ Եվրոպական Միությունը փորձում է փոխել ավտոարդյունաբերության ավանդական տրամաբանությունը․ ընկերությունները պետք է մտածեն ավտոմեքենաների ոչ միայն առաջին, այլև երկրորդ «կյանքի» մասին։
Նոր պահանջներ ու ավելի մեծ պատասխանատվություն ավտոարդյունաբերող ընկերությունների համար․ օրերս ուժի մեջ է մտել Եվրոպական Միության տրանսպորտային միջոցների նախագծման շրջանաձևության և շահագործումից դուրս եկած մեքենաների (ELV) կառավարման նոր կանոնակարգը։ Առաջին անգամ մեկ միասնական համակարգում կարգավորվում է մեքենայի «կյանքի» ամբողջ ցիկլը՝ նախագծումից և արտադրությունից մինչև ապամոնտաժում, վերօգտագործում և վերամշակում։ Նոր կարգավորման հիմնական նպատակն այն է, որ մեքենան նախագծվի այնպես, որ իր ամբողջ կյանքի ընթացքում հնարավորինս քիչ վնաս հասցնի շրջակա միջավայրին՝ արտադրությունից մինչև շահագործումից դուրս գալ։
ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ թեման կարևոր է հատկապես ավտոարդյունաբերության և շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից։
«Սա ոչ միայն բնապահպանական նախագիծ է, այլև պայմանավորված է վերջին շրջանում լոգիստիկ լուրջ սահմանափակումների հետ, որովհետև հումքի հասանելիությունն աստիճանաբար դառնում է խնդիր․ավտոմեքենայի դետալների մեջ բավականին շատ են բազմազան հանքանյութերից ստացված մետաղները։ Այդ պատճառով բնապահպանական գործոնին զուգահեռ որոշում է կայացվել, որ երկրորդական վերամշակման ենթարկվեն այդ հանքանյութերը և դրանց մատչելիության առումով, և լոգիստիկ խնդիրների առումով»։
Կանոնակարգն արտադրողներին պարտավորեցնում է իրականացնել շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների վերամշակում, սահմանում է նաև նոր մեքենաների նախագծման և վերամշակված նյութերի օգտագործման խիստ չափանիշներ։ Արտադրողները պետք է մեքենաները նախագծեն այնպես, որ դրանց մասերն ու նյութերը հնարավոր լինի ավելի հեշտությամբ ապամոնտաժել, վերամշակել և վերադարձնել արտադրական շրջանառություն։ Այսինքն, ավտոարտադրողները պետք է ոչ միայն մեքենա վաճառեն, այլև ֆինանսական և կազմակերպչական պատասխանատվություն կրեն այդ մեքենայի թափոն դառնալու շրջանի համար։ Եվրոպայում տարեկան 10-12 միլիոն մեքենա թափոն է դառնում։
Խստացումները ուժի մեջ են մտնելու աստիճանաբար՝ ԵՄ երկրներին ու ոլորտին ժամանակ տալով փոխակերպման համար։ 2029-ից ոլորտում կներդրվի նաև «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության» համակարգը՝ ավտոարտադրողներին պարտավորեցնելով ֆինանսավորել հին մեքենաների վերամշակման ծախսերը ԵՄ ողջ տարածքում։ Կանոնակարգով սահմանվում են պլաստիկի օգտագործման հստակ չափանիշներ՝ նոր մեքենաներում օգտագործվող պլաստիկի առնվազն 15%-ը 6 տարի անց պետք է լինի վերամշակված։ 10 տարի անց պահանջն ավելի է խստանալու՝ հասնելով 25%-ի։ Վերամշակված պլաստիկի առնվազն 20%-ը պետք է ստացվի հենց շահագործման համար անպիտան մեքենաներից։
Մինչ եվրոպական տարածքում փորձում են պլաստիկը վերադարձնել արտադրական շրջանառություն, Հայաստանում դրա օգտագործումը նվազեցնելուն ուղղված քայլեր են անում։ Երկու դեպքում էլ, սակայն, նպատակը նույնն է՝ նվազեցնել պլաստիկի վնասը շրջակա միջավայրին, այնպես անել, որ այնհնարավորինս քիչ հայտնվի աղբավայրերում և բնության մեջ։
Հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և առևտրի ու հանրային սննդի օբյեկտներում դրանց օգտագործումը: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն արդեն քննարկման փուլում են։ ՇՄ նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն ընդգծում է․
«Սա պետության մշակված քաղաքականությունն է պլաստիկի կրճատման առումով։ Տարեկան 14 հզր տոննայից ավելի պլաստիկ աղբ է առաջանում Հայաստանում։ Պատկերացրեք ծավալները»։
Արգելքը կգործի նաև շարժական առևտրի կետերում, տոնավաճառներում և մանրածախ առևտրի օբյեկտներում: Բացառություն կլինեն ապրանքը կշռելու և փաթեթավորելու համար նախատեսված և աղբի՝ երկրորդային հումքից պատրաստված տոպրակները։
«Նախատեսում ենք արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքն առհասարակ։ 50 միկրոնը ևս վերանում է։ Փաթեթավորումը, որպես բացառություն, մնում է աղբի համար։ Որպես բացառություն մնում են երկրորդային հումքից արտադրված, վերամշակված տոպրակները։ Արգելվելու է մեկանգամյա պլաստիկ արտադրանքի վաճառքը՝ ափսե, դանակ, պատառաքաղ, գդալ, ձողիկները, կափարիչները, պլաստիկ բաժակները։ Այսինքն՝ մենք հնարավորինս փորձում ենք մոտարկել դիրեկտիվի պահանջները»։
Որպես այլընտրանք առաջարկվում են թղթից և գործվածքից պատրաստված տոպրակները: