Հավն է առաջացել ձվից․ Սյունիքի դպրոցականները համոզեցին ԿԳՄՍ փոխնախարարին

ԿԳՄՍ նախարարության  օգոստոսյան խորհրդակցությունները կայացել են Սյունիքում։ Մինչև մեկնարկը, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը ծանոթացել են մարզի դպրոցների լավագույն նախագծերին։ Նաեւ հայտարարվել է` նոր առարկաներ են դասավանդվելու սեպտեմբերից, նոր խմբակներ կգործեն, նաև կառավարման կարգում կա փոփոխություն։ Սեպտեմբերից մարզային ենթակայության բոլոր դպրոցները կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության։

Օգոստոսյան խորհրդակցությունները այս անգամ Սյունիքում էին։ Գորիսի N5 դպրոցում կրթական գերատեսչության ներկայացուցիչներին նախ հանդիպեցին ոչ թե պաշտոնական զեկույցները, այլ դպրոցների աշակերտների պատրաստած նախագծերը։ Հարթաշենի դպրոցի տաղավարում՝ երկու հավ, ինկուբատոր ու մի քանի շաբաթվա աշխատանք։ Ռոբոտաշինության լաբորատորիայում աշակերտները պատրաստել էին ինկուբատորը, երևանյան ցեղատեսակի հավերի ձվերը տեղադրել ներսում ու 21 օր հետևել ճտերի զարգացմանը։ Մի նախագծում միավորել էին կենսաբանությունը, տեխնոլոգիան ու ռոբոտաշինությունը, բայց, ինչպես իրենք են ասում, նաև փորձել էին պատասխանել դարավոր հարցին՝

«Հավն է առաջացել ձվից, թե ձուն՝ հավից։ Ժամանակակից կենսաբանությունը ցույց է տալիս, որ կենդանու զարգացումը սկսում է հենց ձվից…»։

Կապանի N7 հիմնական դպրոցի աշակերտներն էլ իրենց խնդիրը լուծել էին ավելի գործնական ճանապարհով։ Աշակերտական խորհրդին նվագարկիչ էր պետք, բայց գումար չկար։ Ծնողները խմորեղեն էին պատրաստում, երեխաները երկու օր այն վաճառում էին երկար դասամիջոցներին, ու արդյունքում հավաքեցին 95 հազար 600 դրամ՝ նվագարկիչ գնելու համար։

Խմորեղենից փոխնախարար Արաքսիա Սվաջյանին էլ հյուրասիրեցին, բայց նրան ավելի շատ հետաքրքրեց՝ արդյո՞ք աշակերտական խորհուրդն իսկապես կարողանում է լսել մյուս երեխաների խնդիրները։

«Աշակերտական խորհուրդը նրա համար է, որ աշակերտների ձայնը լսելի դարձնի չէ՞։ Հիմա եթե որևէ աշակերտ անհանգստություն ունի, պիտի իմանա, որ կարող է ձեզ դիմել…»։

Աշակերտների նախագծերից հետո արդեն պաշտոնական օրակարգն էր։ Դպրոցների տնօրենների, վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ քննարկման առանցքում նոր ուսումնական տարին էր՝ պետական չափորոշիչ, ուսումնական գործընթաց, գնահատում, ուսուցիչների ատեստավորում և առաջիկա փոփոխություններ։ Դրանցից մեկը վերաբերում է «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկային։ Սեպտեմբերից այն կկոչվի «Անվտանգ կենսագործունեություն», իսկ դասավանդումը կսկսվի ոչ թե 8-րդ, այլ 5-րդ դասարանից։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ պատճառը միայն պատերազմական իրավիճակներին պատրաստվելը չէ։

«Դպրոցը պիտի լինի մի միջավայր, որ երեխան ոչ միայն ակադեմիական գիտելիքներ ստանա, այլ նաև կյանքի գոյատևման, ցանկացած իրավիճակում լուծումներ գտնելու հմտություններ ստանա…»։

Փոփոխություն կա նաև ոչ ֆորմալ կրթության հատվածում։ Նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել 1300 խմբակի ծրագրեր․ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց մեծ մասը աշակերտներին չէր հետաքրքրում։ Նոր ցանկը դպրոցներին կուղարկվի հաջորդ շաբաթ։ Սակայն դպրոցները նոր խմբակ առաջարկելու հնարավորությունը չեն կորցնում։

«Եթե ունենք խմբակների գաղափարներ, կարող ենք ներկայացնել, դրանք փորձաքննության կենթարկվեն, ու եթե հաղթահարեն դրական անցողիկ շեմը, ապա ոչ միայն տվյալ դպրոցում կանցնեն, այլ հանրապետության բոլոր դպրոցներում»։

Փոխնախարարի շուրջ մեկ ժամ 20 րոպե տևած ելույթի ընթացքում դահլիճն առավել աշխույժ դարձավ մեկ հայտարարությունից հետո։ Սեպտեմբերից 12-րդ դասարանցիները վարորդական իրավունքի տեսական դասեր կանցնեն։ Դահլիճից անմիջապես հարց հնչեց՝ «Իսկ մեզ համար»։ Խոսքը, պարզվեց, միայն աշակերտների մասին չէր։

«Եթե ուսուցիչներն էլ են ուզում ու խմբակավարը խմբակը վարելու է, որևէ մեկը չի խանգարելու այն ուսուցչին, որ ուզում է նստի էդ խմբակի դասին»։

Իսկ դպրոցների կառավարման համակարգում փոփոխությունն արդեն ավելի լայն է։ Այս տարվա սեպտեմբերից մարզային ենթակայության բոլոր դպրոցները կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության։ Միաժամանակ դրանց վարչատնտեսական կառավարումը կիրականացնեն մարզպետների աշխատակազմերը։ Նույն գործընթացը 2027 թվականի սեպտեմբերից պարտադիր կլինի նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների համար։

Leave a Comment