Կառչել Արվեստին
Պարգևուհի Օրֆան կարդում էր «ձեռքի գիծերը»: Հավանաբար իր ափն էլ էր կարդացել և գիտեր ինչն ինչոց է: Երազներ էր տեսնում և հստակ մեկնաբանում դրանք. «… երազ տեսա, թագուհի էի, օծուեցայ: Սկսայ լուացուիլ, որովհետեւ գլխուս ածուխի փոշի թափեցին օծումի ատեն»: Հասկացավ, որ դա հիվանդության նշան է: Հիվանդանոցները դարձան իր մշտական բնակավայրը: Ամենից ծանրը, հոգեկան խնդիրներն էին: Նախ՝ բուժում ստացավ Լենիէ Լևասթեի հաստատությունում: Բուժման եղանակները հաճախ դաժան էին: «Այդ հոգեբոյժները պէտք է նախ ինքզինքնին բժշկեն…»: Հետո կազդուրման համար հայտնվեց Վիէյ Էկլիզի ջղային հիվանդների ապաքինարանում: Իր բախտից այստեղ հանդիպեց մի ազնիվ բժշկուհու՝ իր պես փոքր տարիքից որբացած, որը հասկացավ Պարգևուհու ցավը, նրա ներաշխարհում մոլեգնող փոթորիկների պատճառը և խորհուրդ տվեց կառչել Արվեստին: Դա միակ բուժամիջոցն էր:
Ինչ տաժանելի բան է մինակը մսիլ
Արամ Պետրոսեանը՝ ծնված 1904-ին, ապրում էր Փարիզում: Գրում էր: Ավստրիական Շթայեր քաղաքից վերադառնալուն պես, Պոլսի «Մարամար»ի էջերին տպագրել էր իր «Եօթն ամիս Հիթլերի մայրաքաղաքի մէջ» հոդվածը: Եվ այնպես եղավ, որ իր բարեկամուհիներից մեկը՝ տիկին Նվարդ Տէր Յակոբեանը որոշեց, որ բավական է ամուրի կյանք վարի և հարսնացուների անուններ տվեց: Արամի միտքը անմիջապես գրավեց Պարգևուհու անունը, որին «տարտամօրէն ճանչցած» էր դեռ վաղուց: Այցելեց հիվանդանոց: «…Պարգևուհին շուքն էր իր նախկին գեղեցկութեան, թառամած ու աչքերը աղօտած, այժմ կը կշռէր միայն 42 քիլօ…»: Ամեն այցին պտուղ և «ալիւրէ հալվայ» էր տանում, երկար զրուցում Պարգևուհու հետ, փարատում նրա՝ «Ցուրտ է, ցուրտ: Ինչ տաժանելի բան է մինակը մսիլ…» փոխաբերական միտքը: Մի օր էլ Արամը ամուսնության առաջարկ արեց: Անսպասելի էր նման բան լսել, երբ քեզ հոգեկան են որակել: «Ես կոտրած աման մըն եմ, դժուար թէ կարենամ բոլորվին առողջանալ…»: Արամը խնդրեց չշտապել մերժելու: Արամի այս քայլը զարմացրեց նաև իր մտերիմներին: Անգամ Պարգևուհու հոգածությունը ստանձնած Գեղամ Կոստանեանցը և իր տիկինը՝ Սիրանույշը և էլի ուրիշ մտերիմներ ասում էին, թե՝ կրակի հետ ես խաղ անում՝ կյանքդ կապելով իր հետ: Օգնիր, բայց մի ամուսնացիր հետը: Միայն տիկին Նվարդն էր ասում, թե իր տաղանդների և գեղեցկության պատճառով հալածված այս կնոջ հետ ամուսնանալով, կկարողանա փրկել նրան իր «մթին խոհերէն»: Մի օր, հերթական այցից հետո, երբ Արամն արդեն պատրաստվում էր ինքնաշարժ նստելու, լսեց հեռվից Պարգևուհու ձայնը՝ «Ինծի ալ տար, կ՛ուզեմ հետդ ըլլալ, մի մոռնար զիս»: Նա մի կտոր թղթի վրա՝ «Որոշեցի քու կինդ ըլլալ» նոթը հասցրեց Արամին: 1980թվականին, երբ Արամը հողին հանձնեց իր տիկնոջը, այս նամակի և ամուսնական Ուխտի իր վկայության պատճենները դրեց նրա քարացած ափի մեջ՝ որպես sentimental մի արարք: Ինչևէ՝ 1942 Հոկտեմբեր 25-ին Պարգևուհին դուրս ելավ հիվանդանոցից իբրև Արամի կին: «Ճանիկս, կորիւնս, ես քու մասնիկդ եմ: Առաջնորդէ զիս, պաշտպանէ որպէս զի համեստօրէն կարենամ դեր մը կատարել այս փափուկ անկիւնադարձին»:
Հարսանիք
Ամուսնական դաշինքը կնքվեց Փարիզի 5-րդ թաղամասի քաղաքապետարանում, որ Պանթեոնի շրջակայքում է: Գեղամ Կոստանեանցը եղավ վկան Պարգևուհու կողմից: Խեղճ Արամի կողմից վկան՝ արարողության ժամի հարցում թյուրըմբռնման պատճառով, չէր հասել տեղ: Թաղամասում ծանոթ-մանոթ չուներ: Փողոցից մի գինովցած ֆրանսացի բռնեցին: Դարձավ վկա: Հետո հավաքվեցին Կոստանեանցի տանը: Տիկին Սիրանույշը, իրար անցած, սեղանն էր շտկում, շատ ուրախ էր, որ իրենց ընտանիքի համար այս թանկագին, բայց «…լքուած որբուհին մահուն ճամբէն դէպի կեանքը կ՛ընթանա»: Պարգևուհին երջանիկ էր, երգում էր իր անուշ ձայնով՝ «Նորից նոր մածուն եմ մերել», «Մոխրիկ», Արամը՝ Չուհաճեանի «Լէպլէպիճի հօր հօր» աղայից կտորներ: Ժամանակ անց, Արամը Պարգևուհու երգեցողությունը առավ ժապավենի վրա: Բայց ժապավենի մագնիսային շերտը փչացավ, անհասկանալի պատճառներով՝ «…խելքս պիտի կորսնցնէի»:

Ամուսնու՝ Արամ Պետրոսեանի հետ
Մսյո դա Վինչիի սիրած նոնոշիկ բերանները, Սարոյեանի գործերը և Նշան Պ.-ի քամած լիմոնը
Խելքը կորսնցնելու ավելի վատթար պատճառներ դեռ շատ ունեցավ Արամը: Եվ դրանք կապված էին Պարգևուհու մարմնական ցավերի հետ, որոնց պատճառով հաճախ ընկավ հիվանդանոց. մե՛կ լյարդն էր, մե՛կ մաղձապարկը, հետո թոքերը, մե՛կ էլ վիրահատվելու անհետաձգելի անհրաժեշտությունը, ոսկրային ցավերը՝ ի՞նչ էր՝ ռևմաթի՞զմ… Բժիշկները այդպես էլ չհասկացան, թե ի՛նչ է տեղի ունենում Պարգևուհու ներսում՝ տալով իրարամերժ ախտորոշումներ և ուրեմն՝ հակասական բուժում, «ֆիլան պիֆան»: Ների-լե-Բեն առողջարան «…դարմանումի գացի: Կաղ գացի, աւելի կաղ վերադարձայ»… Բան չէր մնացել այն «չուան ցատկող աղջնակ»ից: Ամուսինը ասում էր, որ այլևս կոշիկ չէր կարողանում հագնել: «Գեղեցիկ ոտքեր ունեցած էր, կը սիրէր մատները բոսորագոյն ներկել… Մելքոն Քեպապճեանի յօրինած ծաղկազարդ կօշիկներուն մէջ ցանկայարոյց էին անոնք…»: Բայց նույն մտածող կինն էր, ազգային առանցքով, արվեստ ստեղծող և արվեստներ վերլուծող: Լուվրում երկար կանգնել էր Մոննա Լիզայի նկարի առջև, բայց, հակառակ որ մարդկությունը խենթացած է նրա առեղծվածային ժպիտով, Պարգևուհու վրա միանգամայն այլ ազդեցություն էր գործել. «…սա Ճաքոնտայի ժպիտը կը ջղայնացնէ զիս: Զաւալլը (փորձանք) կնիկը ասանկ կէս մը ժպտէր է…»: Հետո իր օրագրության մեջ գրում է, թե ամերիկյան ինչ-որ համալսարանում իբր հասկացել են այդ կես-ժպիտի «գաղտնիքը» և անհեթեթ հոդվածներ շաղ տվել պարբերականներում՝ թե տիկինը վահանաձև գեղձի խնդիր է ունեցել, «ջիղերուն երեսէն, կեսուր մամային ձեռքին տակ ճնշուած ըլլալուն»: Խենթանոց է այս աշխարհը, ինչ հիմար-հիմար բաներ ասես չեն գրի և իբրև վերջին ճշմարտություն մտցնի մարդկանց գլուխը՝ կարծում էր Պարգևուհին և տալիս իր բացատրությունը, իրեն հատուկ հումորով. «Առեղծուած-մառեղծուած չկայ, ճանըմ. միւսիւ Լէօնարտօն ատանկ նօնուշիկ բերանները կը սիրէ եղէր:…Վինչիի կերտած Բագոսը, Յովհաննէս-Մկրտիչը բերանի նոյն ձեւն ունին»: Գրականության մեջ իր պաշտելիքը Վիլյամ Սարոյեանն էր: Նրան «գերապանծը, հրաշալին» էր կոչում: Այս հսկան, որ «..մէկ ոտքով կը քալէ անդենականին մէջ, միւսովը Երկրի վրայ», մի իսկական կախարդ է, կախարդ՝ մարդկանց «կեանքի քունէն» արթնացնելու: Սիրում էր Վախթանգ Անանեանի հրայրքոտ գրիչը: «…Կարճ հատուածներու մէջ, որքա՜ն տարածութիւն եւ հեւքոտ կեանք կը խտացնէ…»: Իր դիպուկ կարծիքը հայտնել էր նաև գրող Նշան Պեշիկթաշլեանի մասին. «Ա՜, հանճարեղ, հրաշալի, հրէշայի՜ն: …Զարմանալի հրեշտակ մը, որ ձին նալած միայն ու միայն մտաւորականութեան ետեւէն է ինկած..», իսկ մեղքերի վրա նստած հարուստներին չի դարձնում իր երգիծանքի կամ սարկազմի նյութ, որովհետև «իրեն պէտք են: …Լեմոն կը քամէ մնացեալներուն վրայ… մեղք որ այդ սքանչելի գրիչը զբաղուած է սրիկայաբանութեամբ»:
Փլեյըլ և Ալ Համբրա սրահների «հրաբուխները»
1960-ի Մարտ 28-ին ամուսնու հետ Փլեյըլի սրահում էր՝ լսում էր Ա. Խաչատրեանի «Գայանե»ն: «Երբեմն երկրագունդին պորտը կը պատռէ կարծես, արտակարգ է»: Եվ Պարգևուհին մտածեց, որ մեծ կոմպոզիտորը «աստուածօրէն պիտի կարենայ պանծացնել Եդեսիոյ հերոսամարտը»: Պատրաստվում էր համերգից հետո հանդիպել նրան և առաջարկ անել: Հանդիպեց, թե՝ ոչ, չի գրում: Իսկ այն տղան, որի համար ասում էին, թե ձայն չունի, իրականում նրա «Փեռեկտած ձայնին մէջ իր հոգին է որ կը հեծեծէ, ահա թէ ինչու իր երգը ողբագին է ու սրտայոյզ, ինչպէս ամպերը մթին, բեռնաւոր իր արցունքներու կարկուտով: Հայու այրած հոգիին խռովիչ ձայնն է, Արարատի վիհերէն բարձրացող հառաչն է մեր հայրենի աշխարհի բզկտուած ձայնը Դարերու խտացած ողբը: Ինչպէս չեն լսեր սա եվրոպացիները, ինչպէս չեն անդրադառնայ այս պարագային»: 1931-ի Հունվար 12-ի Ալ Համբրա սրահում ամուսնու հետ ձայն «չունեցող» Ազնավուրի համերգին էր: Հետո նամակ գրեց նրան.«Նայիրեան Արեւով ողողուած Սասունցի Դաւիթն է բեմին վրայ, դարուն սիրտը ափերու մէջ: Գնդակի մը պէս կը խաղայ ան այդ սրտին հետ: Ծուխ, կայծ, բոց կը կաթկթեն այդ սրտէն: Սրահը ամբողջ բռնած հրաբուխի մը պէս կը հեւայ…: …Սիրելի Վաղինակ. Ամուսինս եւ ես յափշտակուած ենք քո բարձր Արուեստէն, Պրաւօ ճանիկս: …քեզ կը համբուրենք որպէս արդիական Սայաթ Նովա»:

Պարգևուհին և Արամ Պետրոսեանը
Ուղեկորույս հայությունը
«Մեր նաւը կ՛ընկղմի լրջօրէն», չնայած բազում անհատների, որոնք կարելիության չափ արել և անում են ամեն բան՝ ապրեցնելու դժոխքի ճամփով անցած և ճակատագրի կրակների մեջ «եփուած» Հայությանը. «Ցաւալի է որ այդքան եփելէ վերջ, տակաւին հում ենք մնացել»: Այդ անհատներից մեկը Պարգևուհու համար կարդինալ Աղաջանեանն էր: Դեռ 1958-ի Հունվար 18-ին գրեց օրագրում, «Բոլոր սրտովս կը մաղթեմ որ կարդինալ Աղաճանեանը Պապ ընտրուի: Հայոց համար մեծ առաւելութիւններ կրնայ ունենալ, քանի որ ազգասէր ալ է»: Գրում է, թե անխտիր բոլոր լրագիրները նրա գովքն են անում, «բնաւ թերութիւն չեն գտներ վրան: Սակայն օտարականութիւնը կրնայ արգելք ըլլայ ընտրութեան: Աստծոյ տան մէջն ալ օտարականութիւն…»:
Բռնակալները աննորմալ են ընդհանրապէս
Օրագրի առջև՝ կարծես հայելիի առջև. Պարգևուհուն այն պետք էր ոչ միայն իր կյանքի ընթացիկ դեպքերն արձանագրելու, այլև իր ներսը տեսնելու, ինքնաթերապիայի համար: Մի օր փորձեց հասկանալ, թե ինչպես են ծնվում բռնակալները և, ի վերջո, դառնում խելագար և պատուհաս ժողովուրդի և պետության համար: Կալիգուլայի քրոջ որդու՝ Ներոնի օրինակով բացատրում էր նրա՝ բռնակալ դառնալու բուն պատճառը: Դա երազի կոպիտ կասեցումն էր. «Ներոն զոհ մըն է, ոչ թէ բռնաւոր մը. Մայրն է Չարիքին պատճառը: Հէք պատանին կը մերժէր կայսր ըլլալ, ծնած էր արուեստին համար: Ի՞նչ փոյթ, թէ տաղանդ չուներ… Բայց Ակրիփին կը տենչար սանձը բռնել, ուրեմն գործի լծեց տղան իր դիտաւոերութեան համար: Ներոն շեղուեցավ ճամբէն, զոհաբերուեցաւ մօրը համար..․ այս ամբողջ բռնակալութիւնը Ներոնի ոգեկան ողբերգութիւնն է»: Գուցե, անհամադրելի այս օրինակով, ուզում էր հասկանալ և բացատրել իր հանդեպ մեղանչածների, բայց առավել՝ չմեղանչածների նկատմամբ գլուխ բարձրացնող ընդհանրական իր չարացածությունը: Օրագրի վերջին էջերում հաճախ, առանց պատճառը նշելու, այպանում էր ֆրանսահայ շրջանակներում հայտնի մարդկանց, հատկապես որոշ կանանց, որոնց մասին ջերմ տողեր էր գրել ավելի վաղ: «… իր դիւթանքները սկսած են լքել զինքը… կատակ չէ՜», գուցե սա էլ մի պատճառ էր: Ծերությունը անում էր իր գործը: Ժամանակին գրող Զարեհ Որբունիի միջոցով օգտվել էր Օսավայի մակրոբիոտիկ սննդակարգից: Մտածում էր նաև ռումինահայ գիտնական, ծերունաբան Աննա Ասլանի ստեղծած լուծույթի ներակումն ընդունել: «Այսօր ակռաս քաշեց ատամնաբոյժը. միակ ակռաս որուն վրայ կը ծամէի, լքեց զիս…»: Բժիշկն ասել էր, թե «քիսթ» կա արմատի վրա: Պարզվեց՝ «Ո՛չ քիսթ, ո՛չ միսթ..կեանքս փսոր փսոր կը թափի ահա»: Ձայնասփյուռով լսեր էր, թե մարդիկ առանց ծերանալու «օր մը պիտի երթան հիւանդանոց մեռնելու համար»: Եվ նրանց հոգեւարքը քաղցրացնելու համար, հնչելու է երաժշտություն, օդում տարածվելու են հաճելի բույրեր և արվելու են թմրեցնող ներարկումներ: Մտածում էր՝ այ դա երանելի հեռացում կլինի՝ փոխանակ տանջվելու, ծերանալու և այլակերպվելու:

Հայաստանը մեր տունը կը մտնէ…
Հիվանդությունները արգելք եղան իր մեծ երազանքը իրագործելու՝ Հայաստան գալու: Ամուսինը մինակը եկավ 1979-ի աշնանը, հույս ունենալով, որ գալ անգամ միասին կգան: Գալ անգամը չեղավ, որովհետև ամիսներ անց՝ 1980-ի Հունիս 11-ին Պարգևուհին հեռացավ կյանքից՝ տարալուծվելու «Երկրի ոգեղինական ալիքներուն մէջ»: Երբ փոստատարն առաջին անգամ Հայաստանից թերթ բերեց իրենց հասցեով, ուրախությունից բացականչել Էր՝ «Հայաստանը մեր տունը կը մտնէ…»: Շատ էր ուզում իր արվեստներին հաղորդակից դարձնել Հայրենիքում: «Անհասանելի երազ մը եղաւ իր պաշտելի Հայաստանը վայելելու մտասեւեռումը»: Չստացվեց գալ կենդանության ժամանակ, ոչ էլ ստացվեց ննջել այստեղ, բայց, ի վերջո, եկավ ուրիշ կերպ: 1 ամիս դիահերձարանի սառցախցի մեջ պահվելուց հետո, Հայաստանի քարքարոտ, տաք ու հարազատ հողի փոխարեն, նրան ընդունեց Հունաստանի փափուկ և հյուրընկալ հողը: Այս մասին արդեն պատմել ենք սկզբում: Ասում էր՝ «Կը զգամ թէ իմ կորսուած սիրելիներս կը շարունակեն գոյութիւն ունենալ ուրիշ կեանքի մը մէջ, երազներս ցոյց կուտան»: Հիմա այդ ուրիշ կեանքին մէջ նրան սպասում էին հայրը՝ Կարապետը, մայրը՝ Սուլթանը, եղբայրը՝ Խորենը, և բոլոր բոլորը՝ սկսելու ամեն բան նորից՝ վերին ոլորտներում, որտեղ չկան ցեղասպանություններ, տարագրություններ, ատելություն…: Քանի դեռ Պարգևակը ողջ էր, Փարիզի ինչ-որ անկյունում համառորեն ապրում էր Եդեսիան՝ Թաշճեանների գերդաստանի պատմությամբ: Ապրում էր, երբ նա պարում էր բեմի վրա, երբ գրականություն էր ստեղծում, տարազ էր կարում, պուպրիկ պատրաստում, նկարում էր, երգում…: Եդեսիան ապրում էր անգամ իր հիվանդությունների մեջ: Մահից 2 տարի 40 օր անց Պարգևուհու անհանգիստ մարմինը նորից դուրս բերվեց հողից՝ ավելի գեղեցիկ վայր՝ Պլոմարի Սուրբ Առաքելոց մատուռի դիմաց տեղափոխվելու համար: Իր միակ հարազատը՝ ամուսինը, որ 38 տարի շարունակ խնամել և փայփայել էր նրան՝ հիվանդության սուր շրջաններին կերակրել, լողացրել, վերքերը մաքրել, չէր կարողանում հանգստանալ: Էլի ուզում էր հոգ տանել Պարգևակի մասին և ավելի լավ գերեզման սարքեց նրա համար, քան նախորդն էր, ճիշտ ինչպես կենդանության օրոք մի բուժարանից տեղափոխում էր ավելի լավ պայմաններով մեկ այլ բուժարան: Այսպես՝ մարմինը տարալուծվեց բանաստեղծուհի Սաֆոյի հայրենիքում՝ Լեսբոս կղզու հողին, հոգին՝ «ոգեղինական ալիքներուն մէջ», իսկ իր թողած ամբողջ ժառանգությունը ապահով հասավ Հայրենիք: Երևանի Գրականության և արվեստի նաև Հովհաննես Շարամբէեանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանները դարձան Պարգևուհի Օրֆա Թաշճեան-Պետրոսեանի հիշատակի հարատևության հասցեները: «Վստահաբար այս երկրէն չէր Ան: …Տարբեր աշխարհէ մը կուգար»: Հանգիստ իր բազմաչարչար հոգիին, և «անթառամ իր յիշատակը թող յաւետ մնայ մեր մտքին ու հոգիին մէջ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter