Արտակարգ դեպքերի նվազում և ուժեղացված ռեժիմ. Փրկարար ծառայությունն ամփոփել է կիսամյակային արդյունքները

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6 421 արտակարգ դեպք, որը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 146, տուժել՝ 4 357 մարդ։ Տվյալները ներկայացրել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։ Ներքին գործերի նախարարությունում ամփոփել են 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկարար ծառայության իրականացրած աշխատանքներն ու ոլորտում նախաձեռնված բարեփոխումների արդյունքները։

2026 թվականի առաջին կիսամյակում փրկարար ծառայությունում  ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ են եղել։ Տարեսկզբից գործարկվել է օպերատիվ կառավարման կենտրոնը, որը 112 հեռախոսահամարով միավորել է ոստիկանության և փրկարար ծառայության զանգերը։ Ըստ պատասխանատուների՝ օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման շնորհիվ քաղաքացիներն այժմ ավելի արագ են արձագանք ստանում․ զանգերի գրեթե 68%-ը սպասարկվում է մինչև 15 վայրկյանում։

Ծառայությունում կատարվել են նաև կառուցվածքային փոփոխություններ․  կրճատվել  են վարչությունները, համայնքներում ընդլայնվել են կամավորական փրկարարական հենակետերը, տեխնիկական պարկը համալրվել է նոր հրշեջ մեքենաներով։

Մանրամասնում է ՆԳՆ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը.

«Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կենտրոնական ապարատի նախկին 7 վարչությունները կրճատվել և դարձել են 3՝ վերացնելով կրկնվող ֆունկցիաները։ Բացի այդ, շարունակում ենք զարգացնել կամավորական փրկարարական հենակետերը, որոնք այս պահին գործում են 12 համայնքներում և սպասարկում 60 բնակավայր։ Նյութատեխնիկական բազան համալրելու նպատակով ձեռք ենք բերել 18 նոր հրշեջ-փրկարարական տեխնիկա, իսկ ԵՄ ֆինանսավորմամբ առաջիկայում կունենանք ևս 10 «Իրեկո» մակնիշի նոր մեքենա»:

ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ արտակարգ դեպքերն ու պատահարները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 17.5%-ով, զգալիորեն պակասել են նաև հրդեհների դեպքերը։ Միևնույն ժամանակ մտահոգիչ է շարունակում մնալ տարերային բնույթի աղետների՝ քարաթափումների, սողանքների և հեղեղումների, ինչպես նաև մասնավոր ջրավազաններում գրանցված ողբերգական ջրահեղձման դեպքերի աճը։

Վիճակագրական հիմնական ցուցանիշներն ամփոփում է ՓԾ տնօրեն Արամ Ղազարյանը. «2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6421 արտակարգ դեպք-պատահար, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1364-ով կամ 17.5%-ով։ Դեպքերի գերակշիռ մասը՝ 4737-ը կամ 73.8%-ը, տեխնածին արտակարգ դեպքեր են․ մասնավորապես, հրդեհների թիվը նվազել է 36.4%-ով՝ պայմանավորված իրականացված լայնածավալ իրազեկման աշխատանքներով։ Միևնույն ժամանակ, տարերային բնույթի արտակարգ դեպքերն աճել են 39.1%-ով՝ գրանցելով քարաթափումների, սողանքների և հեղեղումների աճ»:

Փրկարարների պատրաստվածության և արագ արձագանքման կարողությունների բարձրացումը շարունակում է մնալ ոլորտի առաջնահերթություններից։ Այս նպատակով ծառայությունում կտրուկ ավելացվել է ուսումնավարժությունների թիվը, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստումներ են անցել հարյուրավոր փրկարարներ ընդգծեց Ղազարյանը։

«Փրկարար ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով այս տարի իրականացրել ենք 270.8 ուսումնավարժություն՝ 2025 թվականի 161-ի դիմաց։ Դրանց թվում եղել են հրամանատարաշտաբային, հատուկ տակտիկական և օբյեկտային վարժանքներ։ Բացի այդ, փրկարարական ծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով վերապատրաստվել են 994 փրկարարական ծառայողներ»։

Հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող շոգն ու հրդեհների վտանգը՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի։ Նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ասում է՝ ռիսկային գոտիներում հերթապահություն է սահմանվել, որպեսզի ահազանգի դեպքում արագ  և ինտենսիվ արձագանք ապահովվի։

Leave a Comment