50 միլիարդի շինարարության կողքին՝ Գյումրիի փոսաշատ փողոցները․ 37 փողոց սպասում է ՎԶԵԲ-ի ծրագրին

Շիրակի մարզում այս տարի շուրջ 50 մլրդ դրամի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում՝ ճանապարհներ, դպրոց-մանկապարտեզներ, ջրագծեր։ Բայց այդ մեծ շինարարության կողքին Գյումրիում դեռ կան փողոցներ, որոնց բնակիչները տարիներով սպասում են ասֆալտի։ «Անի» և «Ավստրիական» թաղամասերի 37 փողոցների հիմնանորոգումը նախատեսված է ՎԶԵԲ-ի ծրագրով, սակայն աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Բնակիչները ասում են՝ արդեն վեց տարի նույն ճանապարհներով են տուն հասնում՝ անձրևին՝ ցեխի, քամուն՝ փոշու ու փոսերի միջով։ Օգոստոսի 17-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզում էր, շրջել է շինհրապարակներում և քննարկել նաև Գյումրիի տարիներով սպասվող փողոցների հարցը։

Գյումրիի «Անի» և «Ավստրիական» թաղամասերի բնակիչներն ամեն օր ցեխոտ, փոշոտ ու քարուքանդ փողոցներով են հասնում տուն։ Խոսքը 16 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 37 փողոցի մասին է։ Թաղամասերի ճանապարհների հիմնանորոգման ծրագիրը տարիներ շարունակ ավարտին չի հասնում։ Հատկապես անձրևային եղանակին մարդկանց համար քայլելը գրեթե անհնար է։ Բարեկարգ փողոցներ ու մայթեր ունենալը բնակիչներին դեռ անհավանական են թվում։ Խոստումներին արդեն չեն հավատում։

«Քանդած է, շատ վատ վիճակ է, չես կրնա փողոցը անցնիս, ես հիվանդ կնիկ եմ, ոտներս ցավա, աչքերս լավ չի տեսնի, ան նայե, դու նայե՝ ինչ վիճակ է, սաղ էդպես է, տերություն չկա»։

«Ըստեղ օր քամին ելավ, էլ էտ թոզից չես կրնա ման գա, և անձրևներին է դժվար, և քամուն, քելելը անհնար է, էրեխեքն էլ չեն կրնա, օր ելնին՝ խաղան բակերում։ Բարենորոգումը երբ կկատարվի, ըդիգ չենք կրնա ըսե, ու սպասելիքներ էլ չունինք, օր էս տարվա մեջ գոնե մե երկու փողոց կբարեկարգեն»։

Թաղամասերի փողոցների հիմնանորոգումը նախատեսված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով, որը հաստատվել է դեռ 2016 թվականին։ Սկզբնական վարկային համաձայնագրով ՎԶԵԲ-ի վարկը կազմել է 14.6 մլն եվրո՝ երեք տրանշով։Այսինքն՝ ծրագիրը   տարիներ շարունակ փուլերով փոփոխվել և երկարաձգվել է

2024-ին համաձայնագրում փոփոխությամբ՝ Անի ու Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության համար նախատեսվել է ևս 2.72 մլն եվրոյի վարկ։ Նոր վերջնաժամկետը սահմանվել է 2028-ի ավարտը։

Այս ընթացքում Գյումրիում քաղաքային իշխանություն է փոխվել, սակայն թաղամասերի փողոցների հիմնանորոգման ծրագիրը դեռ ամբողջությամբ չի մեկնարկել։

Հիմա տուն հասնելու համար թաղամասի վարորդները ստիպված են հաղթահարել օրեցօր մեծացող փոսերը։ Գյումրեցի վարորդները կատակում են՝ գեղասահորդին հատուկ վարպետություն է պետք։ Մեքենաները վնասվում են, իսկ որոշ բնակիչներ փոսերը նույնիսկ անվադողերով են նշում, որպեսզի անծանոթ վարորդները հանկարծ չհայտնվեն խրամատ հիշեցնող փոսերում։

 «Սաղ ավտոն փչանագը, ըդքան տեխասմոտրի, ապպայի փողը կուդանք, մեկ է՝ էս ճամփեքը էս վիճակն է։ Արդեն վեց տարի է քշեմգը, վեց տարի է ըսպես է։ Էս փողոցը ըսպես չէր, նոր է վարի գնացե, բայց մնացածը՝ 58 թաղամասը, ամբողջությամբ էս վիճակն է էլի»։

ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի շուրջ քննարկումներն ու բանակցությունները կրկին օրակարգում են։ Օգոստոսի 17-ին նախարար Դավիթ Խուդաթյանը և մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետարանում քննարկել են հենց Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների հարցը։ Նախարարը հանձնարարել է եռօրյա ժամկետում ներկայացնել առաջիկա աշխատանքների հստակ ժամանակացույց։

Մարզպետ Դավիթ Առուշանյան․ «Իմ առաջ դրված խնդիրը էն է, որ էս սեպտեմբերին պիտի ավարտած լինենք նախագիծը, որ գարունը արդեն ամբողջությամբ ավարտած լինենք նաև շինարարական մրցույթները, որ եղանակը բացվելուն պես մենք ունենանք շինարար, որը կարողանա միանգամից շինարարական աշխատանքները սկսել Անի և Ավստրիական թաղամասերում»։

Գյումրիում ճանապարհաշինության ծավալները նախատեսվում է ավելացնել, ամեն տարի՝ 25 կիլոմետր։ Կառավարության հետ քննարկվում է նաև բակերի բարեկարգումը։  Շիրակի մարզում Դավիթ Խուդաթյանը հետևել է նաև միջպետական նշանակության Շիրակացի և Մովսես Խորենացի փողոցների հիմնանորոգմանը։ Ճանապարհահատվածը մոտ 25 կիլոմետր է, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 885 մլն դրամ։ 

 «Շինարարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ առաջիկա շաբաթներին կսկսվեն ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։ Գյումրու համար կարևորագույն և գլխավոր փողոցներից մեկն է Շիրակացին, ուստի մեզ համար առաջնահերթ է, որպեսզի աշխատանքները հնարավորինս արագ, բայց միևնույն ժամանակ պատշաճ որակով ավարտին հասցվեն։ Գյումրեցիները պետք է ստանան անվտանգ, բարեկարգ և երկարաժամկետ լուծում, ոչ թե կիսատ կամ ձգձգվող ծրագիր»։

Նոր կառուցված կամ հիմնանորոգված ճանապարհահատվածների որակը ստուգվում է լաբորատոր փորձաքննությամբ։ Միայն համապատասխանության դեպքում է պետությունը ֆինանսավորում։ Անորակ շինարարության պատճառով այս տարի արդեն մոտ 30 կիլոմետրի աշխատանք չի ընդունվել՝ասում է Դավիթ Խուդաթյանը։

 «Մեծ ծավալի շինարարական աշխատանք ենք իրականացնում, հնարավոր են նաև որոշ հատվածներում խնդրահարույց դեպքեր ունենանք։ Մենք նախորդ տարիներից էլ ունենք էդպիսի դեպքեր, և էս տարվա ընթացքում շուրջ 30 կմ արդեն հանրապետության տարբեր մարզերում էդպիսի աշխատանքներ իրականացվել են, որոնց համար պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորում չի հատկացվել։

Օրինակ՝ Սյունիքի մարզում Ծղուտ գյուղի մոտով անցնող 7 կմ-անոց ճանապարհը՝ նորոգված 2023 թվականին, այս տարի նորից է նորոգվել շինարարի միջոցների հաշվին։ Նախարարը տարբեր դեպքեր հիշեց, որ թերությունները շտկվել են պետբյուջեից երկրորդ անգամ չվճարելու պայմանով։ Շինարարները իրենք են կրում էս վնասի ռիսկը։

 Շինարարի միջոցներով կհիմնանորոգվի նաև Գյումրի–Կապս–Ամասիա ճանապարհի Վահրամաբերդ գյուղի մոտի քանդված հատվածը, որի համար պետբյուջեից հատկացվել էր 420 մլն դրամ։

Շինհրապարակներում աշխատանքների ձգձգումները նախարար Դավիթ Խուդաթյանը կապում է նաև շինարարական կազմակերպությունների սակավության հետ։ Մի քանի տասնյակ մրցույթների մասնակցում են նույն մի քանի ընկերությունները, և հաճախ հաղթող է դառնում ընդամենը 2-3 կազմակերպություն։ Խնդիրը կարգավորելու համար քննարկվում է փոփոխել մրցութային պահանջները՝ փոքր շինարարական կազմակերպություններին ևս մրցույթներին մասնակցելու հնարավորություն տալու։

Leave a Comment