Վերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկը

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է Բաքվում պահվող հայերի ընտանիքների ներկայացուցիչներից կանանց պատվիրակություն կազմել և այցելել Բաքու՝ տեսակցելու հայ բանտարկյալներին։ Այս մտահղացման հնարավոր կազմակերպումն ու Հայաստանի աջակցությունը քննարկվել է ԱԳՆ-ում։ Ավելի վաղ Զոնաբենդը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով իր մտադրության մասին։

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը և ՄԻԵԴ-ում հայերի շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը հանդիպել են Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

Բաքու մեկնելու գաղափարը Զոնաբենդը ներկայացրել էր դեռ ամիսներ առաջ։ Հուլիսի 8-ի հայտարարությամբ Վարդանյանի կինն ասել էր, որ պատրաստ է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում մեկնել Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի օմբուդսմենի հետ, տեսակցելու այնտեղ պահվող հայ քաղաքացիներին և նրանց փոխանցելու հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի անձնական իրերը։

Հուլիսի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային ուղղված դիմումներում առաջարկն ավելի է կոնկրետացվել։ Զոնաբենդը խնդրել է հստակեցնել Ումբակիի բանտում պահվող հայ բանտարկյալներին այցի ձևաչափը և մի մի շարք այլ հարցեր։
Այժմ այս առաջարկը քննարկվել է նաև Հայաստանի պետական կառույցների հետ։ Սիրանուշ Սահակյան

«Մենք բարձրացրել ենք ադրբեջանական Ումբակիբանտային համալիրում պահվող հայ բանտարկյալներին վերաբերող մի շարք մարդասիրական հարցեր, որոնք վերաբերել են նրանց պահման պայմաններին, ֆիզիկական վիճակին ու բժշկական վերահսկողության անհրաժեշտությանը, ծանրոցների ու նամակների փոխանցման հնարավորությանն ու ընտանիքների հետ կապի հաստատմանը»։

Սահակյանի խոսքով՝ հանդիպմանը փոխանցվել են նաև բանտարկյալների ընտանիքներից ստացված տեղեկություններն ու մտահոգությունները։

«Փոխանցել ենք նաև գերիների ընտանիքներից ստացած տեղեկությունները՝ նրանց պահման պայմանների մասին և նշել, որ ակնկալում ենք հայկական կողմի աջակցությունն ու գործուն ջանքերը՝ բանտարկյալների պահման պայմանների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության հարցում»։

ՀՀ ԱԳՆ-ի և միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչները, ըստ Սահակյանի, հավաստիացրել են, որ բարձրացված խնդիրներն իրենց ուշադրության կենտրոնում են, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Վերոնիկա Զոնաբենդն առաջարկել է մինչև օգոստոսի վերջ կառավարության կողմից նշանակել պատասխանատու անձի՝ ոչ միայն մարդասիրական առաքելության հետ կապված հարցերի, այլև մարդասիրական հարցերի ամբողջ շրջանակի շուրջ մշտական հաղորդակցության համար»։

Սահակյանի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացուցիչները խոստացել են քննարկել առաջարկը և պատասխանել դրան։

Բաքվում պահվող հայերի հարցը միջազգային իրավական կառույցների օրակարգում է արդեն մի քանի տարի։ ՄԻԵԴ-ը տարբեր գործերի շրջանակում Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ հայերի գտնվելու վայրի, պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ։ Իսկ 2021-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոցներով Ադրբեջանին պարտավորեցրել է իր իրավազորության ներքո գտնվող անձանց պաշտպանել բռնությունից և մարմնական վնասից։ Բայց Բաքուն տեղեկություններ չի հաղորդում, իսկ ամիսներ առաջ փակեց նաև Կարմիր Խաչի գրասենյակն իր տարածքում, որը այնտեղ պահվող հայերի վիճակին ծանոթանալու հիմնական ուղին էր։

Այս համատեքստում ուշագրավ են  Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի նախօրեի ձայնային հաղորդագրության որոշ շեշտադրումներ՝ իր նկատմամբ ընթացած դատավարության առնչությամբ։

 «Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք։ Նույնիսկ չհամարձակվեցին տարրական սխալները շտկել։ Սա զուտ ֆորմալ մի փուլ էր, որը պետք է անցնեինք, որպեսզի հետագայում այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար»։

Բաբայանն իրեն ներկայացված մեղադրանքների ավելի քան 95 տոկոսը  շինծու   և ապացույցներից զուրկ է գնահատել։ Նա նաև պնդում է, որ դատավարության ավարտից հետո իրեն տրամադրված կրճատ գրության մեջ նոր մեղադրանքներ են հայտնվել։ Բաբայանը խոսել է նաև իր և մյուս հայ բանտարկյալների առողջական վիճակի մասին։

«Միայն ինձ մոտ չեն առողջական խնդիրներ։ Մի շարք մեր ընկերների մոտ իրոք լուրջ առողջական խնդիրներ կան։ Իհարկե, դա ինչ-որ տեղ սպասելի է, որովհետև մենք պայքարում ենք այս չար աշխարհում արդարության և ազատության համար, մարդու իրավունքների համար, իսկ դա հենց այնպես չի լինում»։

Նա ընդգծել է, որ բանտում գտնվելը չի նշանակում հրաժարվել պայքարից։

«Մի բան է պայքարել արդարության համար, մեկ այլ բան է նստել դրա համար, բայց իմացեք՝ չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք և սա թող բոլորը իմանան»։

Ինչ որոշման կհանգի և ինչ պատասխան կտա հայկական կողմը Զոնաբենդի առաջարկներին, և արդյոք հնարավոր կլինի կազմակերպել միջազգային կանանց պատվիրակության այցը Բաքու, ընթացքը ցույց կտա։

Leave a Comment