Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թուրքիային զգուշացրել է Սիրիայում «վտանգավոր արկածների» դիմելու հետևանքների մասին՝ Աբու ալ-Դուհուր ավիաբազային իսրայելական հարվածից հետո, հայտնում է Reuters-ը։
Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել երկիրը չներքաշել Սիրիայում վտանգավոր գործողությունների մեջ և «չփորձարկել իրեն պաշտպանելու Իսրայելի վճռականությունը»։
Իսրայելը պնդում է, որ Դամասկոսը պատրաստվում էր թուրքական զորքեր տեղակայել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու ալ-Դուհուր ավիաբազայում և անտեսել էր Իսրայելի նախազգուշացումները, որ նման քայլը սպառնալիք կստեղծի երկրի անվտանգության համար։
Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ աշ-Շեյբանին հերքել է ավիաբազայում թուրքական ռազմաբազա ստեղծելու, մշտական ռազմական ներկայություն հաստատելու կամ թուրքական զորքեր տեղակայելու ծրագրերի առկայությունը։ Նրա խոսքով՝ բազան վերականգնվում էր սիրիական ռազմաօդային ուժերի համար, իսկ թուրք սպաներն այնտեղ այցելել էին ուսուցման և փորձի փոխանակման շրջանակում։
Թուրքիան հերքել է, որ հարվածից առաջ կամ դրա ընթացքում ավիաբազայում թուրքական ռազմական պատվիրակություն կար։ Անկարան Իսրայելին կոչ է արել դադարեցնել «անխոհեմ հարձակումները» և պահպանել միջազգային իրավունքի պահանջները։
Օգոստոսի 14-ին «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը և աշ-Շեյբանին հեռախոսազրույցով քննարկել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը, սիրիական բանակին զենքի և անօդաչուների մատակարարումները։
Օգոստոսի 18-ին Իսրայելը ութ ավիահարված էր հասցրել ավիաբազայի թռիչքուղուն և պահեստային շինություններին։ Սիրիական աղբյուրների տվյալներով՝ զոհեր չեն գրանցվել։
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր հարվածները՝ դրանք որակելով Սիրիայի ենթակառուցվածքների, տարածքային ամբողջականության և միասնության դեմ ուղղված գործողություններ։
ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հարվածն անվանել էր «անհարկի սրացում»։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև միջադեպերի կանխման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։
