Վրաստանում քննարկում են պաշտոնական Մոսկվայի և Թբիլիսիի իրարամերժ հայտարարությունները՝ «Վերին Լարսի» անցակետով աննախադեպ թվով ռուսաստանցիների՝ Վրաստան մուտքի մասին։ Ռուսական կողմի այս հայտարարությունը Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է։ Սակայն թեման վրացական համացանցի ու լրատվամիջոցների գլխագրերում է, ինչպես նաև ընդդիմություն-իշխանություն բանավեճերում։ Ընդդիմությունը հորդորում է չկրկնել այն սխալը, երբ ռուս-ուկրաինական պատերազմից հետո հազարավոր ռուսաստանցիներ եկան Վրաստան։ Իշխանություններն էլ ընդդիմությանը մեղադրում են խուճապ տարածելու և պատերազմ հրահրելու փորձերի մեջ։
Համացանցի վրացական տիրույթում բացասական գնահատականներ են հնչում Ռուսաստանից աննախադեպ թվով քաղաքացիների՝ Վրաստան ժամանելու առնչությամբ։
Ռուսաստանի մաքսային ծառայությունը ռեկորդային թվեր է հրապարակել ռուս-վրացական սահմանահատումների վերաբերյալ՝ նշելով, որ միայն օգոստոսի 18-ին՝ 24 ժամվա ընթացքում, Վերին Լարսի անցակետը հատել է 20 հազար մարդ, ինչը սահմանապահներին ստիպել է ավելացնել հերթափոխը։
Ըստ այդմ՝ օգոստոսի 15-ից ի վեր Ռուսաստանից Վրաստան ժամանածների թիվը մոտեցել է վեց տասնյակ հազարին։
Վերին Լարսում նմանատիպ ծանրաբեռնվածություն էր արձանագրվել 2022-ի սեպտեմբերին՝ Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո։
Ռուս-վրացական ցամաքային միակ անցակետի՝ Վերին Լարսի ռուսական հատվածից քաղաքացիները տեսանյութեր են հրապարակում՝ ցուցադրելով Վրաստան մեկնել ցանկացողների՝ մի քանի կիլոմետրի հասնող հերթերը։
«Մենք կանգնած ենք Ռուսաստան-Վրաստան սահմանին։ Ահա այսպես բոլորս սպասում ենք ժամերով։ Մինչև վրացական անցակետը մնացել է 400 մետր, իսկ 100 մետր առաջ շարժվելու համար պահանջվում է շուրջ երկու ժամ»։
«Այսպիսի իրավիճակ է Լարսում։ Անհնար է առաջ անցնել կամ դուրս գալ հերթերից։ Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորահոսքը կաթվածահար է»։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, սակայն, հերքում է ռուսական կողմի հայտարարությունը Վերին Լարսով 20 հազար ռուսների Վրաստան մուտքի մասին: Վրացական կողմի տվյալներով վերոհիշյալ ժամանակահատվածում (օգոստոսի 18-ին) Վերին Լարս սահմանային անցակետով երկիր է մուտք գործել տարբեր երկրների ընդամենը 7 հազար 880 քաղաքացի:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից՝ դա որակելով նպատակային ապատեղեկատվություն:
Թեման նաև իշխանություն–ընդդիմություն թեժ բանավեճի առարկա է։ Իշխանությունը պնդում է, որ ընդդիմությունը սադրում է՝ մտացածին թվերով երկրորդ ճակատ բացելու առիթներ ստեղծելով։ Ընդդիմությունն էլ խոսում է Ռուսաստանի հեռուն գնացող նպատակների, Վրաստանում դեմոգրաֆիկ վիճակի փոփոխության մասին։
Վրացի փորձագետ Գիա Աբաշիձեն նկատում է․
«Ընդդիմությունն օրերս խոսում էր Էնգուրի կամրջով Վրաստանից Աբխազիա ռուսական բազաներին մատակարարված վառելիքի մասին, իսկ հիմա էլ, թե 20 000 Ռուսաստանի քաղաքացիներ են հատել են Լարսի անցակետը։ Սա ընդդիմության ռուսական քարոզչությունն է՝ արհեստական խուճապ ստեղծելու, Վրաստանի հեղինակությանը վնասելու համար»։
Մեկ այլ փորձագետի՝ Նիկա Չիտաձեի մեկնաբանությամբ, այս թվերը կարող են համապատասխանել իրականությանը։
«Շատերը Ռուսաստանից փորձում են հեռանալ Ուկրաինայի դեմ պատերազմում հնարավոր հերթական մոբիլիզացիան հայտարարելուց առաջ։ Բացի այդ, ամառային հանգստի այս շրջանում պատերազմի պատճառով Վրաստան ավելի շատ են գալիս։ Իսկ այս ամենի համատեքստում իշխանությունները փորձում են կանխել միգրացիայի հետ կապված հերթական խուճապը երկրում»։
Չիտաձեի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիները, ունենալով առանց վիզայի Վրաստան մուտք գործելու հնարավորություն, փոխում են երկրի ժողովրդագրական պատկերը։ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի պայմաններում վրացիները շարունակում են հեռանալ երկրից, իսկ Ռուսաստանի քաղաքացիների հոսքն ավելանում է։
Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրացիների գրեթե մեկ երրորդը Ռուսաստանի քաղաքացիներ են։
Նրանց թիվը կտրուկ աճեց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր․ հարյուր հազարավոր քաղաքացիներ հատեցին Վրաստանի հետ ցամաքային միակ ճանապարհը, նրանցից շատերը հետագայում հեռացան, այդ թվում՝ Հայաստան։ Ռուսաստանից Հայաստան ցամաքային միակ ճանապարհը ևս հենց Վերին Լարս-Կազբեկն է։