Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման համար այս պահին որևէ խոչընդոտ չկա։ Այս օրերին ավարտին են մոտենում TRIPP զարգացման ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցությունները, ՀՀ և ԱՄՆ ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են միմյանց հետ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մանրամասնել է նաև, թե ինչպես է պատկերացնում Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների հարցի լուծումը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ պայմանավորվածության իրավական հիմքը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Ըստ այդ փաստաթղթի՝ Տիգրանաշենը, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չեն և չեն մտնում 29,743 քառ․կմ-ում, իսկ, օրինակ, Արծվաշենը մտնում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա ոչ թե քննակման առարկա, այլ արձանագրված փաստ է․
«Այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է, օրինակ՝ բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում և այդպես շարունակ։ Հիմա մեր ընկալումը ի՞նչ է, որ այս հարցը կա, այս հարցը պետք է լուծվի՞ թե՞ չպետք է լուծվի»։
Անկլավների և էքսկլավների հարցը պետք է լուծվի Ադրբեջանի հետ սահմանազատմամբ և սահմանագծմամբ՝ ասաց Փաշինյանը․
«Արդյոք կա՞ տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ոչ, չկա էդպիսի տարբերակ հարցերը լուծել ռազմական ճանապարհով, դա անցյած և փակված էջ է»։
Թեև սահմանազատման հիմնական սկզբունքները որոշված են, բայց այս պահին դեռ պայմանավորվածություն չկա գործընթացի մանրամասների մասին՝ ներառյալ ժամկետները։ Փաշինյանի խոսքով՝ կողմերը դեռ պետք է բանակցությունների սեղանի շուրջը քննարկեն բոլոր հարցերը։ Ինչ վերաբերում է այդ բնակավայրերում ապրող մարդկանց տրամադրություններին, ապա վարչապետն անձամբ է լսել մտահոգությունները․
«Ճամբարակում կամ նույնիսկ Երևանում հանդիպում եմ արծվաշենցիների։ Նրանց մի մասը ասում է, որ գիտեք ինչ, մեր գյուղը թող վերադառնա, մենք գնանք մեր գյուղում ապրենք։ Մյուս մասն ասում է` դե Ճամբարակում արդեն տնավորվել, տեղավորվել ենք, թող համապատասխան տարածքների փոխանակում լինի։ Արբեջանական կողմն էլ է հրապարակային այդ թեմայով հայտարարություններ արել և առանց չափազանցության, հրապարակային դաշտում այդ թեմայով ավելի շատ ինֆորմացիա կա, քան դրա մասին խոսվել է բանակցությունների սեղանի շուրջ։ Մի բան հստակ է` մենք էսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի արձանագրում, որ հարցը պետք է լուծել այս կամ այն կերպ»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման համար այս պահին որևէ խոչընդոտ չկա։ Կառավարությունը հաստատել է TRIPP-ի համաձայնագիրը և ուղարկել խորհրդարան․
«TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն են հիմա ավարտին հասցվում։ Այսինքն պարզ աշխատանքային գործընթաց է, որը ժամանակ է տանում, և Հայաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները իրար հետ աշխատում են»։
TRIPP–ի առումով ամենախնդրահարույց հարցերից մեկը մնում է «Հայկական երկաթուղիներ»–ի կառավարումը։ Այն մինչև 2038-ը հավատարմագրային կառավարման է հանձնվել «Ռուսական երկաթուղիներ»-ին։ Վերջին ամիսներին վարչապետը տարբեր առիթներով հայտարարել է, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և պետք է ծառայի ՀՀ շահերին։ Կառավարության՝ առաջիկա 5 տարիների ծրագրում գրված է, որ Երասխից Նախիջևան և Ախուրիկից Թուրքիայի սահման հատվածները վերակառուցվելու և գործարկվելու են։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ռուսական կողմն արդեն մերժել է Հայաստանի դիմումը՝ վերադարձնելու երկաթուղու կառավարումը։
«Ոչ չի նշանակում։ Շնարարություն է իրականացնելու պետական բյուջեի միջոցներով»։
Ռուսական կողմը հայտարարել է, որ եթե Հայաստանը խզի կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի ռուսական ընկերության 2008 թվականից մինչև այսօր կատարած ներդրումները: Փաշինյանը նախորդիվ հայտարարել էր, որ ցանկանում է «բարեկամաբար լուծել» հարցը՝ առանց պայմանագրի խզման։ Մասնավորապես նշել էր, որ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիներ»-ի կամ Ռուսաստանի կողմից կոնցենսիոն իրավունքի վաճառքը, որը կարող է լինել ամբողջական կամ մասնակի։ Փաշինյանի խոսքով՝ այլ սցենարներ ևս կան, սակայն վերջնական որոշում կողմերը դեռ չունեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներին և ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը, Հայաստանում հանրաքվե անցկանցնելու և «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցին պատասխանելու մասին, Փաշինյանը շեշտեց․
«Այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ։ Ընդհակառակը՝ ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասում են, որ աջակցում են, կիսում են այդ տեսակետը և ըստ էության չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհուպ մինչև Եվրպական միությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը»։
Ռուսական շուկայի բացվելու հնարավորությանից անկախ՝ Հայաստանը հետևողականորեն շարունակելու է տնտեսական դիվերսիֆիկացիան, որպեսզի Հայաստանը նման իրավիճակներից մեկընդմիշտ ապահովագրված լինի՝ եզրափակեց Փաշինյանը։