Չորրորդ հանրապետություն, խաղաղություն և նոր որակի պետություն․ վարչապետը ներկայացրել է կառավարության 2026-2031-ի ծրագիրը

Կառավարությունն ԱԺ հաստատմանն է ուղարկել 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագիրը ներկայացնելիս խոսել է Հայաստանի պատմության նոր փուլի մասին՝ այն բնորոշելով որպես Չորրորդ հանրապետություն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե Երրորդ հանրապետությունը ձևավորվել է հակամարտության տրամաբանությամբ, ապա Չորրորդ հանրապետությունը կառուցվելու է խաղաղության, զարգացման և նոր որակի պետության գաղափարի շուրջ։ Ծրագրի առանցքում Փաշինյանը դնում է նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, իսկ կառավարության առաջնահերթությունների մեջ առանձնացնում բարեփոխումների շարունակությունը, արհեստական բանականության զարգացումը, կրթությունը, սոցիալական կապերի ամրապնդումն ու համընդհանուր առողջության ապահովագրությունը։

Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը պատրաստ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագիրը սկսում է ներկայացնել, իր ձևակերպմամբ, առանցքային շեշտադրումով՝ Հայաստանը պատմության նոր փուլ է թևակոխում, և այն կոչվում է Չորրորդ հանրապետություն․

«Երրորդ Հանրապետությունը ստեղծվել և հիմնադրվել է հենց առաջին օրից՝ կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանությամբ։ Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ»։

Վարչապետը, սակայն, շեշտում է, որ տարբերությունը միայն խաղաղության և հակամարտության տրամաբանության մեջ չէ։ Փոխվում է նաև պետության ընկալումը՝ ինչի համար է պետությունը, և որն է նրա գործնական առաքելությունը։

Երրորդ հանրապետության հիմքում պատմական արդարության վերականգնման գաղափարն էր՝ վստահ է Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ պատմության նոր փուլը պետք է կառուցվի խաղաղության, զարգացման և պետության գործառույթների վերաիմաստավորման շուրջ։ Այս տրամաբանության առանցքում Փաշինյանը դնում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Նրա խոսքով՝ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով այդ գաղափարախոսությունը ստացել է ժողովրդի քվեով հաստատված քաղաքական հիմք և դարձել պետության զարգացման հիմնական ուղղությունը․

«Մենք կարող ենք արձանագրել, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ՀՀ–ում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդովում է ՀՀ–ը ։ Կառավարության ծրագիրը ամբողջովին հիմնված է Իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ հանրապետության տեսլականի վրա»։

Գործադիրի նիստում քննարկվել են նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունները։

Արտաքին գործերի նախարարությունը նախատեսվում է վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Վարչապետի խոսքով՝ արհեստական բանականության զարգացումն արդեն ստեղծում է նոր տնտեսական և էներգետիկ իրականություն․

« Հայաստանում գործող սուպերհամակարգչային կենտրոնների և նախատեսվող ներդրումների ֆոնին անհրաժեշտ է վերանայել նաև էլեկտրաէներգիայի սպառման և արտադրության վերաբերյալ կանխատեսումները։ Պետք է հասկանանք՝ որքանով են մեր գործող կանխատեսումները և էներգետիկ ռազմավարությունը համապատասխանում այն նոր միջավայրին, որը ձևավորվում է»։

Երրորդ փոփոխությունը սոցիալական ոլորտին է վերաբերում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսվում է վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Փաշինյանի ձևակերպմամբ՝ պետության խնդիրն այլևս ոչ միայն սոցիալական պաշտպանությունն ապահովելն է, այլև մարդուն աշխատաշուկայում մրցունակ դարձնելը։ Բարեկեցության մոդելի հիմքում վարչապետը տեսնում է կրթությունը, աշխատանքը, մասնագիտական կարողությունների զարգացումը, առողջ ապրելակերպն ու աշխատանքային վաստակը։ Այս համատեքստում առանձնացվում է նաև արհեստական բանականության ազդեցությունն աշխատաշուկայի վրա․

«Նախ՝ այնտեղ, որտեղ մենք կարող ենք կարգավորել արհեստական բանականության զարգացման և կիրառման ձևերը, պետք է այնպես կարգավորենք, որ արհեստական բանականությունը ոչ թե փոխարինի մարդուն, այլ օգնի մարդուն ավելի արդյունավետ աշխատել։ Մենք պետք է ջանք գործադրենք, որպեսզի արհեստական բանականությունը մարդուն կյանքից դուրս չմղի։»։

Ծրագրում առանձին շեշտադրում կա նաև սոցիալական կապերի ամրապնդման վրա։ Փաշինյանի խոսքով՝ թվային միջավայրի զարգացումը նվազեցնում է մարդկանց անմիջական շփումների հաճախականությունը։ Այդ պատճառով պետությունը պետք է զարգացնի իրական շփման համար նախատեսված հարթակները՝ երիտասարդական կենտրոններ, գրադարաններ, մշակութային և կրթական միջավայրեր։ Նույն տրամաբանության մեջ են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, համայնքային ենթակառուցվածքների օգտագործումը դասապրոցեսից դուրս, առնվազն 100 կոմբինացված խաղահրապարակների ստեղծումը և 100 արտադպրոցական հաստատությունների զարգացումը․

«Մենք պետք է ամեն ինչ անենք՝ ինքներս մեզ սմարթֆոններից դուրս բերելու և իրական կյանքում մարդուն մարդու հանդիպելու հնարավորություններ ստեղծելու և զարգացնելու համար»։

Կառավարության ծրագրի մեկ այլ հանձնառություն է մինչև 2029 թվականը հանրապետության ամբողջ բնակչությունը Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ ներառելը․

«Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որը մենք անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»։

Կառավարության 2026-2030 թվականների ծրագիրը ուղարկվել է Ազգային ժողովի քննարկմանը։

Leave a Comment