«Սպիտակ ծուխը»՝ ԱԺ-ից․ 12 հանձնաժողովից 9-ն արդեն նախագահ ունի

ԱԺ-ի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության առաջին փուլն ավարտվել է․ 12 հանձնաժողովից 9-ն արդեն նախագահ ունի, երեք հանձնաժողովների ղեկավարների հարցը մնացել է չլուծված։ ՔՊ-ի առաջադրած բոլոր թեկնածուներն ընտրվել են, իսկ իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել նաև «Հայաստան» խմբակցության թեկնածու Լիլիթ Գալստյանին։ Չեն ընտրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության երեք թեկնածուները։ Իշխող ուժը ներկայացրել է նրանց չաջակցելու պատճառները, իսկ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ հետագա քայլերի իր պլանն ունի։

Հայկ Կոնջորյան — «Սպասենք սպիտակ ծուխը դուրս գա»։

Սպիտակ ծուխը դուրս եկավ։ Բայց Վատիկանի փոխարեն այս անգամ՝ Ազգային ժողովից։ «Կոնկլավի» առաջին արդյունքը՝ 12 մշտական հանձնաժողովից 9-ն արդեն նախագահ ունի, իսկ երեք հանձնաժողովների նախագահի պաշտոնները, որոնց թեկնածուներին առաջադրել էր «Ուժեղ Հայաստանը», դեռ թափուր են։

Փակ, գաղտնի քվեարկությամբ ՔՊ-ի բոլոր թեկնածուներն ընտրվել են։ Իշխող մեծամասնությունը բավարար ձայներ է տվել նաև «Հայաստան» խմբակցության առաջադրած Լիլիթ Գալստյանին։ Իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության երեք թեկնածուներին ՔՊ-ն որոշել է չաջակցել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի խոսքով՝ թեկնածուների հարցը խմբակցությունում քննարկվել է, և որոշումը միաձայն չի եղել։ Այդուհանդերձ, վերջնական որոշումը երեք թեկնածուներին չաջակցելն է եղել։

«Պարոն Ֆարմանյանի դեպքում իր պատասխանները մեզ վստահություն չեն ներշնչել։ Օրինակ, այս «FH» ընկերության հետ կապված, որ ինքը իբր կապ չուներ, բայց «FLH»-հետ կապ ուներ։ Գրանցված ցածր աշխատավարձի և 40 միլիոն դրամ փոխառության հետ կապված հարցերը չեն փարատել մեր կասկածները։ Պարոն Ղազինյանի դեպքում հաշվի է առնվել մեր խմբակցության անդամների կողմից այն, որ պարոն Ղազինյանը անցնում է ընտրակաշառքի գործով։ Հարգելով անմեղության կանխավարկածը, բայց կասկածները դեռ փարատված չեն դատարանի որոշումով, հետևաբար մենք ռիսկային ենք համարում այդ ընտրությունը»։

Երրորդ թեկնածուի՝ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արեգա Հովսեփյանը, ըստ ՔՊ-ի, չի փարատել իրենց կասկածները հանձնաժողովի՝ Հայաստանի եվրաինտեգրմանն աջակցելու և այդ գործընթացը խթանելու պատրաստակամության վերաբերյալ։ Իշխող ուժի պատճառաբանությունները «Ուժեղ Հայաստան»-ի համար անակնկալ չեն եղել։ Տիգրան Աբրահամյան․

«Չեմ կարող ասել, որ անսպասելի որոշում էր, սպասելի էր, և ինչպես մենք նշել էինք բոլոր դեպքերում ունենք համապատասխան գործողությունների պլան»։

Թե ինչու են իրենք իշխանական թեկնածուներին տարբեր կերպ քվեարկել՝ Աբրահամյանը խոստացավ մանրամասնել ավելի ուշ։ Քվեարկության արդյունքներն այս երեք թեկնածուների դեպքում հատկապես ուշագրավ են։ Երեքն էլ ստացել են ճիշտ 40 կողմ ձայն Հայկ Ֆարմանյանը՝ 40 կողմ, 61 դեմ, Արեգա Հովսեփյանը՝ 40 կողմ, 62 դեմ, Դավիթ Ղազինյանը՝ 40 կողմ, 62 դեմ։

Այս 40 կողմ ձայնը պատահական թիվ չէ․ երեք տարբեր թեկնածուների դեպքում նույն արդյունքը ցույց է տալիս, որ նրանց օգտին քվեարկել է ընդդիմադիր դաշտի նույն շրջանակը, մինչդեռ ՔՊ-ի թեկնածուների դեպքում պատկերը բոլորովին այլ է․ նրանց մեծ մասը ստացել է 62 կողմ ձայն։ Միակ բացառությունը Սիսակ Գաբրիելյանն է՝ 61 կողմ ձայնով։ «Ռադիոլուր»-ը ՔՊ խմբակցության քարտուղարից հետաքրքրվեց՝ Գաբրիելյանի 61 կողմ ձայնը նշանակո՞ւմ է, որ ՔՊ-ի առնվազն մեկ պատգամավոր սեփական թեկնածուին չի աջակցել։

Վոլոդյա Հակոբյան — «Չգիտեմ, միգուցե բաց է մնացել։ Օրինակ, այնտեղ կար նաև չքվեարկած»։

Միևնույն ժամանակ, «Հայաստան» խմբակցության թեկնածու Լիլիթ Գալստյանի արդյունքը՝ 54 կողմ, 47 դեմ, այլ պատկեր է ցույց տալիս։ Նրա ընտրությունը հնարավոր է դարձել նաև ՔՊ-ի պատգամավորների աջակցության շնորհիվ։  

Մինչ խորհրդարանական «կոնկլավը» դեռ շարունակվում է, «Ուժեղ Հայաստանը» արդեն նոր թեկնածու է առաջադրել։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայկ Ֆարմանյանի փոխարեն առաջադրվել է Լիաննա Մանուկյանը։

Մյուս երկու հանձնաժողովների համար ևս խմբակցությունը պետք է նոր թեկնածուներ ներկայացնի, և ԱԺ-ն նորից պետք է քվեարկի։ Այսինքն՝12 հանձնաժողովից 9-ի նախագահներն արդեն ընտրված են, երեք հանձնաժողովների հարցը դեռ բաց է։ ԱԺ-ն հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը կշարունակի քննարկել մինչև ժամը 20:00-ը։
Դրանից հետո նոր խորհրդարանի օրակարգում արդեն կառավարության կառուցվածքի փոփոխություններն են, ապա՝ կառավարության ծրագրի քննարկումն ու հաստատումը։ Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո խորհրդարանը կանցնի իր առաջիկա հիմնական քաղաքական օրակարգին։

Leave a Comment