AFP․ Ֆրանսիայում հուլիսյան շոգի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 1,2 հազարը

Ֆրանսիայում հուլիսյան շոգի ալիքի հետևանքով գրանցված հավելյալ մահերի թիվը գերազանցել է 1,2 հազարը։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալությունը։

Խոսքը հուլիսի 3-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ծայրահեղ շոգի մասին է։

Դեպքերի գրեթե երեք քառորդը բաժին է ընկել 75 տարեկանից բարձր մարդկանց։ Նշվում է, որ մահացության աճ գրանցվել է Ֆրանսիայի բոլոր շրջաններում, բացի Կորսիկայից։ Ամենաշատը տուժել է երկրի արևմուտքում գտնվող Պեյ դը լա Լուար շրջանը, որտեղ արձանագրվել է 236 մահ։

Ծայրահեղ շոգի շրջանում մահացության վերաբերյալ վերջնական զեկույցը սպասվում է հոկտեմբերին։

Վերջին շաբաթներին Եվրոպայի մի շարք երկրներ պայքարում են աննախադեպ շոգի և երաշտի դեմ, որոնք լայնածավալ անտառային հրդեհների պատճառ են դարձել։ Ամենածանր իրավիճակը Միջերկրական ծովի զբոսաշրջային շրջաններում է, որտեղ հրդեհներն արդեն ոչնչացրել են հազարավոր հեկտար անտառներ, հանգեցրել տեղի բնակիչների և զբոսաշրջիկների տարհանման, ինչպես նաև մարդկային զոհերի։ Աղետի դեմ պայքարում ներգրավված են հարյուրավոր հրշեջներ և ԵՄ մի քանի երկրների հատուկ ավիացիա։

Leave a Comment