Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը

Խորհրդարանն օգոստոսի 19-ի նիստում քննարկել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը։ Պատգամավորի խոսքով թեկնածուն ունի բազմակողմանի մասնագիտական փորձ իրավագիտության, պետական կառավարման և մեդիա ոլորտներում։

Ելույթում Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանն ու խմբակցությանը՝ իր թեկնածությունը դիտարկելու համար։

Անդրադառնալով հանձնաժողովը՝ «Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով» վերանվանելուն՝ թեկնածուն նշել է «Մեզ համար կարևոր է քաղաքացու բարեկեցությունը։ Մեզ համար բավարար չէ սոցիալական խնդիրների ճիշտ հասցեագրումը, այլ կարևոր է, որ մեր քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք, որի միակ հնարավորությունն ու իրական տարբերակն արժանապատիվ աշխատանք ունենալն է»։

Նազելի Բաղդասարյանը խոսել է վերջին տարիներին սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխումների մասին։

Leave a Comment