Մոսկվա-Բաքու հարաբերություններում հերթական սրումն է նկատվում։ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ, իսկ գրեթե նույն ժամանակ Ռուսաստանից արտաքսվել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը։ Թեև այս երկու քայլերի միջև ուղղակի կապի մասին պաշտոնական հայտարարություն չկա, դրանք նման են երկու երկրների հարաբերությունների միջև հերթական սրման։ Թեմային անդրադարձել է Կարեն Ղազարյանը։ Ռեպորտաժը ներկայացնում է Անահիտ Սվարյանը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ։ Խոսքը «Մոսկվա 24»-ի լրագրող Իվան Կնյազևի, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի մասին է։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոչերի, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների և ազգամիջյան թշնամանքի հրահրման մեջ։
«Երեք ռուսաստանցիները հուլիսին և օգոստոսին հեռարձակված հաղորդումների ընթացքում բռնության կոչեր են հնչեցրել Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ»։
Գրեթե նույն ժամանակ Ռուսաստանից արտաքսվել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը։ Նա հունիսին ձերբակալվել էր, պահվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում, իսկ օգոստոսի 17-ին արտաքսվել Ադրբեջան։ Այս նոր սրումը, թերևս, կարելի է դիտարկել վերջին երկու տարում կուտակված հակասությունների համատեքստում։
Դրանցից ամենածանրը սկսվեց 2024 թվականի դեկտեմբերի 25-ին։ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի ինքնաթիռը վնասվեց Ռուսաստանի օդային տարածքում և կործանվեց Ակտաուի մոտ։ Զոհվեց 38 մարդ։ Բաքուն պնդում էր, որ ինքնաթիռը վնասվել է ռուսական հակաօդային պաշտպանության գործողության հետևանքով։ Միայն մոտ մեկ տարի անց՝ 2025 թվականի հոկտեմբերին, Վլադիմիր Պուտինն ընդունեց ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի գործողության դերը ողբերգության մեջ, իսկ 2026-ի ապրիլին կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել վթարից բխող հարցերի, այդ թվում՝ փոխհատուցման կարգավորման շուրջ։
Սակայն AZAL-ի հարցի կարգավորումը չվերացրեց մյուս հակասությունները։ 2025-ի հունիսին Եկատերինբուրգում ռուս իրավապահների գործողության հետևանքով երկու էթնիկ ադրբեջանցի մահացավ։ Բաքուն հայտարարեց, որ ձերբակալվածների նկատմամբ բռնություն և խոշտանգումներ են կիրառվել։ Մոսկվան այդ մեղադրանքները հերքեց։
Դրանից հետո Ադրբեջանում խուզարկվեց ռուսական «Սպուտնիկ»-ի գրասենյակը, ձերբակալվեցին ռուսաստանցիներ, և երկու երկրները սկսեցին փոխադարձ քայլեր ձեռնարկել։
«Քարնեգի» կենտրոնի վերլուծաբան Բաշիր Կիտաչաևի գնահատմամբ՝
«Բաքուն Մոսկվայի հետ հակամարտությունից փորձում է քաղաքական միավորներ հավաքել, բայց նաև խուսափում է այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։ Բայց Ադրբեջանը դա անում է այնքան, որքան թույլ է տալիս Ռուսաստանը պահել որպես կարևոր տնտեսական գործընկեր»։
Փորձագետները հենց սա են համարում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հիմնական հակասությունը։ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարևոր տնտեսական և տարանցիկ գործընկեր է, իսկ Բաքուն, չնայած Մոսկվայի հետ հակասություններին, չի գնում հարաբերությունների լիակատար խզման։ Դրա համար էլ նախորդ ճգնաժամից հետո կողմերը վերադարձան բանակցությունների սեղանի շուրջ, իսկ AZAL-ի հարցը մտավ կարգավորման փուլ։
Հիմա՝ նոր սրում։ Այս անգամ ճնշման գործիք են դառնում մարդիկ․ Բաքուն հետախուզում է հայտարարում երեք ռուսաստանցու նկատմամբ, Մոսկվան արտաքսում է ադրբեջանական համայնքի ղեկավարին։ Թեև այս քայլերի միջև ուղղակի կապը դեռ հաստատված չէ, դրանք ցույց են տալիս, որ հարաբերություններում փոխադարձ ճնշումների մեխանիզմը չի վերացել։
«Քարնեգի» կենտրոնի վերլուծաբան Կիտաչաև․ «Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են կոշտ հակամարտել, բայց միաժամանակ պահպանել իրենց հիմնական տնտեսական կապերը»։
Բայց AZAL-ի ողբերգությունը, Եկատերինբուրգի դեպքերը, «Սպուտնիկ»-ի շուրջ հակամարտությունը, փոխադարձ ձերբակալություններն ու այժմ՝ նոր հետախուզումներն ու արտաքսումը, ցույց են տալիս, որ հարաբերությունները շարունակում են զարգանալ նույն տրամաբանությամբ՝ սրում, պատասխան քայլ, բանակցություն և ժամանակավոր թուլացում։
Մյուս կարևոր գործոնը Եվրոպայի էներգետիկ շուկան է։ Ուկրաինայի պատերազմից հետո, երբ Եվրոպան կրճատում է կախվածությունը ռուսական գազից, Ադրբեջանը փորձում է զբաղեցնել այդ շուկայում Մոսկվայի նախկին ազդեցության մի մասը։ Բաքվի համար «Հարավային գազային միջանցքը» ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի․ ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա աճում են, իսկ ԵՄ-ն Ադրբեջանին դիտարկում է որպես ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու կարևոր գործընկեր։