Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի առաջադրման հարցի քննարկումը անցավ սուր հարցադրումներով։ Ընդդիմադիր և իշխանական պատգամավորները վիճեցին մարդու իրավունքների, Արթուր Սարգսյանի գործի, Մարտի 1-ի դեպքերի և անգամ Ուսամա բեն Լադենի մասին։ Այնուհետև խորհրդարանն անցավ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկմանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնին առաջադրել էր Լուսինե Բադալյանին։
Խորհրդարանը օգոստոսի 18-ին քննարկում էր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը։ Այս պաշտոնը Դոնթի բանաձևով հատկացվել է «Հայաստան» խմբակցությանը։ Ըստ այդմ՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լիլիթ Գալստյանն է։ Նրան ներկայացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը զեկուցողին հիշեցրեց, որ երբ պատգամավորներից մեկը ելույթի ժամանակ Լիլիթ Գալստյանին հարց է տվել, նա արհամարհական կերպով դուրս է եկել նիստերի դահլիճից․
— Մի մարդ, ով այսպիսի վերաբերմունք ունի իր գործընկերների նկատմամբ, կարո՞ղ է լինել հանձնաժողովի նախագահ»։
— Սա քաղաքական հարթակ է, քեֆի սեղանի շուրջ նստած չենք, որ մեկը կենաց է ասում, երեք հոգի չեն լսում, մենք էլ համարենք՝ վայ, արհամարհեցին, այդ կենացը չլսեցինք։ Քաղաքական կեցվածք է, որևէ կոպիտ խոսք չի հնչում։ Այս դահլիճում կան մարդիկ, որոնց ֆիզիկապես ուղղակի չեմ ցանկանում լսել։ Դուրս եմ գալիս դահլիճից։
Այնուհետև Լիլիթ Գալստյանն անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրների։ Առանձնացրեց Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանության հարցը՝ շեշտելով արդար դատաքննության իրավունքի ապահովման անհրաժեշտությունը։
Գալստյանը խոսեց նաև «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի մասին, որը խափանման միջոցի կիրառման պատճառով չի կարողանում մասնակցել ԱԺ նիստերին․
«Այս դահլիճում, իմ գործընկեր, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի բացակայությունը ընտրական իրավունքի կոպտագույն խախտում է, նաև դատաիրավական համակարգի քաղաքական կախվածության բացահայտ դրսևորում»։
Լիլիթ Գալստյանը ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքը։
Ընդմիջումից հետո Գալստյանը պատասխանեց պատգամավորների հարցերին։
Դրանցից մեկը վերաբերում էր Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի վերջին հրապարակումներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյան.
— Օրինակ, եթե Դուք ընտրվեք այս հանձնաժողովի նախագահ և Մարտի 1-ի դեպքերի հետ կապված անհրաժեշտություն լինի հանրային լսումներ կազմակերպել, որտեղ, բնականաբար, Դուք պետք է հանդես գաք ոչ միայն բացման խոսքով, այլև ամփոփիչ խոսքով։ Արդյո՞ք ձեր քաղաքական կողմնորոշվածությունը չի կաշկանդի Ձեզ։
— Մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքական կոորդինատ և այլ կոորդինատներ չի ճանաչում։ Մարդու իրավունքների պաշտպանությունը վեր է այդ ամենից։

Պատգամավորները հարցեր ունեին նաև «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի գործով Գալստյանի գնահատականների վերաբերյալ։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը հանձնաժողովի նախագահի թեկնածուին հարցրեց, թե արդյոք նա նույն գնահատականը կտար, եթե, օրինակ, բեն Լադենը դատապարտված լիներ Հայաստանում․
— Որ Ուսամա բեն Լադենը ՀՀ-ում դատապարտված լիներ, արդար անվանելու՞ էիք»։
— Իմ ու քննչական մարմնի, իմ և դատախազության հանգամանքները և մասնագիտական պատասխանատվությունը սարեր-ձորեր, Մարիանյան իջվածքի խորությամբ տարբեր են։ Այն պատասխանատվությունը, որ ես կարող եմ ունենալ իմ հրապարակային տեքստը մոնտաժելու և սոցիալական ցանցերում տեղադրելու հետ, բոլորովին համեմատելի չէ դատախազության, քննչական կոմիտեի հրապարակած ցուցմունքների հետ։
Խորհրդարանը վաղը ևս կշարունակի քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Հերթը առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովինն է։