Ռիելթորներին մինչև 500-ապատիկ տուգանք է սպառնում․ ի՞նչ դեպքերի մասին է խոսքը

2027 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ կմտնեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացումները, որոնցով վարչական պատասխանատվություն է սահմանվում ռիելթորական և անշարժ գույքի կառավարման գործունեության ոլորտում մի շարք խախտումների համար։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, nոր կարգավորումները վերաբերում են ինչպես ռիելթորական կազմակերպություններին և անշարժ գույքի կառավարման կազմակերպություններին, այնպես էլ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորներին և անշարժ գույքի կառավարիչներին։

Պայմանագիրը և գույքի տվյալները համակարգ չմուտքագրելու դեպքում՝ տուգանք

Ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո այն և պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունները պետք է միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Այս պահանջը չկատարելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։

Եթե նույն խախտումը կրկին կատարվի վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, տուգանքի չափը կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը։

Առանց պայմանագրի ռիելթորական ծառայություն մատուցելու դեպքում

Նոր կարգավորմամբ վարչական պատասխանատվություն է նախատեսվում նաև այն դեպքերի համար, երբ ռիելթորական կազմակերպությունը, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը կամ համապատասխան անհատ ձեռնարկատերը ռիելթորական ծառայություն է մատուցում առանց ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու։

Այս դեպքում տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը։

Խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում նախատեսվում է 200-ապատիկի չափով տուգանք։

Առանց հաշվառման ռիելթորական գործունեություն իրականացնելու դեպքում

Առավել խիստ պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքի համար, երբ ռիելթորական կազմակերպությունը, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ռիելթորը կամ անշարժ գույքի կառավարիչը ռիելթորական ծառայություններ է մատուցում առանց լիազոր մարմնում հաշվառման։

Առաջին խախտման դեպքում տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի 300-ապատիկը։

Եթե նույն արարքը կրկնվի վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, տուգանքը կկազմի արդեն 500-ապատիկ։

Ո՞վ է քննելու խախտումների վերաբերյալ գործերը

169.37-169.39-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու լիազորություն կունենա ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը։

Նշված փոփոխությունները սահմանվել են 2025 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրված ՀՕ-394-Ն օրենքով և ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունիսի 1-ից։

Այսինքն՝ նոր կարգավորումներով ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են լինելու ուշադրություն դարձնել ինչպես պայմանագրերի կնքմանն ու դրանց վերաբերյալ տվյալների մուտքագրմանը, այնպես էլ ոլորտում գործունեություն իրականացնելու համար նախատեսված հաշվառման պահանջին, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում 1. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Ծանուցում 2. սույն նյութի պատկերը գեներացվել է արհեստական բանականության գործիքակազմի օգնությամբ։

Leave a Comment