ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ևս 60 օրով երկարաձգել հրադադարի ռեժիմը։ Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վաշինգտոնը և Թեհրանը պաշտոնապես այդ մասին չեն հայտնել։ Դրանից ոչ շատ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «թիվ մեկ նպատակը եղել և լինելու է ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա»։
Հունիսի կեսերին Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Այն նախատեսում էր 60-օրյա հրադադար և վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցություններ։ Հրադադարի այդ ռեժիմը գործում էր մինչև օգոստոսի 17-ը։
Փաստաթղթի ստորագրումից մոտ 20 օր անց ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի ուղղությամբ հարվածները։ Ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը փաստացի այլևս չի գործում։ Այդուհանդերձ, հարվածները շուտով դադարեցվեցին։ The New York Times-ի տվյալներով՝ Թրամփը որոշել է հրաժարվել Իրանի դեմ հետագա հարվածներից, քանի որ նրա վարչակազմը մտահոգություններ ունի, որ Իսլամական Հանրապետության պատասխան հարձակումների դեպքում կարող են սպառվել Մերձավոր Արևելքում ամերիկյան հակաօդային պաշտպանության միջոցները:
Լուսանկարը՝ Ali Haider/EPA
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter