Վերջին օրերին համացանցում լայնորեն քննարկվում է արմավիրցի անօթևան հայր ու որդու պատմությունը։ Սոցիալական ծանր պայմաններում հայտնված 59-ամյա որդին այժմ վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, իսկ հայրը տեղափոխվել է խնամքի կենտրոն։ Ըստ սոցիալական կազմակերպության տեղեկությունների՝ ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է հայտնվել որդու խաղամոլության, կուտակած պարտքերի և ունեցվածքի կորստի հետևանքով։ Պաշտոնական կառույցներից հայտնում են, որ ամիսներ առաջ նրանց առաջարկվել է տեղափոխվել խնամքի հաստատություն, սակայն նրանք հրաժարվել են։
Օգոստոսի 14-ին համացանցային աղմկոտ քննարկումների կենտրոնում հայտնված 59-ամյա տղամարդը թերսնված և գերհյուծված վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Կլինիկայում հետազոտվել է, և այդ պահին լաբորատոր հետազոտություններով էական շեղումներ չեն հայտնաբերվել՝ «Ռադիոլուրին» ասում է «Արմավիր» բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Դավիթ Գևորգյանը։
«Ընդհանուր լաբորատոր անալիզները եղել են բավարար, այդ պահին բժշկական հատուկ միջոցառման կարիք չի ունեցել, շեղումներ չեն գրանցվել։ Իր հետ եղել է նաև հայրը, որը կերակրել ու խոսել է։ Բուժառուն եղել է շատ ոչ հիգիենիկ վիճակում։ Մենք ցուցում ենք տվել, որ տեղափոխեն խնամքի կենտրոն»։
Ժամեր անց 59-ամյա տղամարդը տեղափոխվել է Երևան, իսկ ավելի ուշ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Համացանցում բուռն քննարկումներ են՝ ինչպե՞ս են նրանք մնացել սոցիալական ծառայությունների տեսադաշտից դուրս, և ինչո՞ւ նրանց նկատմամբ խնամքի միջոցներ չեն կիրառվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը պարզաբանում է՝
«Մի քանի ամիս առաջ իրենք այցելել են ՄՍԾ տարածքային կենտրոն, իրենց առաջարկվել է տեղափոխվել խնամքի հաստատություն, որից իրենք գրավոր հրաժարվել են, որից հետո, կոնկրետ վերջին դեպքը, ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակումից հետո է տնայց կազմակերպվել։ Հիմա հայրը տեղափոխվել է մասնավոր խնամքի կենտրոն, իսկ որդին՝ հիվանդանոցում է»։

59-ամյա տղամարդն այժմ Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Ծատրյանի փոխանցմամբ՝ տղամարդն ունի համալիր առողջական խնդիրներ։ Իսկ նրա հոր առողջական վիճակը բավարար է, նա դուրս է գրվել հիվանդանոցից և վերցվել դիսպանսեր հսկողության։
Ովքե՞ր են այս տղամարդիկ, և ինչպե՞ս են հայտնվել նման ծանր վիճակում։ «Ռադիոլուրի» տեղեկություններով՝ նրանք Արմավիրի բնակիչներ՝ Հ․ և Հ․ Սարգսյաններն են՝ հայր և որդի։ Գյումրու «Հանուն ձեր ապագայի» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիր Արկադի Կիրակոսյանի տեղեկություններով՝ տղամարդիկ տարիներով կուտակված պարտքերի պատճառով մեկուսացել են շրջապատից և պարբերաբար փոխել բնակության վայրը։ Նրա խոսքով՝ պարտքերի պատճառներից մեկը որդու խաղամոլությունն ու հարբեցողությունն են, ինչի հետևանքով կորցրել է ունեցվածքը և դարձել անօթևան։
Վերջին շրջանում հայր ու որդի բնակվել են Արմավիրի կիսակառույց շենքերից մեկի նկուղում, որտեղ էլ հայտնաբերվել է գերհյուծված 59-ամյա տղամարդը։ Նրանց մասին սոցիալական կազմակերպությանը ահազանգել է ֆեյսբուքյան օգտատեր, ինչից հետո կազմակերպությունն ու պետական կառույցները ձեռնարկել են միջոցներ։ Արկադի Կիրակոսյանը ներկայացնում է իրավիճակը։
«Ունեցել է հսկայական պարտքեր, և իրենք իրենց մեկուսացրել են հասարակությունից, որպեսզի իրենց չգտնեն, փախել են տարբեր տեղեր։ Տարածքային սոցիալական ծառայողները չէին կարող իրենց հայտնաբերել, նույնիսկ այդ օրը՝ ամսի 14-ին, ես իրենց առաջարկեցի տեղափոխել խնամքի կենտրոն՝ հրաժարվեցին։ 59-ամյա տղամարդու կինը բաժանվել է, երեխաներ ունի, որից տեղեկություններ չունեմ, քույր ունի, իսկ պապիկը՝ եղբայր»։
Այս մարդկանց մասին պատմությունը համացանցում տարածվել էր տեսանյութերի միջոցով, դարձել ծանր քննարկումների ու պատկան կառույցների մեղադրանքի թեմա։ Պետական մարմինները շեշտում են՝ նրանց ամիսներ առաջ առաջարկվել է տեղափոխվել խնամքի հաստատություն, սակայն այդ առաջարկից նրանք գրավոր հրաժարվել են: Այս պահին մտահոգիչ է մնում 59-ամյա տղամարդու առողջական վիճակը։ Իսկ նրա հայրը խնամքի հաստատությունում է, վիճակը՝ բավարար։