Արմավիրի գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով լուծել դեղձի իրացման խնդիրը

Արմավիրի մարզի մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա են անցկացրել և փակել ճանապարհը՝ պահանջելով լուծել դեղձի բերքի իրացման խնդիրը։ Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի YouTube ալիքում։

Գյուղացիների խոսքով՝ բերքի մի մասը մնում է ծառերին և թափվում է, քանի որ մթերողները մեկ կիլոգրամ դեղձի դիմաց առաջարկում են մոտ 100 դրամ։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ շուրջ 90 տոննա բերք ունի, որի մի մասն արդեն չի հասցնում հավաքել և իրացնել։

«Այսօր արդեն 15 տոննա ընկած է գետնին, վաղը կլինի 30 տոննա։ Ամեն օր բերքը թափվում է»,- ասել է նա։

Գյուղացիները պահանջել են հանդիպում Արմավիրի մարզպետի հետ՝ իրավիճակը ներկայացնելու և հնարավոր լուծումները քննարկելու համար։ Նրանք նաև առաջարկել են պետական աջակցությունը տրամադրել ոչ միայն արտահանողներին, այլև անմիջապես արտադրողներին։ Ակցիայի մասնակիցներից մեկի կարծիքով՝ սուբսիդիաների մի մասը գյուղացիներին ուղղելու դեպքում հնարավոր կլինի բարձրացնել մթերման գինը։

Ավելիո ուշ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։ Նա հայտնել է, որ խնդիրը քննարկվում է մարզային իշխանությունների և Էկոնոմիկայի նախարարության հետ։

Սարգսյանի խոսքով՝ դիտարկվում է դեղձի բերքի իրացման գործընթացում չրարտադրողներին, արտահանողներին և վերամշակող ընկերություններին ներգրավելու հնարավորությունը։

«Մարզպետն այս պահին հանդիպում է չրարտադրող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հարցը քննարկվում է նաև Էկոնոմիկայի նախարարության հետ։ Վստահ եմ՝ հարցը կլուծվի»,- ասել է համայնքապետը։

Նա նշել է, որ իշխանությունները ջանքեր են գործադրում գյուղացիներին խնդրի հետ միայնակ չթողնելու համար։ Համայնքապետի գնահատմամբ՝ վերամշակողների ներգրավումը կմեծացնի մրցակցությունը և կարող է նպաստել մթերման գնի բարձրացմանը։

Սարգսյանն առաջարկել է գյուղացիներին երեկոյան կրկին հանդիպել՝ կառավարության և համապատասխան կառույցների հետ քննարկումների արդյունքները ներկայացնելու համար։

Ակցիայի մասնակիցների մի մասը, սակայն, հայտարարել է, որ չի վստահում իշխանությունների խոստումներին և մտավախություն ունի, որ մինչև որոշման ընդունումը բերքի զգալի մասը կկորչի։

«Մենք կարող ենք սպասել, բայց ծառի բերքը սպասել չի կարող»,- ասել է գյուղացիներից մեկը։

Մեկ այլ մասնակից զգուշացրել է, որ եթե մինչև հաջորդ օրը հստակ լուծում չառաջարկվի, գյուղացիները կրկին կփակեն ճանապարհը։

Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ։ Մասնավորապես՝ հունիսի 2-ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից Ռուսաստան դեղձի և նեկտարինի ներմուծումը՝ դա հիմնավորելով բուսասանիտարական պահանջների խախտումների հաճախացմամբ։

Սահմանափակումներից հետո կառավարությունը երկարաձգել էր արտահանողներին փոխհատուցման ծրագիրը նաև օգոստոսի համար։ Ծրագրով արտահանված դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր կիլոգրամի համար նախատեսվել է 200 դրամ փոխհատուցում։ Ակցիայի մասնակիցները, սակայն, պահանջում են, որ աջակցությունը տրամադրվի նաև անմիջապես գյուղարտադրողներին, ոչ միայն արտահանողներին։

Leave a Comment