17 Օգոստոսի 2026, 16:04
Forbes-ի կողմից «Աշխարհը նվաճած 50 ռուսաստանցիների» ցանկում ընդգրկված, աշխարհահռչակ գիտնական, քիմիկոս-բյուրեղագետ, Սկոլտեխի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Եվրոպական ակադեմիայի անդամ Արտյոմ Օհանովը դարձել է «Journal of Materials Informatics» գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Այս մասին անվանի գիտնականը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։
Օհանովը ծնվել է 1975 թվականին Ուկրաինայում հայ-հրեական ընտանիքում։ Հայրը թբիլիսահայ է, նրա արմատները գալիս են Ղարաբաղից, իսկ մայրը հրեա է։
Արտյոմ Օհանովը համաշխարհային մակարդակի գիտնական է և մոլորակի ամենապահանջված պրոֆեսորներից մեկը։ Նա դասախոսում է աշխարհի առաջատար համալսարաններում, շատ է ճանապարհորդում և տիրապետում է հինգ լեզուների:
Օհանովը նաև բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, իսկ «Toyota», «Fujitsu» և «Intel» ընկերությունները նոր նյութերի մշակման ժամանակ օգտագործում են նրա մեթոդը։